Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հարավում կորոնավիրուսի սրընթաց տարածումը շարունակվում է


Ֆլորիդայի լողափներից մեկը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է սրընթաց կերպով աճել։ Վերջին մեկ օրում երկրի տարածքում Covid 19-ի ավելի քան 60 հազար նոր դեպք է արձանագրվել։

Ամենածանր կացությունն այս պահին Ֆլորիդայում է, որտեղ, ըստ առողջապահության նահանգային դեպարտամենտի տվյալների, կիրակի օրը կորոնավիրուսի ավելի քան 12 հազար նոր դեպք է հայտնաբերվել։ Ստեղծված կացությունը Ֆլորիդայի իշխանություններին ստիպում է աննախադեպ կոշտ գործողությունների դիմել։ Կիրակի երեկոյան, մասնավորաբար, հայտնի դարձավ, որ Մայամիի ծովափնյա զբոսաշրջային հատվածում պարետային ժամ է սահմանվում՝ երեկոյան 8-ից մինչև առավոտյան 6-ը, որը գործելու է մինչև հուլիսի 24-ը։

«Հուսով ենք, որ վաղաժամ փակելով Մայամի-Բիչի այս հատվածը, որտեղ շատ են դիմակ չկրող և սոցիալական հեռավորության պահանջն անտեսող այցելուները, հնարավոր կլինի բացառել բազմամարդ երեկույթները, հնարավոր կլինի այդ մարդկանց հետ ուղարկել իրենց հյուրանոցներ։ Մյուսներին մեր քաղաքում վտանգ չի սպառնում», - հայտարարել է Մայամիի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Էռնեստո Ռոդրիգեսը։

Այս պահին համաճարակաբանական կացությունը ծանր է հատկապես Միացյալ Նահանգների հարավային շրջաններում։ Ֆլորիդայից բացի, վարակակիրների թիվը աճում է նաև Տեխասում, Կալիֆորնիայում։ Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով, հուլիս ամսին կորոնավիրուս ախտանիշով հոսպիտալացվածների ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել միանգամից 14 նահանգներում։

Չնայած դրան, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, թե համաճարակաբանական իրավիճակը երկրում կառավարելի է, դաշնային մակարդակով էլ հավելյալ միջոցառումների, օրինակ, դիմակներ կրելը պարտադիր դարձնելու կարիք չկա։

«Ես հավատում եմ դիմակների արդյունավետությանը, սակայն դրանք կրել-չկրելու հարցի որոշումը ես թողնում եմ նահանգապետերին։ Ի վերջո պետք է հասկանալ, որ կորոնավիրուսի դեպքերի մի զգալի մասը երիտասարդների մոտ է, որոնք մեկ օրվա ընթացքում ապաքինվում են։ Կարծում եմ, վարակակիրների 99,7 տոկոսը ապաքինվում է և նրանք շատ արագորեն են առողջանում», - հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Նույն հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ կորոնավիրուսի շուրջ իրավիճակը, այդ թվում արձանագրված մահերի քանակը, այնքան էլ մտահոգիչ չէ։

«Ես կարծում եմ, որ մենք մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը ունենք», - հայտարարել է Թրամփը՝ բախվելով հարցազրույցը վարող լրագրողի հակազդեցությանը, որը ուղղակիորեն հակադարձելով ԱՄՆ ղեկավարին, պնդում էր, թե նրա ձեռքի տակ եղած տվյալները իրականության չեն համապատասխանում։

Նշեմ, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, համաճարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսից ավելի քան 140 հազար մարդ է մահացել։ Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահերի թվով Միացյալ Նահանգները աշխարհի առաջատար տասնյակում են։

Իսկ համաճարակի ամերիկյան էպիկենտրոն Ֆլորիդայից հաշված կիլոմետրեր այն կողմ՝ Կուբայում, հայտարարում են կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին։ Կիրակի օրը երկրում առաջին անգամ վարակի ներքին փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել։ Համաճարակի ողջ ընթացքում Կուբայում կորոնավիրուսի 2500 դեպք է արձանագրվել, 87 մարդ մահացել է։

Լատինաամերիկյան մյուս պետություններում կացությունն անհամեմատ ավելի ծանր է։ Անցած գիշեր Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը հատեց 80 հազարի, Մեքսիկայում՝ 39 հազարի, Պերուում՝ 13 հազարի շեմը։

Եվրոպայում, որտեղ կորոնավիրուսի տարածումը թվում էր թե հաջողվել է վերջնականապես զսպել, բռնկման նոր օջախ է դարձել Կատալոնիան։

Իսպանիայի հյուսիսում գտնվող ինքնավար այս երկրամասի առողջապահության պատասխանատուների խոսքով, վերջին 24 ժամերին այստեղ հազարից ավելի նոր վարակակիր է հայտնաբերվել, ավելի քան 96 հազար մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում։

Ասիական մայրցամաքում ամենամտահոգիչ իրավիճակը Հնդկաստանում է, որը վարակակիրների թվով այս պահին աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Այստեղ կորոնավիրուսի շուրջ 1 միլիոն 120 հազար դեպք է արձանագրվել, ավելի քան 27 հազար մարդ մահացել է։

Համաճարակի տարածման ֆոնին գլխավոր անպատասխան հարցերը վերաբերում են պատվաստանյութի ստեղծման ժամկետներին։ Եթե ամերիկացի մասնագետները հույս են հայտնում, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կստեղծվի արդեն այս տարվա ընթացքում, ապա Մեծ Բրիտանիայում անգամ նման զգուշավոր լավատեսությունից գերադասում են զերծ մնալ։

«Ես հուսով եմ, սակայն 100 տոկոս համոզվածությամբ պնդել, թե մենք պատվաստանյութը կկարողանանք ստանալ այս տարի կամ նույնիսկ գալիք տարի, կարծում եմ չափազանցություն կլիներ։ Մենք դեռ նման արդյունքի չենք հասել», - այսօր Անգլիայի հարավ-արևելյան շրջաններ կատարած այցի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

XS
SM
MD
LG