Մատչելիության հղումներ

Իսրայելի հայկական կրթօջախները ուսուցման նոր ծրագրեր են ձեռք բերում` անակնկալներից խուսափելու համար


Դպրոց Իսարյելում, արխիվ
Դպրոց Իսարյելում, արխիվ

Վարչական տուգանքների հարցը կքննարկվի

Իսրայելում ինչպես կանխատեսվում էր, արդեն կառավարության մակարդակով խոսում են նոր տիպի կորոնավիրուսի տարածման 2-րդ ալիքի մասին: Այսօր երեկոյան կառավարության արտակարգ նիստ է հրավիրվել:

Միաժամանակ նման պայմաններում թույլատրվել է վերաբացել կինոթատրոններն ու հարսանյաց սրահները: Արդեն 3 ամիս է, ինչ երկրում դիմակներ կրելը պարտադիր է ու 200 շեկել, այսինքն` մոտ 55 դոլար տուգանք է նախատեսված չկրելու համար: Ի դեպ, այսօր նաև տուգանքների ու վարչական պատասխանատվության ենթարկելու ավելի խիստ միջոցներն են քննարկվելու:

Երեկ երկրում ախտորոշվել է 294 նոր վարակակիր այն դեպքում, երբ հունիսի սկզբին օրական միայն 18-20 նոր դեպքեր էին գրանցվում: Բուժում է ստանում 4 հազար 716 պացիենտ, որոնցից 43-ի վիճակը չափազանց ծանր է: 305 մարդ մահացել է:

Իսրայելում շարունակում է աճել վարակված աշակերտների թիվը

Եթե նախկինում Covid-19-ը ներթափանցել էր Իսրայել արտասահմանից, ապա այսօր արդեն այն տարածվում է շատ արագ ողջ երկրի տարածքում, և հնարավոր չէ բացահայտել դրանց օջախները, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Մայիսի 4-ից բացվեցին տարրական դասարանները դպրոցներում, իսկ մայիսի 18-ից արդեն ողջ ուսումնական համակարգը վերագործարկվեց, արդյունքները, սակայն, մտահոգիչ են: Այսօր ծնողները, ուղարկելով երեխային դպրոց, վստահ չեն, որ հաջորդ օրն այդ կրթօջախը չի փակվելու:

Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 20 հազար 633 մարդ: Այս թվերի մեջ չափազանց բարձր է ու շարունակում է աճել վարակված աշակերտների թիվը: 2.3 տասնորդական միլիոն աշակերտներից ու 200 հազար ուսուցիչներից 714-ը վարակվել են կորոնավիրուսով: 21 հազար 555 մարդ գտնվում է այժմ կարանտինի մեջ, փակվել է 215 դպրոց ու մանկապարտեզ: Միջին ու բարձր դասարանների աշակերտներն այսօրվանից արդեն արձակուրդում են, իսկ տարրական դասարանները կշարունակեն ուսումը մինչև հունիսի վերջ, ժամկետների մեջ զգալի կրճատումներ են եղել:

Իրավիճակը հայկական համայնքում

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա մինչև օրս վարակակիրներ չկան, և մահացության դեպքեր չեն գրանցվել: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ինչպես արդեն հայտնել ենք, նույնիսկ կառավարության որոշումից առաջ էր փակել համայնքը, որի պատճառով հայկական թաղամասն ինքնամեկուսացվել է: Չնայած արդեն բացվել են հարսանյաց սրահները, ու մինչև 250 մարդ հավաքվելու թույլտվություն կա, հայկական համայնքի երկաթյա դարպասները մինչև այսօր փակ են, ու միայն փոքր դռնից են համայնքի անդամներն ելումուտ անում:

Հայկական կրթօջախներում ավարտական միջոցառումներն ու քննություններն ավարտվել են: Պետախ Տիկվայի հայկական դասարանը սահմանափակումների առաջին օրվանից ժամանակավորապես փակվել է: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը մասամբ օնլայն, մասամբ էլ տեղում անցկացրել է ուսումնական գործընթացն ու արդեն ավարտել տարին:

Վարժարանի ու ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց. - «Ուսուցման, դասընթացի ձևը և նաև աշակերտությունը տարբեր համակարգի մեջ են, քանի որ մեր վարժարանը գիշերօթիկ վարժարան է, և նույն տարածքում են ապրում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները հիմնականում, որոնք Հայաստանից են: Մենք կարողացանք ապրիլի կեսերին վերսկսել մեր կրթական ծրագրերը, որոշ առարկաներ հեռավար կարգով էր արվում, այն դասախոսներ, որոնք դրսում են ապրում, իսկ վանքի տարածքում ապրող դասախոսները դասընթացն անցկացնում էին սովորական ձևով»:

Կրթօջախն ընդամենը մեկ ամիս է արձակուրդ ունեցել ու արագ վերագործարկելով ուսումնական գործընթացը` այն ավարտին է հասցրել: 169 աշակերտ ունեցող աշխարհիկ Թարգմանչաց վարժարանը ևս ուղարկել է իր աշակերտներին ամառային արձակուրդների: Թարգմանչաց վարժարանի տեսուչ Արտեն քահանա Աբրահամյանի տեղեկացմամբ` մայիսի սկզբներից վերաբացվեց հայկական դպրոցը միայն առաջինից 3-րդ դասարանների երեխաների համար, ու դասի հաճախող հայ աշակերտներն էլ պարտադիր դիմակներով ու ձեռնոցներով էին, պահում էին սոցիալական հեռավորություն, պարտադիր ջերմաչափվում ու ախտահանիչ նյութեր օգտագործում. - «Մայիսի 22-ին սկսեցին գալ արդեն 4, 5, 6 դասարանները, բայց հատուկ կանոնադրությամբ` շաբաթը 2 օր, իսկ վերջին 3 դասարանները` 10, 11, 12 դասարանները ներկա չգտնվեցին, որորովհետև իրենց GS (գիմնազիա) քննություններն արդեն սկսվել էին, որը պետք է արդեն հանձնեին: Հիմնականում դրանք օնլայն տարբերակներն էին»:

Ոչ բոլոր ծնողներն էին, սակայն, իրենց երեխաներին դպրոց ուղարկել, այն ընտանիքներն էլ, որոնք համայնքից դուրս են ապրում, զրկված էին այդ հնարավորությունից: Ինչ վերաբերում է օնլայն ուսուցմանը կարանտինի ժամանակ, ապա ետ չմնալով ժամանակակից տեխնոլգիաների ներդրումից, բացի հայտնի Zoom և Google classroom ծրագրերից, Թարգմանչաց վարժարանը նոր հատուկ համակարգ է ձեռք բերել՝ հաջորդ ուստարում անակնկալներից զերծ մնալու համար. - «Deepalance ծրագիրը, որը մենք հատուկ սիստեմ ենք գնել, որպեսզի մեր դպրոցն այդ սիստեմով աշխատի: Դա միայն մեր դպրոցի համար է գնված», - ասաց Թարգմանչաց վարժարանի տեսուչը:

XS
SM
MD
LG