Մատչելիության հղումներ

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը


Վահրամ Ավետիսյան

Կառավարությունն այսօրվա նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Թեկնածուն վստահեցրեց, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում առավելագուն չափով ապահովելու է Բարձր դատարանի դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունն ու անաչառությունը։ Ասաց նաև, որ ՍԴ դատավոր լինելու դեպքում պատրաստվում է նաև ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը։

«Սահմանադրական դատարանը, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործունեությունը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման արդյունավետ գործընթաց», - նշեց Ավետիսյանը:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Երևանի պետական համալսարանի Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչն է, դասավանդել սկսել է 2002 թվականից: Աշխատել է նաև դատախազությունում, ինչպես նաև մասնավոր հատվածում. – «Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ և անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»:

Առաջիկայում պետք է ընտրվեն ՍԴ դատարանի ևս 2 դատավորներ։ Թափուր տեղերի համար առաջադրումները սկսվել են հունիսի 27-ից: Հաջորդ թեկանուծին արդեն նախագահն է առաջադրելու, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։

Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններով դատավորի պաշտոնից հեռացվել են 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, իսկ Հրայր Թովմասյանը զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG