Մատչելիության հղումներ

Իսրայելաբնակ հայ գործարարներն ու անհատ ձեռներեցները դժվարին կացության մեջ են հայտնվել


Լուսանկարը` Կարո Սանդրունու անձնական արխիվից
Լուսանկարը` Կարո Սանդրունու անձնական արխիվից

Գործազրկություն, ճանապարհային հսկայական խցանումներ ու բազմամարդ հերթեր, ահա այսպիսի հեռանկար է սպասվում Իսրայելի քաղաքացիներին նոր տիպի կորոնավիրուսի համաճարակից դուրս գալուց հետո, գրում են հրեական մի շարք առաջատար լրատվամիջոցներ:

Այսօրվանից երկրում վերսկսվել է ամբողջական ուսումնական գործընթացը՝ արդեն բոլոր դասարանների երեխաները դպրոց են հաճախում, սակայն կան որոշ քաղաքապետարաններ, ստեղծված ծանր կացությունից ելնելով, դեռ չեն շտապում բացել կրթօջախները: Իսրայելում այս պահին գրանցվել է ընդամենը 19 նոր դեպք, համավարակի տարածումից ի վեր մահացել է 267 մարդ: Հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 3 հազար 485 պացիենտ:

Սրան զուգահեռ չափազանց բարձր է մնում գործազրկության ցուցանիշը: 1 մլն 200 հազար գործազուրկից իրենց աշխատանքներին են վերադարձել միայն մոտ 49 հազար քաղաքացիներ: Փետրվարին երկրում գրանցվել է 3,9 տոկոս գործազրկություն, իսկ այսօր` 26,58 տոկոս: Հարավում` Կարմիր ծովի ափին գտնվող Էլյաթ քաղաքում, օրինակ, գործազրկությունը կազմում է 70 տոկոս: Փետրվարի 3-ին հեղինակավոր «Քեուվորլդ մեգազին» հանդեսը հոդված էր հրապարակել 150 երկրի վերաբերյալ, որի մեջ ըստ սպառողական զամբյուղի, բնակարանային շուկայի գների, վարձով տրվող բնակարանների և մի շարք այլ չափորոշիչների ներկայացված էին աշխարհի ապրելու համար ամենաթանկ և ամենաէժան պետությունները: Իսրայելը, մեկ տարվա ընթացքում 13-ից առաջ անցնելով բազմաթիվ արևմտաեվրոպական երկրների, դարձել էր աշխարհի 8-րդ ամենաթանկ պետությունը:

Ահա կորոնավիրուսի հետևանքով այսօր մոտ 75 հազար 100 մանր, միջին ու խոշոր ձեռնարկություններ չեն աշխատում, ու արդյունքում, բացի էժանացած վառելիքից, բոլոր ապրանքների 8-15 տոկոս թանկացում է տեղի ունեցել: Ի դեպ, սրան է գումարվում նաև քաղաքական ծանր իրավիճակում Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվելիք ուռճացված կոալիցիոն կառավարությունը, որն ունենալու է 36 նախարար ու 16 փոխնախարար: Թե նման գործազրկության բարձր ցուցանիշների պարագայում Նեթանյահուի կառավարությունը պահելու համար քանի հարյուր միլիոն դոլարներ են ծախսվելու, չի հաղորդվում:

Ինչպես հրեական գործարարները, վատ վիճակի մեջ են հայտնվել նաև հայ գործարարներն ու անհատ ձեռներեցները: Պետախ Տիկվայում գրաֆիկական աշխատանքներով զբաղվող գործարար Դավիթ Գալֆայանն «Ազատության» հետ զրույցում նկատեց.- «Պետությունն օգնեց շատ չնչին գումարով, որը համարյա չզգացինք, վարկեր չեմ վերցրել, որովհետև ինչ փող ունեի հետ գցած, դա օգնեց ինձ, իսկ պետության օգնությունը շատ չնչին էր, և չգիտենք` ինչպես այդ օգնությունը կանդրադառնա ապագայում»:

Ասել կուզի, որ գործարարներին վճարված օգնությունը կառավարությունը նոր մտածված հարկերով ու տուրքերով հետ կստանա գործարարներից, նշում է Գալֆայանը.- «Պարզ է, որ պետությունը պետք է այդ փողն ինչ-որ ձև վերադարձնի և ոնց է վերադարձնելու, դա հարց է»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համեմատած զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտի հետ շատ չի տուժել, բայց տնտեսության մի շարք ճյուղերի կոլապսն ու սնանկացումը վատ է անդրադառնում մյուս ոլորտների վրա ևս: Երուսաղեմում, օրինակ, շատ հայեր կան հյուրանոցային ու զբոսաշրջության ոլորտում աշխատող, ու մարդիկ զանգվածար դարձել են գործազուրկ: Կառավարությունը դպրոցները վերաբացեց ու փորձում է վերագործարկել ձեռնարկությունները.- «Ես մտածում եմ, որ իրենք շուտ են ուզում դուրս գալ այս իրավիճակից և ժողովրդին բաց են թողնում աշխատանքի, որովհետև ինձ թվում է, որ կլինի երկրորդ ալիքը կորոնավիրուսի: Ուղղակի պետությունը հասկանում է, որ ինքն էլ չի կարող պահել առանց եկամուտի մարդկանց և ռիկսի է դիմում` բաց է թողնում, որ իրենք դուրս գան աշխատանքի, և ոնց դա կանդրադառնա, չգիտենք, կտեսնենք»:

1918 թ.-ից Եղեռնից մազապուրծ եղած ու Սուրբ քաղաքում հաստատված Սանդրունի ընտանիքի ժառանգ, հայկական հախճապակու վարպետ ու արվեստագետ 61-ամյա Կարո Սանդրունին փոքրիկ խանութ ունի Երուսաղեմի հայկական թաղամասում, սակայն չնայած որ մայիսի սկզբից արդեն կարող են աշխատել, իր խանութը հաճախորդներ չունի, քանզի զբոսաշրջիկներ չկան, իսկ լինելու դեպքում էլ առավելագույնը 2 մարդ միաժամանակ կարող է մտնել խանութ, որը խմբի համար ռեալ չէ, ու վիճակը հայկական խանութների ու բիզնեսի չափազանց ծանր է այստեղ:

«Առավոտից մինչև գիշեր նստում ես խանութում, և մեկ հաճախորդ անգամ չկա, բացի հայերը, որ գալիս են, նրանք էլ տարբեր խնդիրներ ունեն, որոնցով են գալիս այստեղ»,- պատմում է նա:

Պետական օգնությունը ոչ բավարար էր խանութի վարձավճարներն ու կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, 3 աշխատողին էլ 3 ամսով տուն էր ուղարկել ու վստահ չէ, որ մարդկանց վերադարձնելու է, ասում է` տուրքերը, կոմունալ ծառայությունների վարձավճարները բավական բարձր են:

Պատրիարքարանի դիվանապետի տեղեկացմամբ` հայկական խանութների վարձավճարների հարցի հետ կապված պատրիարքարանը մնացած հարանվանությունների նման ևս պետք է որոշում կայացնի: Ի պատասխան հարցին, թե սա առաջի՞ն անգամն է, որ երկու ամսից ավելի փակ են խանութները, ասաց.- «Նման օրեր եղել են 1990-ականներին, երբ Սադամ Հուսեյնն այստեղ ռակետներ ուղարկեց, գործն այդ ժամանակ մեռավ»:

Բայց այժմ վիճակն ավելի վատ է, նշում է հայ արվեստագետը` հավելելով` չափազանց աճել են ծախսերը.- «Կարծես թե հիմիկվա ծախսերը 4-5 անգամ ավելի են, ավելի զգայուն է վիճակը, այն ժամանակ այսչափ չէինք զգում, կամ մենք սկսեցինք ավելի շատ ծախսել»:

XS
SM
MD
LG