Մատչելիության հղումներ

ԱՆ ներկայացուցչի խոսքով` զգոնությունը դեռ չպետք է նվազեցնել, «վաղ է ասել, թե համաճարակը մարում է»


Հայաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք, առողջացել է 452 մարդ։ Մահվան դեպքերը հինգն են, մահացած պացիենտները 46-89 տարեկան են եղել։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում մարտից ի վեր կորոնավիրուսից 777 մարդ է մահացել, ևս 228 մահվան դեպք է արձանագրվել, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այսպիսով, Առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 39 հազար 985-ի, որոնցից 32 հազար 8-ն` առողջացած:

Այժմ տանը կամ հիվանդանոցներում փաստացի բուժում է ստանում 6 հազար 972 պացիենտ: Թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 172 հազար 994, որից 1394-ն արվել են վերջին 24 ժամում, նախորդ օրն արվել էր ավելի շատ` 1589 թեստ։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Լիլիթ Բաբախանյանը «Ազատությանը» փոխանցեց` ցուցում ունեցող բոլոր քաղաքացիները թեստավորվում են. - «Կարող է այս 2 օրը, վերջին օրերին մի քիչ ավելի քիչ, բայց միջինում արվում է շուրջ 1500 թեստավորում` կախված դիմելիության, կոնտակտավորների հայտնաբերման հետ»:

Նախարարությունից տեղեկացնում են` այս պահին հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան, նոր դեպքերի նվազմանը զուգահեռ կրճատվել է այն բուժհաստատությունների թիվը, որոնք բուժում էին Covid-19-ով վարակվածներին. - «Արդեն, որ չեն սպասարկում, առաջ 20-ն էր, բայց արդեն մի քանի օր է` մի քանիսն արդեն էլ չեն սպասարկում և՛ Երևանում, և՛ մարզերում: Այս պահին 15-ն են»:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի կարծիքով՝ վարակի նվազման միտում կա, բայց դա չպետք է զգոնության նվազման պատճառ դառնա, քանի որ դեռ վաղ է ասել, որ համաճարակը մարում է։ Ասում է՝ դրական միտումն ավելի շուտ ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումների արդյունք է. - «Օբյեկտիվ պետք է լինենք, և՛ դիմակների կրումն է ավելի դարձել կարգապահ, ավելի է կիրառվում, և՛ մյուս բաներն են ավելի կարգապահ. նույն այդ հանգստյան վայրերում ես վստահ եմ, որ բավականին հետամուտ են լինում նման պահանջների կատարմանը»:

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտարարել էր, որ մարտից հայտարարված ու օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրությունը ևս մեկ և հավանաբար վերջին անգամ մեկ ամսով կերկարաձգվի, սակայն էական փոփոխություններ կկատարվեն՝ իշխանությունները կվերանայեն օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունները, ապրանքների արտահանմանն առնչվող, հանրահավաքների ու հանրային միջոցառումների անցկացման հարցերը: Սահմանափակումների մեղմացումները նոր բռնկման կարո՞ղ են հանգեցնել, հետաքրքրվեցինք Նունե Բակունցից: «Այն, ինչ որ մեղմացվելու է, կամ այն գործողությունները, որոնք վերաբացվելու են, դրանք վերաբացվելու են նոր պայմաններով, կանխարգելիչ միջոցառումներով, որոշակի իրենց գործունեության ձևի, իրականացման փոփոխություններով, որոնք նվազեցնեն կամ չեզոքացնեն վարակի տարածման ռիսկը», - պատասխանեց նա:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG