Մատչելիության հղումներ

Կարանտինի կանոնների պահպանումը՝ հոգեբանական ֆենոմեն


Ուսանողները չինական դպրոցներում պարտադիր դիմակ են կրում, Շանհայ, 7-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտենում է 20 միլիոն 700 հազարին, մահացել է մոտ 750 հազար մարդ:

Վիրուսով ախտահարված Երկիր մոլորակի հարյուրավոր պետություններում սահմանվել է կարանտին, գործում են արգելքներ, մարդկանց պարտադրում են կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն, և ի հայտ է գալիս ուշագրավ միտում՝ աշխարհի մի հատվածում պահպանում են կանոնները, մյուսում սկսում են դիմադրել:

Ընդ որում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր հավատում են դավադրապաշտական թեզերին, համոզված են, թե կորոնավիրուսը հորինել են բոլորին չիպավորելու մասին երազող Ջորջ Սորոսը կամ Բիլ Գեյթսը: Կանոնները մերժում են նաև միանգամայն ադեկվատ մարդիկ, ովքեր ընդունում են վիրուսի գոյությունը և վարակվելու ցանկություն չունեն:

Բայց այդ դեպքում ինչո՞ւ է այդքան ուժեղ դիմադրությունը դիմակների կամ սոցիալական հեռավորության նկատմամբ:

Համավարակը պարտադրում է օրենքներ և կարգավորումներ, որոնք հակասում են ազատության մասին մարդու պատկերացումներին և ստեղծում են սոցիալական նոր չափանիշներ, այն, ինչ արդեն անվանում են «նոր նորմ»:

Սա ֆենոմեն է, որն ուսումնասիրում են հոգեբանները, մշակութաբանները, մարդ արարածի վարքն ուսումնասիրող բիհեվիորիստները:

Կանոն խախտելը նոր երևույթ չէ և պատճառաբանվում է մշակութային, դեմոգրաֆիական, հոգեբանական կամ սոցիալական բազում հանգամանքներով: Նյու Յորքի համալսարանի հոգեբանության և նեյրոգիտության բաժնի պրոֆեսոր Ջեյ Վան Բեյվելն այս ֆենոմենն անվանում է «անհատականությունն ընդդեմ կոլեկտիվիզմի»:

«Առանցքային մշակութային գործոնը անհատականության և կոլեկտիվիզմի հակասությունն է: Մի շարք երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրիտանիայում գերիշխողն անհատականությունն է, ինքնությունդ արտահայտելու և հաստատելու ձգտումը: Այդ հասարակություններում մարդիկ ավելի քիչ են մերվում պարտադրանքի հետ և ավելի են հակված խախտել կանոնը», - նշում է պրոֆեսորը:

Նրա փոխանցմամբ, Արևելյան Ասիան կոլեկտիվիզմ դավանող և հանրային վարքի կանոններն ընդունող շրջանի վառ օրինակ է: «Անտեղ մարդիկ ավելի են հակված անել այն, ինչ ուրիշներն են անում», - ասում է պրոֆեսորը:

ԱՄՆ-ում դիմակների և սոցիալական հեռավորության դեմ բողոքի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել:

«Սա Ամերիկան է, ամոթ, ամոթ», - վանկարկելով փողոցներով քայլում են մարդիկ, ովքեր վիրավորական են համարում կարանտինն ու դրանից բխող արգելքները:

Օրենսդիրների մասնակցությամբ հանրային քննարկումներում նույնիսկ այսպիսի հարց-կշտամբանք է հնչեցվում. - «Դուք ո՞վ եք, որ ինձ ստիպեք դիմակ կրել, որ սահմանափակեք ազատ շնչելու իմ իրավունքը, Աստված ինձ տվել է շնչելու իրավունք, դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ես թթվածին ինչքան պետք է ստանամ»:

Նյույորքցի պրոֆեսոր Բեյվելն անդրադառնում է նաև քաղաքական խնդրին:

«Կա քաղաքական կողմն էլ, Միացյալ Նահանգներում և այն երկրներում, որտեղ հասարակությունը բևեռացված է, կան կուսակցական բաժանումներ, եթե մարդիկ սատարում են մի կուսակցությանն, ապա, որպես կանոն, մերժում են մյուս կուսակցության տեսակետը, այդպես է Ամերիկայում և այնտեղ, որտեղ բևեռացման մշակույթ է, հանրությունը կարծես երկու մասի է բաժանվում», - ասում է պրոֆեսորը:

Ի դեպ, այս ֆենոմենն ինչ-որ առումով կա նաև Հայաստանում, եթե քաղաքական դաշտում մի ճամբարից ասեն «դիմակ կրեք և սոցիալական հեռավորություն պահպանեք», մյուս ճամբարից մեկն անմիջապես կարձագանքի, թե սկզբունքորեն դիմակ չի կրի, կպահանջի ապահովել իր անձնական ազատությունը և կահազանգի դիկտատուրայի վտանգի մասին:

Հավանաբար, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Վիետնամում և Արևելյան Ասիայի այլ երկրներում կորոնավիրուսի թվերն Արևմուտքի համեմատությամբ ավելի նվազ են հենց շնորհիվ ամբողջ կոլեկտիվով կանոնները պահպանելու:

Բայց մարդու վարքն այս հարցում որոշվում է ոչ միայն մշակութային, ազգային կամ քաղաքական, այլև զուտ հոգեբանական հանգամանքով, որովհետև շփումը մարդու բնազդներից է:

«Մեր մարմինը և ուղեղը այնպես են գործում, որ մենք շփվենք, համավարակը շատ առումներով հակասում է մեր այդ բնազդին, ինչո՞ւ է վիրուսը հատկապես արագ տարածվում մեծ միջոցառման ժամանակ: Որովհետև մարդը սոցիալական էակ է, մենք հավաքվում ենք կրոնական ծեսի, հարսանիքի, խնջույքի, որովհետև շատ ծանր ենք տանում սահմանափակումները, ցանկանում ենք հանդիպել միմյանց և սոցիալական շփման մեջ լինել», - ասում է հոգեբանության պրոֆեսոր Ջեյ Վան Բեյվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG