Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի քաղաքապետ. «Հայ համայնքի հետ ենք՝ ընդդեմ բռնության»


Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթի, արխիվ
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթի, արխիվ

«Մենք հայ համայնքի հետ ենք՝ ընդդեմ բռնության», - հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին:

«Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի քաղաքացիական Ատոմային էլեկտրակայանին հարվածելու իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին», - գրում է քաղաքապետը Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Երկխոսությունը և դիվանագիտությունը դեպի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն տանող միակ ուղին են», - շեշտում է Էրիկ Գարսեթին:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե «հայկական կողմը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի սպառազինությունում ընդգրկված ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»:

Հայաստանը դատապարտեց այդ հայտարարությունը՝ որակելով պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրա վրա:

Շաբաթ օրը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես շեշտեց. - «Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»:

XS
SM
MD
LG