Մատչելիության հղումներ

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվի նոր ռեկորդային աճ աշխարհում՝ շուրջ 300 հազար


ԱՄՆ - Չնայած կորոնավիրուսի վարակի աննախադեպ տարածմանը՝ Կալիֆորնիա նահանգի Օշընսայդ քաղաքում քչերն են փողոց դուրս գալիս դիմակով, 22-ը հուլիսի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվի աճն աշխարհում հերթական ռեկորդային ցուցանիշն է արձանագրել՝ 284 հազար վարակակիր 24 ժամում։ Համաճարակի հիմնական էպիկենտրոններն անփոփոխ են՝ Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Հնդկաստան։

Միացյալ Նահանգներում վարակակիրների ընդհանուր թիվը շաբաթավերջին հատեց 4 միլիոնի շեմը։ Վարակակիրների թվով առաջինն էլ արդեն ոչ թե գարնանային համաճարակից ամենաշատը տուժած Նյու Յորք նահանգն է, այլ՝ հայաշատ Կալիֆորնիան:

«Երբ մենք անցկացրեցինք այդ թեստերը, ապա պարզվեց, որ այսօր 9 հազար 718 մարդու մոտ COVID-19-ի պատասխանը դրական էր։ Այս շաբաթվա վերջին նաև պարզ դարձավ, որ կորոնավիրուս ախտանիշով հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը աճել է 9 տոկոսով», - անցած գիշեր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:

Չնայած վարակակիրների թվի չդադարող աճին՝ Միացյալ Նահանգներում շարունակվում է սահմանափակումների աստիճանական մեղմացման պրոցեսը։ Այս շաբաթ, չորս ամիս ուշացումով, մեկնարկեց ԱՄՆ բեսյբոլի առաջնությունը։ Բեսյբոլի Գլխավոր լիգայի 2020 թվականի մրցաշրջանի անդրանիկ հանդիպման սկզբում, ի դեպ, առաջին նետումը կատարելու պատիվը վերապահված էր Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենին։

Էնթոնի Ֆաուչիի նետումը թեև այնքան էլ հաջող չէր, գնդակը նախատեսվածից միանգամայն այլ կողմ թռավ՝ հատելով եզրագիծը, բայց և այնպես, երկրի գլխավոր համաճարակաբանը չէր թաքցնում գոհունակությունը։ Բանն այն է, որ բեյսբոլի առաջնությունն անցնում է համաճարակաբանական բոլոր կանոնների պահպանմամբ՝ տրիբունաներում հանդիսատեսներ չկան, դաշտում գտնվող բոլոր խաղացողները, մրցավարներն ու մարզիչներն էլ դիմակներով են։

Բեյսբոլից ազատ ժամանակ էլ Էնթոնի Ֆաուչին կրկին մեկնաբանում է վերջին շաբաթներին իրեն ամենից հաճախ տրվող հարցը՝ ե՞րբ է պատրաստ լինելու կորոնավիրուսի պատվաստանյութը։

«Ես կարծում եմ, որ երբ մենք մուտք գործենք 2021 թվական, մի քանի ամիս անց արդեն պատվաստանյութը լայնորեն հասանելի կլինի։ Կարծում եմ, որ մենք շուտով կիմանանք, թե որքանով է անվտանգ և արդյունավետ այդ պատվաստանյութը, քանի որ դրա կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը մեկնարկելու է արդեն հաջորդ շաբաթ», - երեկ երեկոյան, The Washington Post-ին տված հարցազրույցում նշում էր Ֆաուչին։

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր հատել է 4 միլիոն 200 հազարի շեմը։ Վարակակիրների կեսից ավելին Բրազիլիայում է, որտեղ, առողջապահության նախարարության տվյալներով, վերջին մեկ օրում 55 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել, ավելի քան հազար մարդ մահացել է:

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում ևս վարակակիրների թիվը սկսել է աճել։ Խոսքը մասնավորաբար Ֆրանսիայի և Իսպանիայի մասին է։ Իսպանիայում նոր դեպքերը հիմնականում կենտրոնացած են երկու հյուսիսային երկրամասերում՝ Կատալոնիայում և Արագոնում։

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 11 նոր օջախ է ի հայտ եկել, ինչը ստիպել է երկրի իշխանություններին կարանտինային սահմանափակումների որոշակի խստացման գնալ։ Մասնավորաբար, աշխարհի 16 պետություններից՝ այդ թվում Թուրքիայից, Միացյալ Նահանգներից, Իսրայելից Ֆրանսիա ժամանող զբոսաշրջիկները պետք է պարտադիր թեստավորում անցնեն:

Վարակակիրների թվի որոշակի աճ է նկատվում նաև Հեռավոր Արևելքի պետություններում։ Հարավային Կորեայում, օրինակ, վերջին մեկ օրում 113 նոր վարակակիր է հայտնաբերվել՝ սա մարտի 31-ից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Կորեական իշխանությունները, այդուհանդերձ, նշում են, որ իրադրությունը կառավարելի է, քանի վարակի ներքին շրջանառությունը երկրում հաջողվում է վերահսկել։

«Մենք վարակի ներքին փոխանցման ընդամենը 27 նոր դեպք ունենք։ Մնացած բոլոր դեպքերը արտերկրից են ներմուծվել։ Իրաքից վերադարձած շուրջ 300 կորեացի շինարարներից 71-ի մոտ վերջին օրերին արված թեստերը դրական էին։ Եվս 32 դեպք է հայտնաբերվել [կորեական նավահանգիստներում գտնվող] ռուսական նավերի անձնակազմերի անդամների մոտ», - այսօր առավոտյան հայտարարեց Հիվանդությունների տարածման և կանխարգելման կորեական կենտրոնի փոխտնօրեն Կվոն-Ջուն Վուկը։

Չինաստանում, ի տարբերություն Հարավային Կորեայի, կորոնավիրուսի նոր դեպքերը հիմնականում ներքին տարածման արդյունք են։ Բացարձակ թվերով, սակայն, իրադրությունն այնքան էլ մտահոգիչ չէ։ Վերջին 24 ժամերին երկրում COVID-19-ի ընդամենը 34 նոր դեպք է հայտնաբերվել, մեծամասնությունը` մահմեդականներով բնակեցված Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։

Ավստրալիայում, չնայած ձեռնարկվող կոշտ կարանտինային միջոցառումներին, կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը կանխելու հարցում լուրջ հաջողություններ առայժմ չկան։ Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մելբուռնում մեկ օրում վարակակիրների թիվն աճել է գրեթե վեց տասնյակով՝ հասնելով 357-ի։

«Մենք համաճարակի համար աներևակայելի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Մենք կարողացանք կանգնեցնել դեպքերի կրկնապատկումն ու եռապատկումը և դրանից հետո դրանք կրկին սկսեցին կրկնապատկվել։ Կարծում եմ,որ այս ցուցանիշների նվազեցման հարցում հատկապես կարևոր են լինելու դիմակները», - այսօր Մելբուռնում հայտարարում էր Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը։

XS
SM
MD
LG