Մատչելիության հղումներ

Բելառուսի բանակը աջակցություն է հայտնում Լուկաշենկոյին․ընդդիմությունը զինվորականներին կոչ է անում չեզոքություն պահպանել


Բելառուսում այսօր մեկնարկել է վաղաժամ քվեարկությունը

Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Բելառուսի Զինված ուժերը իրենց աջակցությունն են հայտնում Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Բելառուսական բանակի սպայակազմի՝ նախօրեին Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորաբար կարդում ենք․ - «Մենք գիտակցում ենք, որ աշխահում ոչ բոլորին են դուր գալիս այն հաջողությունները, որոնց հասել է Բելառուսը։ Այդ իսկ պատճառով այսօր մեր պետության ներքին գործերին միջամտելու փորձեր են իրականացվում, որոնց նպատակը Բելառուսում իրավիճակի ապակայունացումն է։ Դա սակայն հեռանկար չունի։ Մենք բելառուսներ ենք և ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը։ Բելառուսի բանակը հպարտանում է իր Գերագույն գլխավոր հրամանատարով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյով, և հենց նրա ղեկավարությամբ է հետագայում ևս պաշտպանելու երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանադրական կարգի անքակտելիությունը»։

Բելառուս ընդդիմադիրների համոզմամբ սակայն, այս հայտարարության ի հայտ գալը քվեարկությունից առաջ երկրի քաղաքացիներին ահաբեկելու, ինչպես նաև բանակային հրամանատարությանը Լուկաշենկոյի կողմից իշխանությունը պահելու անօրինական ծրագրերում ներգրավելու նպատակ ունի։

Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր ընդդիմախոսներից մեկը՝ նախագահի պաշտոնում առաջադրված, սակայն այդպես էլ ԿԸՀ-ի կողմից չգրանցված Վալերի Ցեպկալոն, որն այժմ գտնվում է Կիևում, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության եթերում նշում է, որ ընդդիմադիրները պատրաստվում են առաջիկա օրերին սեփական հայտարարությամբ դիմել Բելառուսի ուժային կառույցներին, նախևառաջ բանակին՝ կոչ անելով հնարավոր հետընտրական զարգացումների դեպքում չեզոքություն պահպանել։

«Դա դիմում կլինի ուղղված բանակին, որին փորձում են ստիպել, որպեսզի իր գոյության ընթացքում առաջին մարտական գործողությունները վարի ոչ թե հանուն ազգային ինքնիշխանության և ազգային արժեքների, այլ ընդդեմ Բելառուսի ժողովրդի։ Եթե բանակն այնումանայնիվ դիմի նման քայլի, ապա երբեք չի կարողանա մաքրվել այդ խարանից։ Բացարձակապես անհրաժեշտ չէ, որպեսզի զինվորականները իրենց հավատարմությունը հայտնեն Լուկաշենկոյին։ Նրանց երդման տեքստում, ոչ էլ օրենքներից որևէ մեկում այդ ազգանունը հիշատակված չէ, - հայտարարում էր Ցեպկալոն։

Նախագահական ընտրություններին Բելառուսում մնացել է ընդամենը չորս օր, և ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի, որ այս անգամ էլ իշխանությունները կփորձեն ավանդական մեթոդներով՝ լցոնումներով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ ապահովել Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը։

Երեկ Բելառուսի ավելի քան հինգ հազար ընտրատեղամասերում մեկնարկեց վաղաժամ քվեարկությունը։ Բազմաթիվ տեղամասերում սակայն անկախ դիտորդներին այդպես էլ հնարավորություն չտրվեց հետևել դրա ընթացքին, ինչն է՛լ ավելի խորացրեց ընդդիմադիրների կասկածները։ Դա էր պատճառը, որ ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կոչ արեց իր կողմնակիցներին վաղաժամ քվեարկությանը չմասնակցել, տեղամասեր գնալ բացառապես օգոստոսի 9-ին։

«Ես կոչ եմ անում ձեզ՝ մի՛ գնացեք վաղաժամ քվեարկության։ Տեղամասեր գնացեք միայն օգոստոսի 9-ին և քվեարկեք իմ՝ Սվետլանա Տիխանովսկայայիս օգտին», - Բրեստում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր ընդդիմադիր թենածուն։

Տիխանովսկայան քաղաքականություն մուտք գործեց ընդամենը երկու ամիս առաջ՝ իր ամուսնու, ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու ձերբակալությունից հետո։ Նրա քարոզչական հանդիպումները աչքի են ընկնում Բելառուսի համար աննախադեպ մարդաշատությամբ։ Նախորդ շաբաթ Մինսկում կայացած հանրահավաքին օրինակ, ըստ տեղական աղբյուրների, մոտ 60 հազար մարդ էր մասնակցում։ Հանրահավաքներին Սվետլանա Տիխանովսկայային ուղեկցում են Վալերի Ցեպկալոյի կինը՝ Վերոնիկան, և ճաղերի հետևում գտնվող մեկ այլ չգրանցված թեկնածուի՝ Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սակայն ընդդիմության միասնական կանացի շտաբը ամեն հարմար առիթի դեպքում ծաղրում է՝ պնդելով, թե Տիխանովսկայան, Ցեպկալոն և Կոլեսնիկովան անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչով են զբաղված։

«Գտել են այդ երեք դժբախտ աղջիկներին, նրանք չեն էլ հասկանում, թե ինչ են կարդում։ Ի՞նչ տեքստեր եք դուք նրանց համար գրում։ «Ազնիվ ընտրություններ կանցկանցնենք և կսկսենք հանգիստ ապրել», - ասում են նրանք։ Ախր [այդ կանայք] չեն էլ հասկանում, թե ինչ են ասում և անում։ Բայց մենք հո տեսնում ենք, թե ովքեր են կանգնած նրանց թիկունքում», - երեքշաբթի օրը Մինսկում հայտարարում էր Լուկաշենկոն՝ ամենամյա ուղերձով դիմելով խորհրդարանի և կառավարության անդամներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG