Մատչելիության հղումներ

Դատախազություն. Բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Դատախազությունը հաղորդում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ գործակցության շրջանակում բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քեական գործը:

Գլխավոր դատախազի տեղակալը հուլիսի 7-ին գրություն էր ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու Գլխավոր դատախազության «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակելու համար դիմած քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հնարավոր կեղծված լինելու հատկանիշների առկայությունը:

Մասնավորապես, Դատախազության հաղորդագրության համաձայն, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի՝ տվյալ անձը, որի ինքնությունը չի հրապարակվում, ներկայացրել էր 2017-2019 թվականներին ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Քաղաքացուց պահանջվել էին իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչի շրջանակում նա տրամադրել էր տվյալներ իր աշխատանքային գործունեության մասին Պետական եկամուտների կոմիտեին ՍՊԸ-ի կողմից համապատասխան փաստաթուղթ ներկայացված լինելու վերաբերյալ: Սակայն «Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մրցույթներն անցկացնող Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին տվյալ դիմորդի մասին տրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրությամբ նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները չեն հաստատվել:

Նշված հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ Գլխավոր դատախազի տեղակալի կողմից դրանք ուղարկվել էին Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈ ԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին հայտարարված վերոնշյալ բաց մրցույթին մասնակցելու համար, պարտադիր պայման հանդիսացող՝ առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար դրդել է ՍՊ ընկերության տնօրենին կազմել և իրեն տրամադրել բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք այն մասին, թե իբր 2017-ի մայիսի 1-ից մինչև 2019-ը մայիսի 1-ը հանդիսացել է այդ ընկերության իրավաբանը: Ստանալով կեղծ տեղեկանքը՝ քաղաքացին այն ներկայացրել է Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից տվյալ անձի երկամյա աշխատանքային գործունեության մասին համապատասխան տվյալները ՊԵԿ-ին են տրամադրվել օրենսդրության պահանջների խախտմամբ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելուն դրդելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նշված դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար Քննչական կոմիտե:

XS
SM
MD
LG