Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մանրամասներ է փոխանցում Սնանկության դատարանի դատավորների գործից


Բացահայտվել են դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման, ապօրինի հարստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր, այսօր հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ մանրամասներ փոխանցելով Սնանկության դատարանի երկու դատավորների գործից:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12 միլիոն 382 հազար 580 դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն, նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրութունում:

«Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առևտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանավորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26 միլիոն 400 հազար ՀՀ դրամից այն հասցնելով 12 միլիոն 382 հազար ՀՀ դրամի», - ասված է հաղորդագրությունում: Նույն ժամանակահատվածում, շարունակում է ԱԱԾ-ը, ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող Սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ Ա. Խ.-ի կողմից խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որևէ միջոց չի ձեռնարկել նրա հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Նկարագրված արարքների արդյունքում Սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաև տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12 միլիոն 382 հազար 580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12 միլիոն 382 հազար 580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը և խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետևանքներից», - պնդում է ԱԱԾ-ն՝տվյալ դրվագի հետ կապված այլ մանրամասներ ևս ներկայացնելով, որոնցում տեղ են գտել առերևույթ չարաշահումներ:

Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ 2017-2020 թվականների ընթացքում, 100 հազար դոլարին համարժեք 47 միլիոն 581 հազար դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները, և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում Սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը, ասված է հաղորդագրությունում: Մասնավորապես, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող պաշտոնատար անձանց հետ, առաջարկել է կնքել 100 հազար դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը և վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, ապա պաշտոնատար անձի հետ կնքել է փոխառության ձևական պայմանագիրը: «Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով Սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100 հազար ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով և վերադարձնելով նույն անձին», - ասված է հաղորդագրությունում:

Մեջբերված փաստերը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ Սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար: Ներկայացված միջնորդությունները Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են:

Հուլիսի 17-ին Գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով երկու դատավորներին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել և բավարարվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:

XS
SM
MD
LG