Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ դիմած Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին անդամները պահանջում են վերականգնվել նախկին պաշտոններում


Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ
Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի դիմումի քննությունը։ ՄԻԵԴ-ը նախօրեին մերժել է ոչ թե դիմումը, այլ միջանկյալ միջոցի կիրառման պահանջը, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց դիմումատուների փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

Միջանկյալ միջոցի կիրառմամբ Թովմասյանն ու նախկին գործընկերները պահանջում էին շարունակել պաշտոնավարումը, մինչև Եվրոպական դատարանը կավարտեր իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննությունը. - «Օգոստոսի 28-ին դիմումատուները որոշակի տեղեկատվություն են ներկայացնելու Եվրոպական դատարանին, և այդ տեղեկատվության հիման վրա շարունակվելու է հաղորդակցության փուլը»:

Եվրադատարանը մերժել է սահմանադրական փոփոխությունները կասեցնելու հայցվորների պահանջը՝ հիմնավորելով, որ այն դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս է, չի ենթադրում եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքին լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ դատարանի նման նախադեպերը սահմանափակվում են կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների դեպքերով։ Այս դեպքում Հայաստանի բարձր դատարանի նախկին նախագահն ու դատավորներն ի՞նչ ակնկալիքով են այս պահանջը ներկայացրել։

«Անկախ նրանից, թե իրավունքի որ հոդվածին է վերաբերում, Եվրոպական դատարանը նաև գնահատում է վճռի չկատարման ռիսկը: Եվ ես նշեցի, որ մտահոգություններն այն են, որ այն վճիռը, որը կկայացնի Եվրոպական դատարանը, պետք է անվերապահ կատարման լինի և ապահովի լիարժեք վերականգնումը, այդ թվում` նախկին դրությունը վերականգնելու միջոցով», - ասաց Սիրանույշ Սահակյանը:

Ըստ փաստաբանի՝ այս դեպքում դատարանը բավարարվել է անձի խախտված իրավունքի վերականգնումը ապահովող դերով և այս պահին չի կարևորել վճռի կատարման ուժեղացված միջոցների կիրառումը. - «Այդտեղ մենք գործ ունենք հայցողության հետ, եթե Եվրոպական դատարանը կարծում է, որ իր լծակները չափազանց ազդեցիկ են, և այս տիպի գործերում առանց հավելյալ միջոցների ձեռնարկման հետագայում այս կառույցը ապահովելու է լիարժեք վերականգնումը, մենք հարգալից ենք վերաբերվում Եվրոպական դատարանի մանդատին»:

Չնայած Սիրանույշ Սահակյանի հիմնավորումներին՝ փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը ՄԻԵԴ-ի մերժումը համարում է Հրայր Թովմասյանի և երեք դատավորի խայտառակությունը։ Տարակուսած է, որ Եվրադատարանում երկար տարիներ աշխատած Ալվինա Գյուլումյանը սահմանադրական փոփոխությունների կասեցման պահանջ է ներկայացրել. - «Ցավալի է, որ Ալվինա Գյուլումյանը, ով գիտի, թե 39 հոդվածի կարգով ինչ կարգի գործեր են լսվում, հանկարծ որոշեց, որ սա ևս կարող է տեղավորել կոնվենցիայի 39 հոդվածի տակ և ներկայացնի միջոց կիրառելու միջնորդություն, և Հրայր Թովմասյանը պետք է այս իրավիճակում ինքը երևի նույնպես մտածի իր հեռանալու մասին, որովհետև ամեն մի ձախողում, այն էլ այս կարգի ձախողում մարդու մոտ պետք է այդ համոզմունքն ամրապնդի, որ ինքը Սահմանադրական դատարանում անելիք չունի»:

Ըստ Սեդա Սաֆարյանի` իրենց լիազորությունների դադարեցման իրավաչափությունը Եվրոպական դատարանում վիճարկողները պետք է մերժման որոշումից հետո սահմանադրական փոփոխություններն ընդունեն ի գիտություն և հեռանան. - «Արդեն որերորդ անգամ եվրոպական կառույցները բառացիորեն հասկացնում են, որ մի բան էլ ուշ է իրենց գնալու այս գործընթացը ձևակերպվել, և շատ լավ կլիներ, որպեսզի շատ արագ հասկանային այս ամենը և նման խայտառակությունների մեջ չընկնեին»:

Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը համարում են, որ իրենց լիազորությունները դադարեցվել են Եվրոպական կոնվենցիայում ամրագրված մի շարք իրավունքների խախտմամբ։ ՄԻԵԴ-ում պահանջում են ճանաչել իրենց խախտված իրավունքները՝ վերականգնվել նախկին պաշտոններում և ստանալ նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում։

«Մենք բազում իրավունքների խախտումների հարցեր ենք դրել` սկսած նրանից, որ այդ միջոցառումը միջամտում է դատավորների դատական գործունեությանը, մասնագիտական հեղինակությանը, սեփականության իրավունքին, դատական պաշտպանության բացարձակ իրավունքին, վերջացրած խտրականության հարցերով, ինչպես նաև կոնվենցիոնալ սահմանափակումները, որոնք ի սկզբանե ընձեռված են պետությանը, օգտագործվել են այլ նպատակներով», - նշեց Սահակյանը:

Հրայր Թովմասյանի և երեք դատավորի լիազորությունները դադարեցվել են հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով։ Հրայր Թովմասյանի լիազորությունները միայն նախագահի պաշտոնում են դադարել, որպես դատավոր շարունակվում են։ Իսկ Թոխյանը, Գյուլումյանը և Նազարյանը ուղարկվել են թոշակի, քանի որ նրանց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։

XS
SM
MD
LG