Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 14.5 միլիոնը, մահացել է ավելի քան 606 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 8,1 միլիոնը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսել, 20-ը հուլիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 14.5 միլիոնը, մահացել է ավելի քան 606 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 8,1 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակակիրների թվով առաջինը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանգստյան օրերին հայտարարեց օրվա կտրվածքով վարակվածների թվի նոր ռեկորդային աճի մասին:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի գրեթե մեկ քառորդը ԱՄՆ-ում է: Ներկայումս Ֆլորիդան Միացյալ Նահանգներում համաճարակի կենտրոնն է, պարետային ժամ է սահմանվել Մայամիի որոշ մասերում:

Հնդկաստանում, որտեղ ավելի քան 1 միլիոն վարակված կա, համաճարակը, մասնագետների կարծիքով, դեռ չի հասել գագաթնակետին:

Այսօրվանից Ֆրանսիայում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի վախի պատճառով երկրում խստացվել են սահմանափակումները: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր փակ հասարակական վայրերում` ներառյալ երկաթուղային կայարանները և օդանավակայանները, բանկերը և փոստային բաժանմունքները, խանութները և տաճարները: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք:

Եվրամիության երկրների ղեկավարները երեք օր քննարկել են տնտեսական վերականգնմանն աջակցելու 2021-2027 թվականների ծրագիրը, բայց այդպես էլ համաձայնության չեն եկել: Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են միջոցներ հատկացնել ԵՄ երկրներին ՝ առանց տոկոսների, սուբսիդիաների տեսքով: Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Շվեդիան կտրականապես համաձայն չեն դրան: Այս երկրների ղեկավարները պնդում են, որ հարկավոր է խիստ վերահսկողություն իրականացնեն և հետևել, թե որտեղ են ծախսվելու գումարները: Տարաձայնություններ կան նաև եվրոպական տնտեսությունն ավելի «կանաչ» դարձնելու վերաբերյալ:

Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն ասում է, որ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ կարող է ծախսվել, գլխավորն այն է, որ օգնության փաթեթը «լայնածավալ և հավակնոտ լինի»:

Բյուջեն պետք է կազմվի և ընդունվի մինչև այս տարվա վերջ:

XS
SM
MD
LG