Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։
ԱԳ նախարարն առանձնահատուկ նշել է կրակի դադարեցման և 1994 թվականի հրադադարի լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համատեքստում Զոհրաբ Մնացականյանը դատապարտել է Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:
Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր բախումների մասին: Հայկական կողմը հայտնել է, որ այդ մարտերի հետևանքով զոհեր և վիրավորներ չունի, կորուստներ ունի հակառակորդը: