Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դատապարտել է Բելառուսում ցուցարարների դեմ «անհամաչափ և անընդունելի պետական բռնությունը»


Մինսկ, Բելառուս, բախումներ ընտրություններից հետո, 9 օգոստոսի, 2020թ.

Այս պահին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և հանրապետության մյուս քաղաքներում նորից հավաքվում են ցուցարարները։ Բելառուսում համացանցը արգելափակված է, բելառուսցիները տեղեկություն են ստանում Տելեգրամի ալիքների միջոցով: «Նեքստ» Տելեգրամի ալիքն այսօր ցերեկը տեղեկացրել էր ցուցարարներին, որ երեկոյան յոթին հավաքվեն մայրաքաղաքի Հաղթանակի հուշահամալիրի մոտ և չգնան Անկախության պողոտա ոստիկանների հետ բախումներից խուսափելու համար, ինչպես նաև կոչ էր արել քաղաքացիներին ավտոմեքենաներով փակել քաղաքի փողոցները, իսկ վաղը` առավոտյան ժամը 11-ին, հայտարարվել է համընդհանուր գործադուլ։

Անցած գիշեր Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում թեժ էր։ Ներքին գործերի նախարարության տվյալներով` օգոստոսի 9-ին Մինսկում տուժել են 39 իրավապահներ և ավելի քան 50 քաղաքացիական անձինք: Երեկ երեկոյան Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո բողոքի ակցիաներ են սկսվել: ՕՄՕՆ-ը բիրտ ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բողոքի ակցիաների մասնակիցների և ոստիկանության միջև բախումները շարունակվել են մինչև գիշերվա ժամը 3-ը: Երեկ երեկոյան Բելառուսում արգելափակված էր համացանցը, այդուամենայնիվ կան տասնյակ տեսագրությունններ, որոնցում երևում է, թե ինչպես է ՕՄՕՆ-ը դաժան ծեծում ցուցարարներին և հատուկ միջոցներ կիրառում։ Դատելով դեպքի վայրից ստացված կադրերից՝ ակցիայի որոշ մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել։

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ երեկ երեկոյան ՕՄՕՆ-ը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: Հազարավոր մարդկանց ձերբակալել են, այս պահին ձերբակալված է երկու հարյուրից ավելի մարդ` պաշտոնական տվյալներով։

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ նախագահական ընտրությունները կայացել են, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բելառուսցիների 84 տոկոսը, հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդ որում վերջինս ջաղջախիչ հաղթանակ է արձանագրել՝ ստանալով շուրջ 80 տոկոս: Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, պաշտոնական տվյալներով, ստացել է ընդամենը 9.9 տոկոս։

Տիխանովսկայայի շտաբը հայտնել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չի ճանաչում և պատրաստ է երկարատև պայքարի։ Լուկաշենկոյի մրցակիցն այսօր Մինսկում մամուլի ասուլիսին հայտարարել է. - «Իմ փողոց դուրս գալը կհանգեցնի հակամարտության էսկալացիայի։ Այդ պատճառով հիմա [շտաբում] եմ, իմ ժողովրդի հետ եմ։ Ինձ համարում եմ հաղթող ընտրություններում։ Մենք ունենք այլընտրանքային հաշվարկի տվյալներ, և մենք կապացուցենք բոլոր խախտումները»:

Տիխանովսկայան նաև պատմել է, որ առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպել, որպեսզի «խուսափեն հակամարտությունից», բայց արձագանք դեռ չկա:

Լուկաշենկոյին մինչդեռ արդեն շնորհավորել են Չինաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Չեչնիայի ղեկավարները։ Իսկ Լուկաշենկոն, ով Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից, այսօր իր կարճ ուղերձում հայտարարել է, թե ընտրությունները տոն էին, սակայն երրորդ ուժերը Լեհաստանից, Չեխիայից և Մեծ Բրիտանիայից իրենց այդ տոնը փչացրել են։ Ընդ որում, իր այդ խոսքում ցուցարարներին Լուկաշենկոն «ոչխարներ» է անվանել, որ չհասկանալով ուղղորդվում են դրսի ուժերի կողմից։ Իր ուղերձում Լուկաշենկոն հերթական անգամ նաև ասել է, որ Բելառուսում «մայդան չի լինելու», որ նա դա թույլ չի տալու:

ԵԱՀԿ դիտորդներ այս ընտրություններին չեն եղել, իսկ ընտրությունները սկսվել էին 4 օր շուտ, և մինչև օգոստոսի 9 հասցրել էր քվեարկել, պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների շուրջ 40 տոկոսը: Երեկ թե Բելառուսում, թե Մոսկվայում Բելառուսի դեսպանության շենքի մոտ հսկայական հերթեր էին առաջացել, սակայն ոչ բոլորն են հասցրել քվեարկել:

Եվրամիությունը (ԵՄ) դատապարտել է Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ «անհամաչափ և անընդունելի պետական բռնությունը»: ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրամիության ընդլայնման համար պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Օլիվեր Վարգելի հայտարարության մեջ ասվում է, որ ուժի կիրառման հետևանքով, ըստ հաղորդագրությունների, զոհվել է մեկ մարդ, շատերը վիրավորվել են: ԵՄ-ն նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Ցուցարարներից մեկի ենթադրյալ մահվան մասին ավելի վաղ հայտնել էր «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը։ Սակայն այսօր պարզվել է, որ նա ողջ է։ Եվգենիյ Զաիչկինը հարցազրույց է տվել Vot-tak.tv պարբերականին և պատմել, որ ձերբակալվել էր ՕՄՕՆ-ի կողմից և ծեծի ենթարկվել, ոստիկանական մեքենայում կորցրել էր գիտակցությունը։ Դրանից հետո ուժայինները նրան դուրս են բերել մեքենայից և շտապօգնություն կանչել։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում ենթադրում էին, որ Զաիչկինը Մինսկի կենտրոնում իրավապահների կողմից վրաերթի ենթարկված ակտիվիստն է եղել: Թե իրականում ով է վրաերթի ենթարկվել ավտոզակի կողմից, և ինչ վիճակում է նա, առայժմ չի հաղորդվում:

Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել նախագահական ընտրություններում ձայների մանրակրկիտ հաշվարկ կատարել, որպեսզի հրապարակված արդյունքներն արտացոլեն բելառուս ժողովրդի իրական կամարտահայտությունը:

Եվրամիությունը կարող է քննարկել Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, սա չեն բացառում Լեհաստանի արտգործնախարարությունում։ Գերմանիայի կառավարությունում ասում են, որ Բելառուսի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության նվազագույն չափանիշներին: Հակառակ կարծիքին են ԱՊՀ երկրների պաշտոնական դիտորդները։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին Բելառուսում. - «Ընտրությունների գիշերը խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի բռնություն տեղի ունեցավ։ Եվ մենք դատապարտում ենք այդ բռնությունը և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալված անձանց։ Մենք ընդգծում ենք, որ Բելառուսի իշխանությունները պետք է ապահովեն խաղաղ հավաքների հիմնարար իրավունքի պահպանումը։ Այն, ինչ մենք տեսանք Բելառուսում վերջին օրերին և շաբաթներին, աննախադեպ էր` մարդկանց ազատ ընտրությունների և ժողովրդավարության մոբիլիզացիան: Եվ այժմ բելառուս ժողովուրդն ակնկալում է, որ իր ձայները ճշգրիտ հաշվարկվեն: Հետևաբար, շատ կարևոր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի արդյունքներ, որոնք արտացոլում են ընտրությունը, բելառուս ժողովրդի իրական ընտրությունը։ Եվ մենք կշարունակենք ուշադիր հետևել բոլոր իրադարձություններին, որպեսզի գնահատենք, թե ինչպես ենք մենք հետագայում ձևավորելու մեր արձագանքը, և ինչպես ենք մենք հետագայում ձևավորելու մեր հարաբերությունները Բելառուսի հետ»:

XS
SM
MD
LG