Մատչելիության հղումներ

Չեմ պատրաստվում լինել դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը». ՍԴ դատավորի թեկնածու


«Չեմ պատրաստվում լինել դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը», - հայտարարեց Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հանդիպելուց հետո՝ լրագրողների հետ զրուցում:

Ավետիսյանը, անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների մտահոգություններին, ասաց, ամենևին էլ չի պատրաստվում արդարացնել դատական համակարգի խնդիրները:

«Նաև ես չեմ պատրաստվում լինել դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը, թե ի՞նչ գործառույթ է իրականացրել, արդյոք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարա՞ն է, թե՞ ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում այդ մտահոգությունները, որովհետև ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, ովքեր առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում Սահմանադրական դատարանում իմ գործունեության վրա», - ասաց ՍԴ դատավորի թեկնածուն:

Հիշեցնենք՝ իրավապաշտպաններ, փաստաբաններ, Մարտի 1-ի զոհերի հարազատները ու 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից հետո քաղաքական դրդապատճառներով դատապարտված մի քանի տասնյակ մարդիկ հայտարարություն էին տարածել և հիշեցրել նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությունը՝ 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր։ Տարածած հայտարարությամբ նրանք նաև խոսել էին շահերի հնարավոր բախման մասին։

Վահրամ Ավետիսյանը նշեց. «Այդ տեսակետները հնչեցրած անձանց մտահոգություններն, այսպես ասած, կիսում եմ այն առումով, որ նրանք ունեն որոշակի հիմքեր, որոշակի հանգամանքների շուրջ ենթադրություններ անելու կամ պնդումներ անելու համար, դա նրանց իրավունքն է, բայց ես չգիտեմ որևէ հաստատված փաստ, որը հստակ ճանաչել է այս կամ այն սուբյեկտի մեղավորությունն այս կամ այն պրոցեսում»:

Ավետիսյանը հայտարարեց, թե ՍԴ մասին օրենքը հստակ սահմանում է՝ շահերի բախման դեպքում «չես կարող որպես դատավոր մասնակցել այդ պրոցեսին»:

«Միջնորդավորված էլ չեմ կարող մասնակցել, որովհետև ես վստահ եմ՝ Սահմանադրական դատարանում նաև այս նոր դատավորները, որոնք կընտրվեն և գործող դատավորներն ունեն այնքան սկզբունքայնության, անաչառություն, որ ես որևէ ձևով չեմ կարողանալու միջնորդավորված [մասնակցել]», - նշեց նա:

ԱԴ դատավորի թեկնածուն նաև հայտարարեց՝ այս պահին թեկնածությունից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում:

Քաղբանտարկյալներին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին նաև վրդովվեցրել էր ֆեյսբուքյան գրառմանը, որում, լրատվամիջոցներով տարածված տեքստի համաձայն, Ավետիսյանը անիմաստ էր համարել արձագանքելն ու որևէ փաստարկ ներկայացնելը «տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին, քանի որ ակնհայտ են նրանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:

Անդրադառնալով ֆեյսբուքյան այդ գրառմանը՝ Ավետիսյանն ասաց. «Գրառումը ես չեմ ջնջել, պարզապես ովքեր իմ ընկերների մեջ մտնում են նրանց համար բաց է, այսինքն հանրային չի, որովհետև այս պրոցեսները սկսելուց հետո որոշակի «հարձակում» սկսեց տիրույթում իմ նկատմամբ, ընտանիքիս անդամների նկատմամբ, և ես ցանկություն չունեի, որպեսզի այդ էջի տակ պարբերաբար ինչ-որ գրառումներ կատարեն և այդ գրառումներին անդրադարձ կատարվի, որովհետև այդ փուլում նմանատիպ հարցադրումներին պատասխանելն անիմաստ էր»:

«Իմ գրառումը փորձում են ասոցացնել նրա հետ, որ ես փորձել եմ դրանով անդրադառնալ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կամ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում տուժած անձանց, ցանկանում եմ նշել, որ Մարտի 1-ի իրադարձությունները մեր նորանկախ պետության, այսպես ասած, արյունահոսող վերքերի շարքին դասվող իրադարձություններ են, որևէ կերպ իմ գրառումը չի կարող անդրադառնալ, չի կարող առնչվել Մարտի 1-ի դեպքերին առնչված, տուժած սուբյեկտներին», - ասաց նա:

«Ազատության» հարցին, թե իր կարծիքով ի՞նչ է տեղի ունեցել Մարտի 1-ին, ՍԴ դատավորի թեկնածուն պատասխանեց. «Ինձ ստիպում եք կոնկրետ իրադարձությունների, հանգամանքների վերաբերյալ տալ հստակ պատասխաններ, որոնք ինչպես արդեն նշեցի կարող են հետագայում Սահմանադրական դատարանում այս կամ այն վեճը քննելիս <....>: Նորից եմ ասում՝ պետք է նայենք, թե այդ գործերն ինչ հիմքերով են վերանայվում, կոնկրետ ժամանակաշրջանում ինչպիսի ապացույցներ են եղել, որոնց հիման վրա կայացվել են այս կամ այն որոշումները, հետագայում ինչ-որ նոր հանգամանքներ երևան են եկե՞լ, որոնց հիման վրա վերանայվում են, թե՞ ոչ»:

Հրացին էլ՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը, թե կհամարի, որ պետք է ձեռնպահ մնա մասնակցելուց, քանի որ անկողմնակալ չի լինի, Ավետիսյանն արձագանքեց. «Ես անկողմնակալ չլինելու կամ որևէ հիմք չեմ տեսնում»:

Իսկ թե ով է իրեն առաջարկել լինել ՍԴ դատավորի թեկնածու, Վահրամ Ավետիսյանը պատասխանեց. «Կառավարության ներկայացուցիչներին կարող եք ուղղել այդ հարցը, իրենք առավել կոնկրետ կպատասխանեն: Այդ հարցը ինձ չպետք է ուղղվի»:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի՞, իրեն կընտրե՞ն ՍԴ դատավոր, նա արձագանքեց. «Ես բաց ձևով ներկայացրի բոլոր հնչեցված հարցերի վերաբերյալ իմ մոտեցումները և երևի այդ հարցն ուղղեք պատգամավորներին»:

Իշխող «Իմ քայլի» պատգամավորները թեկնածուի հետ մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո ձեռնպահ մնացին մեկնաբանություններից:

XS
SM
MD
LG