Մատչելիության հղումներ

Բոլիվիայի ժամանակավոր նախագահը վարակվել է կորոնավիրուսով


Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը նախագահական նստավայրի պատշգամբում, արխիվ

Հարավային Ամերիկայում ևս մեկ երկրի նախագահ վարակվել է կորոնավիրուսով։ Բոլիվիայի նախագահ Ժանին Անյեսը երեկ հայտնեց, որ իր թեստի պատասխանը դրական է: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

Կորոնավիրուսը տարածվել է Բոլիվիայի կառավարությունում։ Իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ առնվազն 7 նախարար, այդ թվում՝ առողջապահության նախարարը վարակված են կորոնավիրուսով: Նրանց մի մասը հիվանդանոցում է, մի մասն էլ բուժում է ստանում տանը։

Անյեսն ասել է՝ քանի որ կառավարության անդամների մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ինքը նույնպես թեստ հանձնեց, որի պատասխանը դրական է։

«Ես ինձ լավ եմ զգում, ուժեղ եմ զգում և ինքնամեկուսացման մեջ պատրաստվում եմ շարունակել աշխատել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բոլիվիայի բոլոր քաղաքացիներին, որոնք աշխատում են օգնել մեզ առողջապահական այս ճգնաժամում», - գրել է նա։

Առողջապահական այդ ճգնաժամի պայմաններում Բոլիվիայում ընտրություններ են սպասվում։ Այն պետք է անցկացվեր մայիսին, բայց համավարակի պատճառով հետաձգվել էր մինչև գալիք սեպտեմբերի 6-ը։

Ժանին Անյեսը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է։ Ութ-ինը ամիս առաջ երկրում տեղի ունեցած ցնցումներից հետո ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու խնդիրը դեռևս լուծված չէ։

Անցած տարվա աշնանը Բոլիվիայում մի քանի շաբաթ տեղի ունեցած զանգվածային ցույցերի, բախումների հետևանքով երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսը հրաժարական տվեց, իսկ հրաժարականից երկու օր անց հեռացավ երկրից՝ ապաստան գտնելով Մեքսիկայում։

Սենատոր Ժանին Անյեսը նշանակվել էր Բոլիվիայի ժամանակավոր նախագահ։ Սկզբում նա ասել էր, թե ապագա ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, բայց հետո միտքը փոխել է։ Նրա մրցակիցներից է համարվում նախկին նախագահներից Խորխե Քիրոգան։

Բայց այս տարվանից արդեն կորոնավիրուսի համավարակն է թելադրում իր պայմանները։ Գարնան վերջերից Հարավային Ամերիկան դարձել է համավարակի օջախներից մեկը։ Covid-19 վիրուսը լայնորեն տարածված է հատկապես Բրազիլիայում, Պերույում, Չիլիում, Մեքսիկայում, այս չորս երկրներում միասին վերցրած կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 2,5 միլիոնը։

11,5 միլիոն բնակչություն ունեցող Բոլիվիայում կորոնավիրուսի շուրջ 44 հազար դեպք է հաստատվել, մահացածների թիվն անցել է 1600-ը։

Ժանին Անյեսը Հարավային Ամերիկայի երկրների արդեն երրորդ նախագահն է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Վերջերս կորոնավիրուս էր հայտնաբերվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի և Հոնդուրասի նախագահ Խուան Էրնանդեսի ու նրա կնոջ մոտ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռուստաուղերձով միջազգային հանրությանը կոչ է արել ֆինանսական օգնություն ցուցաբերել լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին, թեթևացնել նրանց արտաքին պարտքը, աջակցել նրանց՝ հաղթահարելու համավարակը և սոցիալ տնտեսական դժվարությունները:

Հյուսիսային Ամերիկայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածվածությամբ առաջատար երկիրը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Վերջին երկու օրերին հաստատվում են ռեկորդային բարձր թվեր. չորեքշաբթի օրը հաստատվել էր կորոնավիրուսի 60 հազար դեպք, հինգշաբթի՝ 60 հազար 500 դեպք: ԱՄՆ-ում աճել է նաև մահացությունը՝ 800 նոր դեպք վերջին երեք օրվա ընթացքում:

Նահանգներից ամենաշատ դեպքերն այս շաբաթվա ընթացքում արձանագրվել են Կալիֆորնիայում, Տեքսասում և Ֆլորիդայում: Մայամիի բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավարն ասել է, որ լրացուցիչ մահճակալներ են դրել իրենց հիվանդանոցում:

«Covid-ով վարակվածների համար մենք 24 մահճակալ ունեինք, հետո ստիպված էինք կորոնավիրուսով հիվանդներին տրամադրել երկրորդ և երրորդ հարկերը, հիմա արդեն նաև չորրորդ և հինգերորդ հարկերը և որևէ բարելավում չենք տեսնում», - նշել է թերապիայի բաժնի ղեկավարը:

Վկայակոչելով հիվանդանոցի իրավիճակը նաև մարդկանց կոչ է արել դիմակներ կրել և լուրջ վերաբերվել վիրուսին:

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 3 միլիոն 200 հազար դեպք, մահացածների թիվը գերազանցել է 135 հազարը, ավելի քան 1 միլիոն 400 հազար հիվանդ բուժվել է:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 400 հազարը, վարակվածներից ավելի քան 550 հազարը մահացել է, 7 միլիոնից ավելին՝ ապաքինվել:

XS
SM
MD
LG