Մատչելիության հղումներ

Ջոնսոնը հուսով է հուլիսին կնքել «Բրեքզիթ»-ի համաձայնությունը


Հունվարին Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից, Լոնդոն, 31-ը հունվարի, 2020թ.
Հունվարին Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից, Լոնդոն, 31-ը հունվարի, 2020թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրոպական միության ղեկավարները նախօրեին տեսակապի միջոցով քննարկել են «Բրեքզիթ»-ի խնդիրը։

Բրիտանիան այս տարվա հունվարի 31-ից ի պաշտոնե դուրս է եկել Եվրամիության կազմից, ինչից հետո կողմերի հարաբերությունները կարգավորվում են անցումային շրջանի համաձայնագրով, որն ուժի մեջ կլինի մինչև տարեվերջ։

Լոնդոնը և Բրյուսելը պետք է սկսեին կազմել համագործակցության նոր պայմանագիր, սակայն կորոնավիրուսի համավարակը կողմերին զրկել է ակտիվ բանակցությունների հնարավորությունից։

Տեսակապի եղանակով մի քանի քննարկում եղել է։ Առայժմ չկա համաձայնություն արդար մրցակցության և ձկնորսության պայմանների շուրջ։

Լոնդոնը նկատել է տվել, որ չի ցանկանում երկարաձգել անցումային համաձայնության ժամկետը։

Վերլուծաբանները չեն բացառում, որ եթե մինչև տարեվերջ առաջընթաց չլինի, իսկ Ջոնսոնը շարունակի մերժել ժամկետը երկարաձգելու տարբերակը, Լոնդոնը և Բրյուսելը չեն խուսափի իրավական և առևտրային լուրջ բախումներից, որոնց կգումարվեն նաև կորոնավիրուսի հետ կապված բարդությունները։

«Այսօր ես տեսակապի միջոցով հանդիպել եմ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Մենք քննարկել ենք մեր ապագա հարաբերությունները հստակեցնող պայմանագրի հարցերը, քննարկումներին մասնակցել են Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մենք ի գիտություն ենք ընդունել անցումային համաձայնության ժամկետը չերկարաձգելու Բրիտանիայի որոշումը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա փոխանցմամբ, թե՛ Լոնդոնը և թե՛ Բրյուսելը միակարծիք են այն հարցում, որ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել բանակցություններին և ի վերջո կայացնել այնպիսի համաձայնագիր, որը միաժամանակ կբխի և՛ Բրիտանիայի, և՛ Եվրոպական միության քաղաքացիների շահերից։

Ջոնսոնն ասել է, որ չնայած առկա բավական լուրջ տարաձայնություններին, կողմերը կարող են առաջիկայում հաջողության հասնել։

«Մենք փաստել ենք, որ որքան արագ դա անենք, այնքան ավելի լավ բոլորիս համար, և մենք ոչ մի պատճառ չենք տեսնում, թե ինչու չենք կարող հուլիսին գալ համաձայնության։ Մենք ընտրություններում պայքարում էինք՝ առաջ տանելով հենց այս գաղափարները, որ Բրիտանիան չի կարող ղեկավարվել Եվրամիության օրենքներով։

Մարդիկ դա գիտակցում են, մենք չենք կարող դուրս գալ Եվրամիությունից, բայց շարունակել ենթարկվել միության օրենքներին։ Այդպես չի լինի, բայց հնարավոր է լավ պայմանագիր», - ասել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի համոզմամբ, գուցեև Բրյուսելը կցանկանար երկարաձգել անցումային համաձայնության ժամկետը, բայց Լոնդոնը դա չի ընդունի։

Հետևաբար, ըստ Ջոնսոնի, պետք է բանակցել և հարցի լուծումն ավարտին հասցնել։

XS
SM
MD
LG