Մատչելիության հղումներ

Տավուշի մարզպետ. Այսօր որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Իջևան, 18 հուլիսի, 2020թ.

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը, որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ, քիչ առաջ Իջևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Ըստ նրա` սա թույլ է տվել գրեթե ամբողջությամբ վերականգնելու վնասված ենթակառուցվածքները, մարդիկ կարողացել են վերադառնալ իրենց աշխատանքներին:

«Զուգահեռ իրականացվել են գույքագրման աշխատանքները: Արդեն այսօրվա դրությամբ առանձնացվել են 12 տուն. 6-ը` Այգեպար գյուղում և 6 տուն՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները», - ասաց նա` միաժամանակ հավելելով, որ արդեն 2 բնակարաններում այդ աշխատանքներն ընթանում են:

«Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են տներ, որոնք հրետանակոծվել են ոչ թե այս օրերին, այլ նախորդ հրետանակոծությունների ժամանակ: Այդ տները նույնպես կվերանորոգվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են տեղի շինարարական ընկերությունների և շինարարների կողմից, ինչպես նաև մեր այն հայրենակիցների կողմից, որոնք համավարակով պայմանավորված չեն կարողացել մեկնել արտերկիր: Սա չի նշանակում, որ անվտանգության նորմերն այս օրերին խախտվել են», - ասաց Հայկ Չոբանյանը` շարունակելով. - «Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաև քաղպաշտպանության համակարգերում, այդ թվում նաև համալրումներ են նախատեսվում ապաստարաններում, արդեն իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, գյուղերին տրամադրվել են շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող ճանապարհին, և՛ Ճամբարակից, և՛ Իջևանից, և՛ Վազաշենից: Անցակետերի նպատակն է ընդհանուր հսկողությունը ելքի, մուտքի նկատմամբ, որպեսզի հնարավոր սրացումների դեպքում օգնությունն ավելի հասցեական լինի»։

Նա կոչ արեց մարզի բնակիչներին, նույնիսկ եթե տեղափոխվել են այլ վայր, կապվեն համապատասխան հանձնախմբի հետ որևէ խնդիր ունենալու դեպքում:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG