Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Այսօր ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ


«Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում:

«Ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում: Եվ այս ուղղություններով ժողովրդի օրինական ակնկալիքի կատարումը մեծապես կախված է Դատախազության աշխատանքից», - ասված է ուղերձում:

«Ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է Դատախազության համար, որովհետև հենց Դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձևակերպեն որպես մեղադրանք և դրանք պաշտպանեն դատարանում», - նշված է ուղերձում, որը հրապարակել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: - «Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված և ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը»:

«Առաջիկայում Դատախազությունը կստանձնի ևս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, և օրենսդրական այս նորամուծությունն է՛լ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից», - իր ուղերձում ընդգծել է պետության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG