Մատչելիության հղումներ

«Վահրամ Ավետիսյանի առաջադրումը հետ կանչելու հարց այս պահին չի քննարկվում». վարչապետի խոսնակ


Կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյան, արխիվ
Կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյան, արխիվ

«Վահրամ Ավետիսյանի առաջադրումը հետ կանչելու հարց այս պահին չի քննարկվում», - «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Իհարկե, տեղյակ եմ, որ մի շարք քաղաքացիներ հայտարարությամբ են հանդես եկել և իրենց դժգոհությունն են հայտնել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածուի վերաբերյալ, սակայն այս պահին կարող եմ հայտնել, որ նրա թեկնածությունը դեռևս քննարկվելու է Ազգային ժողովում: Ես հուսով եմ, որ պատգամավորները հնարավորություն կունենան հանրությանը հուզող բոլորն հարցերն ուղղել պարոն Ավետիսյանին և ստանալ դրանց պատասխանները», - ասաց Գևորգյանը:

Իրավապաշտպաններ, փաստաբաններ, Մարտի 1-ի զոհերի հարազատները ու 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից հետո քաղաքական դրդապատճառներով դատապարտված մի քանի տասնյակ մարդիկ Ավետիսյանի թեկնածությունն առաջարկած կառավարությանը կոչ են անում հետ կանչել առաջադրումը, եթե ոչ՝ ընտրողին՝ խորհրդարանին, մերժել այն։

Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Կառավարության նիստում ընտրվելու դեպքում խոստացել է լինել անկախ, ապաքաղաքական ու անաչառ։ ՍԴ դատավորի պարտականությունները կատարելու համար, կարծում է, թե՛ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները, թե՛ սկզբունքայնությունն ունի։

Կառավարությունը պնդում է՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ներկայացրել են՝ հաշվի առնելով նրա կենսագրությունը: Բայց քննադատները հիշեցնում են նաև հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությունը՝ 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր։ Դատապարտվածների ու զոհերի հարազատների ձևակերպմամբ՝ «իրավապահների շինծու մեղադրանքները վերջնականապես հաստատվում էին հենց Վճռաբեկ դատարանի քրեական պալատում»։ Տարածած հայտարարությամբ նրանք նաև խոսել էին շահերի հնարավոր բախման մասին, եթե ՍԴ հասնի Վահրամ Ավետիսյանի հոր պատասխանատվության հարցը:

Քաղբանտարկյալներն ու Մարտի 1-ի զոհերի հարազատները նաև երկրորդ հայտարարությամբ պնդեցին՝ կառավարության առաջադրած թեկնածուն «իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում»: Նրանց հատկապես վրդովեցրել է թեկնածուի արձագանքը վերջին օրերի բուռն քննարկումներին։ Այս պահին այն ջնջված է նրա ֆեյսբուքյան էջից, բայց լրատվամիջոցներով տարածված տեքստի համաձայն, Ավետիսյանը անիմաստ էր համարել արձագանքելն ու որևէ փաստարկ ներկայացնելը «տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին, քանի որ ակնհայտ են նրանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:

Ավետիսյանի առաջադրումը քննադատողների հայտարարությանը նաև Մարտի 1-ից հետո իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար մեկ տարի, 4 ամիս ազատազրկված Դավիթ Մաթևոսյանն է միացել, նա հուսով է՝ կամ կառավարությունը կհրաժարվի առաջադրումից, կամ թեկնածուն ինքը, կամ Ազգային ժողովը չի ընտրի նրան։

«Անձնապես չեմ ճանաչում թեկնածուին և չեմ ուզում նրա հասցեին ինչ-որ բան ասել, թեև նրա սոցիալական ցանցի արձագանքը տխուր տպավորություն թողեց ինձ վրա: Բացի այս, գնահատում եմ, որ նա զարգացել է մի միջավայրում, խոսքը միայն հորը չի վերաբերում, հորը և նրա շրջապատին, որոնք 100 տոկոսով դատական իշխանությունը ենթարկել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կամքին, իսկ մարդը միջավայրի արդյունք է: Անհանգստության հիմնական պատճառը նա է, որ ամեն դեպքում սա նշանակովի պաշտոն չէ, [որ] վաղը կտեսնեն, որ սխալվել են, կփոխարինեն մեկ ուրիշով: Խոսքը վերաբերում է 12 տարվա ժամկետով ընտրությանը», - նշեց Մաթևոսյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանը անհնար է համարում Ավետիսյանի ընտրությունը, կարծում է՝ դա կվնասի հեղափոխության հռչակած արժեքներին։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա պնդել է՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, 11 տարի առաջ լինելով դատախազության աշխատակից, կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել իրականացնել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությունը և դրանից ստանալ եկամուտ։ Դա կոռուպցիոն դրսևորում համարող փաստաբանը նաև դատական գործի հղումն է կցել՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

«Էս մարդն ինքն է ցուցմունք տվել դատական գործի շրջանակներում, ինքն է պատմել, որ ինքը դիտավորյալ կնքել է կեղծ գործարք, որպեսզի խուսափի և շրջանցի, օրենքով սահմանված սահմանափակումները: Սա ուղիղ բնութագրիչ է նրա անձնական հատկանիշներին: Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ունենա բարձր անձնական և բարոյական հատկանիշներ», - ասաց փաստաբանը:

Վահրամ Ավետիսյանի տեսակետը լսել չհաջողվեց՝ հեռախոսն անջատել է, ֆեյսբուքյան հաղորդագրություններին չի պատասխանում։

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը», որի որոշումից էլ կախված է Ավետիսյանի ընտրությունը, այս շաբաթ կհանդիպի թեկնածուին։ Մինչ այդ խմբակցությունում մեծամասամբ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պնդում է՝ վերջնական որոշում չունեն:

«Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նաև որ իմ դասախոսն է եղել, այդ առումով, իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է, այսքանը միայն կասեմ: Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք էլ, մյուս խմբակցություններն էլ կհանդիպենք, և որոշակիորեն մեր դիրքորոշումը գուցե ավելի հասկանալի լինի», - ասաց Գաբրիելյանը:

Այժմ ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոն կա. մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Հաջորդ առաջադրման իրավունքը նախագահինն է, ապա՝ Դատավորների ընդհանուր ժողովինը։

Երկու դեպքում էլ առաջադրումներ չկան, նախագահականից «Ազատությանը» փոխանցեցին՝ ժամկետը մինչև օգոստոսի 27-ն է։ Հուլիսի 31-ին հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որտեղ էլ կորոշվի նրանց թեկնածուի անունը։

XS
SM
MD
LG