Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցն անընդունելի է համարում Փաշինյանի շտապ շնորհավորանքը Լուկաշենկոյին, Ռուբինյանն անընդունելի ոչինչ չի տեսնում


Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն, հաջողություն, ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական տեքստում, մասնավորապես, ասված է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»:

Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործեն երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:

Վեցերորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորող երկրների թվում Հայաստանն առաջիններից է: Ցանկում նաև Ռուսաստանն է, Չինաստանն ու Ադրբեջանը:

Չնայած պաշտոնական տվյալներով Լուկաշենկոն անվերապահ հաղթանակ է տարել, նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների արդյունքները, բազմահազար քաղաքացիներ բողոքի են դուրս եկել:

Նման պայմաններում հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի շտապ շնորհավորանքը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անընդունելի է համարում: Իրավապաշտպանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի պետություն, որի վարչապետը շնորհավորում է բռնապետ Լուկաշենկոյին, ապա ոնց կարող է նույն արարքի համար քրեական հետապնդում իրականացնի Ռ. Քոչարյանի նկատմամբ: Սա արժեքների ու սկզբունքների կատարյալ անախրոնիզմ է..... Սա ուղղակի աբսուրդ է...»:

«Այն իրավիճակը, որ հիմա Բելառուսում տիրում է՝ հազարավոր մարդկանց ապօրինի ազատազրկման են ենթարկում, բռնությունների են ենթարկում, ռետինե գնդակներով են կրակում նրանց վրա, զանգվածային մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թե՛ ընդդիմադիրների, թե՛ քաղաքացիների, թե՛ իրավապաշտպանների նկատմամբ, նման իրավիճակում, որն ամբողջությամբ հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ը, չի կարող ժողովրդավարական պետության ղեկավարը նման պայմաններում մինչ պաշտոնական գոնե տվյալների տարածումը շնորհավորի: Իսկ եթե ինչ-որ ձևով փորձում է վերաբերմունք արտահայտի, ապա գոնե մտահոգություն էլ պետք է արտահայտվի մարդու իրավունքների խախտումների փաստով և կոչ անի, որ բոլոր հարցերը լուծվեն իրավունքի գերակայության սկզբունքի պահպանության շրջանակում: Բայց ինքնին, երբ որ Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է, դու շնորհավորում ես, էդ դեպքում հարց է ծագում. Մարտի 1-ի գործով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հենց նույն գործողությունների համար է կատարվել: Բելառուսում հիմա տեղի է ունենում սահմանադրական կարգի բռնի զավթում», - ասաց Սաքունցը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անընդունելի ոչինչ չի տեսնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին:

«Ես գնահատական չեմ տա այդ գնահատականներին, ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունները ներքին քաղաքականության հետ տարբերություն ունեն: Միջազգային գործընկերությունը, պետությունների ղեկավարների փոխհարաբերությունները այլ մակարդակ ունեն և այլ կոմպոնենտներ ունեն», - նշեց Ռուբինյանը:

Պաշտոնական տվյալներով շուրջ 26 տարի Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում 79,7 տոկոսով հաղթել է Սվետլանա Տիխանովսկայային, վերջինս հավաքել է 6,8 տոկոս:

Տիխանովսկայայի ամուսինը Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր և այժմ ազատազրկված է: Ամուսնու ձերբակալությունից հետ Տիխանովսկայան հասցրել է գրանցվել որպես նախագահի թեկնածու, ընտրությունների հաջորդ օրվանից Բելառուսի մայրաքաղաքում և տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են, իրավիճակն այսօր էլ շարունակում է մնալ լարված: Իրավապահները ռետինե փամփուշտներ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել: Տեղի ունեցած բախումների հետևանքով կան տուժածներ:

XS
SM
MD
LG