Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը չի հերքում` Ղարադաշ բարձունքն այժմ հայկական ԶՈւ-ի վերահսկողության տակ է


Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանն, ըստ էության, չհերքեց՝ Տավուշի մարզի Մովսես, Չինարի և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի մոտ գտնվող Ղարադաշ բարձունքն այժմ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է։ Սիմոնյանը գիշերը Ֆեյսբուքում առանց որևէ մեկնաբանության գրել էր՝ Ղարադաշ:

Ճշտող հարցին՝ հենց դա՞ էր ակնարկում, Սիմոնյանն արձագանքեց՝ առանց մեկնաբանության։

Խորհրդարանի փոխխոսնակը կարծում է՝ այս օրերի իրադարձությունների ու 2016-ի ապրիլյան պատերազմի միջև կան տարբերություններ. - «Որևիցե մեկի մոտ այսօր ոչ առիթ, ոչ կասկած կարող է լինել, որ ռազմավարական, մարտավարական կամ որևիցե մեկ այլ առումով մենք որևիցե թիզ հող կհամարենք չպետքական: Ես կարծում եմ` իմ ակնարկը բոլորը հասկացան»:

Հայաստանի սահմաններին տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքում ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ թողնելու, համախմբման կոչերին զուգահեռ քիչ չէ Փաշինյանին ու նրա իշխանությանն ուղղված քննադատությունն ինչպես ներքաղաքական, այդպես էլ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: Նախկին իշխանությունից՝ Հանրապետականի շարքերից ակնարկներ էլ կան ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ ընդդիմությունն ինչ անի, իրեն կանի, հանրությունն իր գնահատականը տալիս է. - «Իշխանությունն իր գործն անելու է անկախ նրանից, թե ով որտեղ ինչ ցնդաբանությամբ կզբաղվի, կարող եմ ասել, որ վերջին 2 օրվա ընթացքում նույնիսկ չեմ հետևում, որովհետև մեզ համար ավելի կարևոր է այն, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին: Մեզ համար ստվերել է մնացած ամեն ինչ»:

Պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի տեսակետը, թե «ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական հարցերը դառնում են երկրորդական», բոլորի խնդիրը մեկն է՝ «լինել միասնական, լինել պետության կողքին»: Ի՞նչ է նշանակում Կառավարության հրաժարականը պահանջող ու այդ հարցում համախոհներ փնտրող ընդդիմադիր ուժի ղեկավարի հայտարարությունը:


ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ ոչ ամենևին դիրքորոշումից հրաժարում․ - «Քանզի այ սենց իրավիճակ է, ապա ներքաղաքական յուրաքանչյուր ուժ, կապ չունի` ով ուզում է լինել, իշխանություն կլինի, ընդդիմություն կլինի, յուրաքանչյուր ուժ եթե խաղացրեց ներսում որոշակի պրոցեսներ, ապա դա իրականում շատ վտանգավոր է: Այստեղ գնահատականներից հետ կանգնել չի, սա մեր դիրքորոշումից հետ կանգնել չէ: Սա մի իրավիճակ է, որ արտաքին վտանգին մենք պետք է լինենք բոլորս ազգովի միասնական»:

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ երբ երկիրը լայնամասշտաբ պատերազմի մեջ չէ, իշխանության բացթողումներից խոսել կարելի է. - «Կան տարբեր պրոցեսներ, կան տարբեր սահմանափակումներ, այդ ամեն ինչը գործում է, դա չի դադարում, հետևաբար մարդիկ նաև իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը դրա հետ կապված հնչեցնելու: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ է խոսվել, միշտ էլ խոսվելու է, չի կարող չխոսվել»:


Իսկ այս պահին «Լուսավորը» բոլոր կապերն օգտագործում է, ինչպես ձևակերպեց Մարուքյանը, «թշնամուն իր տեղը նստեցնելու համար»․ տեղեկացնում են միջազգային հանրությանը Հայաստանի վրա տեղի ունեցող ադրբեջանական հարձակման մասին, ակնկալում հասցեական արձագանք. - «Որովհետև Ադրբեջանը հիմա այնտեղ փորձում է ասել, որ մեզ վրա են հարձակվում և այլն, և մենք սա շատ խիստ տոնայնությամբ ներկայացնելու ենք և պահանջում ենք միանշանակ և աներկբա արձագանք: Նամակը պատրաստված է Եվրոպական պառլամենտից նախագահից Եվրոպական հանձնաժողովի նախագահին ենք դիմում, նաև ԱԼԴԵ(ALDE) (ԼՀԿ-ն «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք»-ի անդամ է- Էդմոն Մարուքյան) քաղաքական մեր թիմին, մեր խմբին, որը մեծ ազդեցությունի ունի թե ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, թե ԵԽԽՎ-ում, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում»:

Իշխանությունից, այս դեպքում՝ Արտգործնախարարությունից «Լուսավորն» ակնկալում է, որ երեկվա հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ պահանջեն ՎՈւԱՄ երկրներից, որի անդամ են Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Մինչ հայկական կողմը հայտարարում է, որ հունիսի 12-ի կեսօրից հրադադարը սկսել է խախտել ադրբեջանական կողմը՝ թիրախավորելով նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, ՎՈւԱՄ-ի քարտուղարությունը երեկ դատապարտեց հայկական զինված ուժերի հարձակումը Թովուզի ուղղությամբ՝ տարածելով նաև Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունը, թե «իրավիճակը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»:

«Մենք պետք է պարզաբանում և բացատրություններ պահանջենք այդ միակողմանի, սադրիչ հայտարարության համար, որն արվեց: Մոլդովայի դեսպանը Մոսկվայում է նստում, բայց Վրաստանի և Ուկրաինայի դեսպաններն այստեղ են, և ԱԳՆ-ն պետք է նրանց հրավիրի և բացատրություններ պահանջի այս մասով», - նշեց Մարուքյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ ներկայացրել է Հայաստանի արտաքին գերատեսչության գնահատականը Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG