Մատչելիության հղումներ

Ինչպես է Իսրայելը պայքարում կորոնավիրուսի տարածման դեմ. պատմում են հայ բուժաշխատողները


Պետախ Տիկվայի «Ռաբին» բժշկական կենտրոն

Չնայած, որ Երուսաղեմի շրջանային դատարանի նիստի նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դատապաշտպանները դիմել էին դատարան ու խնդրել, որ վարչապետը ներկա չգտնվեր այսօրվա նիստին, սակայն դատարանը մերժել էր դիմումը` դատական նիստը սկսվել է:

Հիշեցնենք, որ մի քանի դրվագներով նա մեղադրվում է կաշառակերության, մեքենայությունների և հանրային վստահության չարաշահմանմեջ: Ուշագրավն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ է ընդամենը ձևավորվել կառավարությունը, սակայն դատական նիստն արդեն նշանակված էր:

Իսրայելում քաղաքական ճգնաժամի այս ֆոնին` երկիրը գրեթե դուրս է բերվել կարանտինի ռեժիմից: Փակ են միայն դեռ հասարակական սննդի վայրերն ու հարսանյաց սրահները, մասնակիորեն բացվել են նույնիսկ թանգարանները: Այսօր երկամսյա դադարից հետո ի վերջո Երուսաղեմում բացվեց Սուրբ Հարության տաճարը, որը շատ սահմանափակումներով է գործելու` առավելագույնը 50 մարդ կարող է միաժամանակ մուտք գործել տաճար, ախտահանիչ պարագաներ են դրվել մուտքի մոտ: Հավատացյալները պարտադիր պետք է դիմակ կրեն ու սոցիալական հեռավորություն պահպանեն, չի կարելի համբուրել նաև որևէ խաչ կամ այլ սրբություն:

Իսրայելն ու Հայաստանը գրեթե միաժամանակ հայտարարեցին կարանտինի մասին, Հայաստանը նույնիսկ մի քանի օր շուտ, բայց այսօր Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է՝ նոր «ռեկորդներ» սահմանելով, իսկ Իսրայելում ընդհակառակը` արդեն մոտ 2 շաբաթից լրիվ երկիրը կբացվի նույնիսկ զբոսաշրջության համար: Այսօր Իսրայելում անցկացվել է 4 հազար 347 թեստ, որի արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 20 հիվանդ: Այս պահի դրությամբ համաճարակի սկզբից Իսրայելում կատարվել է նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման 536 հազար 306 թեստ, արդյունքում ընդհանուր առմամբ ախտորոշվել էր 16 հազար 712 վարակակիր: Երկրում այսօր բուժվում է 2 հազար 348 քաղաքացի, որոնցից միայն 137-ը` հիվանդանոցներում: Մահացել է 279 քաղաքացի, նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ:

Ինչպե՞ս մոտ 9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելի մոտ ստացվեց կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողել, այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ երկրի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների ու առաջնագծում մինչև օրս կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժքույրերի միջոցով: Պետք է փաստել, որ Իսրայելում չնայած որ ավելի շատ թեստեր էին անցկացնում, քան ասենք 5 անգամ ավելի շատ բնակչություն ունեցող Հարավային Կորեայում, սակայն ոչ բոլոր ցանկացողներին են թեստավորել:

Երուսաղեմի ամենամեծ «Հադասա Էյին Քերեմ» հիվանդանոցում 2 հայ բուժքույր է աշխատում, նրանցից մեկը` «Հառ Հացոֆիմ» բաժանմունքի ավագ բուժքույր, հերթերի տնօրեն Նոյեմի Նալբանդյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց, որ նախ պալատներում սոցիալական հեռավորություն սկսեցին պահպանել.- «Եթե մի սենյակի մեջ 3 հիվանդ կար, 2 հիվանդ սկսեցինք տեղավորել` մեկը մյուսից հեռու: Առանց դիմակ ոչ ոք չէր մտնում: Մինչև հիմա աշխատավոր, թե հիվանդ առանց ջերմությունը չափելու հիվանդանոց չի կարող մտնել, եթե ունի 37.5 տաքություն, չի կարող մտնել հիվանդանոց կամ եթե շնչառության խնդիր ունի»:

Ցանկացած հիվանդ, ով գալիս կամ բերվում է հիվանդանոց, անկախ բուժհաստատության գալու պատճառից, բժիշկների համար համարվում է կորոնավիրուսով հիվանդ, և պացիենտին առանձին սենյակ են տեղափոխում և բոլոր պաշտպանիչ միջոցառումներից հետո միայն ստուգում ու անմիջապես թեստավորում, որի բացասական պատասխանից հետո միայն տեղափոխում են անհրաժեշտ բաժանմունք: Նոյեմի Նալբանդյանի համոզմամբ` յուրաքանչյուր անձ պետք է իր պատասխանատվության զգացումը ունենա: Համաձայն էր այն մտքի հետ, որ հայերի շրջանում այդ ինքնագիտակցությունը շատ բարձր չէ.- «Մեզ մոտ 2 հայ մահացավ, և մենք թաղման գնացինք: Այո, շատ մարդ չկար` 50-60 հոգի էին, բայց քիչ էին, որ մասկայով էին»:

Իսրայելում հայերի շրջանում վարակակիրներ ու մահացության դեպքեր չգրանցվեցին: Պետախ Տիկվայի Ռաբին բժշկական կենտրոնի վերակենդանացման ու շտապ օգնության բաժանմունքի սանիտարական գծով հերթի պատասխանատու Լարիսա Կոստանյանն էլ փոխանցեց, որ հիվանդասենյակներից վարակակիրների դուրսգրումից կամ համաճարակային բաժանմունք տեղափոխելուց հետո հատուկ համաճարակային խմբի կողմից հականեխվում են ոչ միայն օդորակիչների ու օդափոխման համակարգերի խողովակներն, այլև ողջ սենյակը, սարքավորումները, նաև առաստաղը:

Նրա համոզմամբ` նման բացարձակ միջոցառումների ու բժիշկների անմնացորդ նվիրման պատճառով կարողացան հաղթանակ գրանցել: Երբ շտապ օգնության վարորդներից մեկը վարակվել էր պացիենտից, 14 օրով ողջ բաժանմունքը մեկուսացրել էին: Բուժանձնակազմը պարբերաբար թեստավորվում է՝ կորոնավիրուսով հիվանդներին արագ բացահայտելու համար: Օրերս էլ մեկ գործավարուհու աշխատանքից հեռացրել էին՝ դիմակ չկրելու պատճառով:

Պետախ Տիկվայում գտնվող Իսրայելի ամենամեծ մանկական Շնայդերի անվան հիվանդանոցի վաղածին ու ի ծնե արատներ ունեցող մանուկների բաժանմունքի պատասխանատու քույրերից Աննա Օհանյանն ասում է.- «Իհարկե, շատ դժվար է, բայց ըմբռնումով ենք մոտենում, և ամեն մեկս պետք է ընկալի, որ ինքն ինչ-որ մասնիկ ունի այս համաճարակի մեջից դուրս գալու, փրկվելու, ելքին ավելի շուտ հասնելու, ամեն մեկն, իր չափով ներդրում կատարելով թե կլինի դա հիգիենային հետևելը, թե խորհուրդ տալը ծնողներին, երեխաների, աշխատում ենք որոշ չափով օգտակար լինենք, որ ավելի շուտ դուրս գանք այս վիճակից: Ու կարծում եմ, որ աշխատեց այդ մեթոդը»:

«Իսրայելյան մոդելի» հաջողությունը մի շարք հանգամանքներով է պայմանավորված, գտնում է Աննա Օհանյանը.- «Ինձ թվում է` սա կոմպլեքս լուծում էր, այսինքն` մի քանի բաների համադրություն միաժամանակ: Նախ չմոռանանք, որ կտրուկ եղանակի փոփոխություն եղավ, և շատ բարձրացավ տաքությունը, որը ասում են, որ վիրուսը սպանում է բարձր ջերմաստիճանը: Մյուսը ինձ թվում է` մեկուսացումն էր, Իսրայելն առաջինն էր, որ գլխի ընկավ, որ պետք է ավագ սերնդին առանձնացնել երեխաներից, որովհետև երեխաները համարվում են վարակակիր և համարյա չեն հիվանդանում, բայց փոխանցում են ավագ սերնդին»:

Սրան գումարած անձնական հիգիենան, մշտապես դիմակներ կրելն ու կառավարության պահանջների առանց քննարկման կատարումը բերեցին իրավիճակի կառավարելիությանը: Նախկինում օրական կտրվածքով ավելի քան 1000 հիվանդ էր բացահայտվում ընդամենը 3 շաբաթ առաջ, իսկ այսօր նույնիսկ մահվան դեպք չի գրանցվել: Աննա Օհանյանի ծնողներն ու բարեկամներն ապրում են Երևանում, և նա հետևում է հայաստանյան զարգացումներին.- «Ինձ թվում է, որ ժողովուրդը պարզապես չի ցանկանում, ինչ-որ մի պատանեկան ըմբոստություն ասեմ, ինչ ասեմ, դեռահաս տարիքի, երբ ամեն ինչին դեմ են գնում, ինչ-որ նման մի բան է առաջացել ժողովրդի մեջ, կարևոր չէ ինչ, ինչ որ ասում են, բոլորով դեմ են գնում` չենք ուզում դիմակ, չենք ուզում ձեռնոց, չենք ուզում հեռավորություն, մեկուսացում և այլն»:

Հայաստանում նույնիսկ շատերը չեն հավատում նոր տիպի կորոնավիրուսի առկայությանը, սակայն բուժքրոջ համոզմամբ` հավատալ–չհավատալու խնդիրը չպետք է լինի.- «Ի՞նչ է նշանակում, թե չենք հավատում: Մի՛ հավատացեք, բայց դրեք դիմակները, պաշտպանեք հեռավորություն, դուք չեք հավատում, որ դուք կհիվանդանաք, ես հավատում եմ, որ կողքինը կհիվանդանա: Ուրեմն եթե ձեզ համար չեք անում, արեք ձեր երեխաների, տատիկների, պապիկների, ավագ սերնդի համար: Ես հասկանում եմ` շատ դժվար է կենցաղը, առօրյան փոխելը, բայց ընդամենը ինչ-որ մի շարժ, մի փոփոխություն ու սկսել լրիվ ուրիշ ձև մտածել»:

XS
SM
MD
LG