Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան․ Հակառակորդը կատարել է մեծ սխալ, և պիտի օգտագործել այս սխալը


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«Ազատությունը» զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանին հետ։

Անդրադառնալով վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողություններին`Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը, մասնավորապես, ասաց. – «Մեր բանակի զգոնությունը և բարեհաջող մի քանի քայլերը ողջունելի են: Այս վերջին տարիներին մենք հազվադեպ ենք այդպիսի հաջող գործողությունների և համարձակ գործողությունների ականատեսը լինում: Երկար տարիներ հյուսիս-արևելյան հատվածի մեր պաշտպանական գիծը դժբախտաբար արցախյան պաշտպանական գծի նման և տրամաբանությամբ չէ, որ գծվել է: Մենք ունենք շատ վատ ժառանգություն 90-ականների սկզբից` անհեթեթ զիգզագներով պահպանված մի սահման է, որտեղ գերիշխում է հակառակորդը: Մեր Տավուշի բնակելի վայրերի զգալի մասը մինչ այսօր ուղիղ նշանառության տակ է հակառակորդի կողմից, հանգիստ կարողանում են մեր շրջկենտրոնները ռմբակոծել, ինչին մենք ականատես ենք լինում հենց այսօր: Հակառակորդը կատարել է մեծ սխալ, և պիտի օգտագործել այս սխալը, և չկրկնել նույն սխալը, որ 2016 թվին մենք արեցինք: Ես նկատի ունեմ հայտնի քառօրյա պատերազմը, երբ նրանք մեզ բոլոր հնարավորությունները, միջազգային իրավունքի հիման վրա կատարելիք բոլոր քայլերի հնարավորությունը մեզ համար ստեղծել էին` պաշտպանվելու իմաստով քայլեր կատարելու: Այս երկու օրվա ընթացքում, երբ մենք հետևենք, թե ինչպես սկսվեց այս ամեն ինչը, մենք կնկատենք, որ հայկական զորքը, հայկական ստորաբաժանումները իրենց գործողությունները բացառապես կատարում են միայն ու միայն ոչ բնակելի տարածքներում և գործ են ունենում միայն հակառակորդի զորքի ստորաբաժանումների հետ: Սակայն հակառակորդը պատասխանում է, ինչպես միշտ, երբ որ նրանք նեղն են հայտնվում, արդեն կարմիր գծերը հատում են և խնդրեմ` արդեն ռմբակոծում են 120 միլիմետրից ավելի բարձր տրամաչափի հրետանիով մեր բնակելի վայրերը: Եվ հիմա լրիվ հիմնավորումը կա, և մենք իրավունքը ունենք այսօր լռեցնելու այն կետերից, որտեղից որ այդ ռմբակոծումը տեղի է ունենում մեր խաղաղ բնակչության վրա... ոչ միայն ոչնչացնելով այդ հրետանու կետերը, այլ աշխարհագրական այդ կետերը պետք է վերահսկելի լինեն մեր զինված ուժերի կողմից:

«Մեր իրավունքն է պաշտպանվելը», - շարունակեց Սեֆիլյանը: - «Նվազագույն իրավունքն է, որը ոչ ոք, ոչ մի միջազգային գերուժ չի կարող այս մեր իրավունքին հակառակ խոսք ասել: Եթե 2016 թվին մենք կորցրեցինք պատմական առիթը, որ հաճախ չի լինում` ազատագրելու, հետ վերադարձնելու Շահումյանի շրջանը, այսօր մեզ տրված է տրված է հնարավորություն Արծվաշենը վերադարձնելու: Եվ մեկընդմիշտ հյուսիս-արևելյան սահմանը` հյուսիսից մինչև Քարվաճառի հատվածը էս անհեթեթ զիգզագային սահմանից դուրս պիտի գանք: Որովհետև աշխարհը ևս կհասկանա, որ այդպիսի գիծ պահել հնարավոր չի: Խոսք չի վերաբերում, թե խորանանք 50-100 կիլոմետր: Վերջապես մեր ժողովրդի համար որն է ապահով, այդ գիծն էլ քաշենք»:

Հարցին, թե արդյոք դա չի նշանակի լայնածավալ պատերազմ, Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց. – «Գիտեք ինչ, եթե հակառակորդը 120 միլիմետրանոց ռմբակոծում է քո բնակելի շրջկենտրոնները, ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա պատերազմ չէ, ապա ի՞նչ է...»

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG