Մատչելիության հղումներ

Երևանից առաջին մարդասիրական օգնությունը հասավ Բեյրութ. 37 հոգի Լիբանանից վերադարձավ Հայաստան


Կեսգիշերին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը Բեյրութ հասավ 12 տոննա մարդասիրական բեռով: Հայաստանից Լիբանանի մայրաքաղաք է ուղարկվել դեղորայք, առողջապահական այլ պիտույքներ որպես աջակցություն կառավարությանը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, հինգ հազարից ավելի վիրավորներ կան, բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել։

Բեյրութի միջազգային օդանավակայանում ամենուր օդանավեր են: Հայաստանի պատվիրակությունը Բեյրութում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարը, այլ պաշտոնյաներ: Այցի հիմնական նպատակն է հանդիպել հայկական համայնքի հետ, ազգային-եկեղեցական կառույցների հետ, ինչպես նաև վնասներ կրած հայկական համայնքներում ծանոթանալ վնասներին: Այցը փաստահավաք առաքելություն ունի, որպեսզի կարողանան ամբողջացնել գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը` աջակցելու նպատակով:

«Այցի նպատակը երկակի է` մարդասիրական օգնություն բերել Լիբանանի պետությանը և ժողովրդին, ինչպես նաև համայնքին, և երկրորդ նպատակը` ծանոթանալ իրավիճակին, ծանոթանալ համայնքի կարիքներին, համայնքում տիրող տրամադրություններին և ըստ այդմ կազմել և մշակել Հայաստանի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարեհ Սինանյանը:

Նրա փոխանցմամբ` նախատեսված 3 ինքնաթիռից առաջինն է դեռ ժամանել, ամեն ինքնաթիռի մեջ 12 տոննայի մի փոքր ավելի բեռ է. - «Առաջին ինքնաթիռը պարունակում էր առողջապահական դեղորայք և գույք, երկրորդ ինքնաթիռը` առողջապահականի և սննդամթերքի խառնուրդ է, ընդ որում ասեմ, որ Արցախը հոգում է երկրորդ ինքնաթիռի սննդի բոլոր ծախսերը, և երրորդը խառնուրդ է: Առաջին և երրորդ ինքնաթիռները մեծամասամբ Լիբանանի կառավարության և ժողովրդի համար են: Եվ սա խորհրդանշական է, որ մենք չենք ուզում բաժանարար գիծ ստեղծել Լիբանանում ապրող տարբեր ժողովուրդների միջև, քանի որ Լիբանանին երախտապարտ ենք հայ ժողովրդին ցուցաբերած մարդկային վերաբերմունքի համար Ցեղասպանությունից հետո»:

Զարեհ Սինանյանը հայտնեց, որ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած մարդկանց մի խումբ արդեն իսկ եղել է նախքան պայթյունը: «Մինչ պայթյունը 4 ինքնաթիռներով Հայաստան ժամանել էին մոտ 300 լիբանանահայեր մշտական բնակչության: Մեր եկած ինքնաթիռով 37 մարդ մեկնեց Հայաստան, նրանք մարդիկ են, որ ուզում են գնալ Հայաստան: Մենք բնական է` նման մարդկանց դեսպանատան միջոցով ցուցակագրում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, և համակարգված ձևով աշխատենք, և այդ գործընթացը շարունակվելու է, սակայն մեր այստեղ այցելելու նպատակը մարդկանց դրդելը կամ մարդկանց քաջալերելը Հայաստան գալը չէ: Մենք հասկանում ենք` որքան կարևոր է այս համայնքը, հասկանում ենք, որ մարդիկ շատ կապված են Լիբանանին և պատրաստ ենք մեր հայրենակիցներին օգնել ցանկացած իրենց որոշման դեպքում: Եթե իրենք մնում են այստեղ, մենք պետք է օգնենք, որ համայնքը վերականգնվի, նրանք, ովքեր ուզում են Հայաստան գալ, Հայաստանը բաց դռներով սպասում է բոլոր հայերին` անկախ նրանից, թե նրանք որտեղից են գալիս:

Մենք հանձնարարական ունենք այստեղ պարզել, թե ինչ նախընտրություն կա մանավանդ լիբանանյան կառավարության կողմից Հայաստանի օգնությամբ շենքը վերականգնելու կամ երկու շինությունները վերականգնելու համար` մեկ-երկու շենք, կախված է նրանից, թե ինչ չափսի շենքեր են, ինչ ծախս է»:

Այսօր առավոտյան Լիբանանի բոլոր եկեղեցիներում և Անթիլիասի Մայր տաճարում Արամ Առաջինի նախաձեռնությամբ պատարագ և պաշտոնական կարգ մատուցվեց ի հիշատակ պայթյունի հետևանքով մահացածների` 13 հայերի և 160-ից լիբանանցիների: Վեհափառը մի քանի պատգամ հղեց լիբանանահայ համայնքին` չվհատվել, չհուսահատվել, իսկ Հայաստանին, սփյուռքի հայությանը համախմբվելու կոչ արեց, շեշտեց, որ կա նյութական աջակցության կարիք: Նա խոսեց նաև պետության պատասխանատուների պատասխանատվության անհրաժեշտության մասին` նկատելով, որ այսօր ժողովուրդը փողոց է դուրս. - «Մենք այդ ժողովրդի հետ ենք և արդարություն կպահանջենք, մենք ժողովրդի հետ ենք և հաշվետվություն կպահանջենք, սակայն զգո՛ւյշ, ժողովրդի ցույցը չշահագործվի այլ նպատակների` քաղաքական կամ համայնքային: Արդարությունը, հաշվետվությունը, պատասխանատվությունը ժողովրդի իրավունքն է պահանջել»:

Տեղի համայնքի ներկայացուցիչներից «Ազատության» հետ զրույցում ասում են` ամեն ընտանիք իր դժվարությունն ունի, սակայն եկեղեցին, միություններն իրենց կողքին են, և հիմա էլ բոլորը փորձում են միմյանց օգնել հաղթահարելու այս աղետը. - «Որքան էլ դրսից օգնություն գա, բայց Հայաստանի օգնությունը զորավիգ կլինի իր զավակներին, որոնք 1915-ից, դժբախտաբար, սփյուռք են դարձել»:

«Միասնություն է պետք, իրար օգնել պետք է, Լիբանանը մեր երկրորդ հայրենիքն է դարձել», - ասում են նրանք:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունին հետևել են հակակառավարական խոշոր ցույցեր: Երեկ այդ ցույցերը վերածվեցին բախումների, ցուցարարները գրավել էին մի քանի նախարարությունների շենքեր, որոնք ոստիկանների ու զինվորականների կողմից ետ են վերցվել: Տեղում, սակայն, իրավիճակը չի խաղաղվում նաև այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ սպասվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ցուցարարների կարգախոսն է «բոլորը», այսինքն` բոլորը պետք է հրաժարական տան` նախագահը, կառավարությունը, խորհրդարանը:

XS
SM
MD
LG