Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան այսօր կեսգիշերին պաշտոնապես կլքի Եվրոպական միությունը


Բելգիա, «Բրեքզիթի» կողմնակից, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները վերջին անգամ հեռանում են խորհրդարանի շենքից, Բրյուսել, 31 հունվարի, 2020թ.

Այսօրվանից Մեծ Բրիտանիան դադարում է լինել աստղ Եվրամիության (ԵՄ) տարբերանշանի վրա: Մոտ երեքուկես տարի տևած ցնցումներից հետո այսօր կեսգիշերին ի վերջո Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի Եվրոպական միությունը:

Շուրջ 7 տասնամյակ եվրոպացիների կողմից կառուցված աշխարհի ամենախոշոր քաղաքական դաշինքներից մեկը կորցնում է իր առանցքային անդամներից մեկը: Կառույցում Լոնդոնը ներկայացնող բրիտանացի պաշտոնյաները հավաքում են իրենց իրերը, Մեծ Բրիտանիայում բնակվող Եվրամիության քաղաքացիներն էլ պատրաստվում են նորովի ձևակերպել իրենց հարաբերությունները Թագավորության հետ:

Դեկտեմբերի 12-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, որի արդյունքներով մեծամասնություն ստացավ «Բրեքզիթի» գլխավոր ջատագով Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը, խորհրդարանն արագ և առանց ավելորդ քննարկումների հաստատեց Եվրամիությունը լքելու պայմանները, և հունվարի 24-ից վարչապետ Ջոնսոնը Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ Բրյուսելում ստորագրեցին ապահարզանի մասին համաձայնագիրը:

Այսօր երեկոյան Եվրամիությունը լքելու փաստը բրիտանական կառավարությունը պատրաստվում է նշել մեծ շուքով. վարչապետը հանդես կգա հատուկ ուղերձով:

Մեծ Բրիտանիայի և նրա եվրոպական գործընկերների առօրյա կյանքում հենց փետրվարի 1-ից սկսած մեծ փոփոխություններ չեն լինի, քանի որ մինչև 2020 թվականի ավարտը կողմերի միջև անցումային փուլ է նախանշված, այս տարվա ընթացքում քաղաքացիների համար ամենակարևոր հարցերը՝ առևտուրը, սահմանային հարցերը, կմնան նույնը: Սակայն այս աննախադեպ կարճ ժամանակահատվածում՝ 11 ամսվա ընթացքում, Լոնդոնը միաժամանակ բանակցություններ պետք է սկսի և ավարտին հասցնի երկու խոշորագույն գործարքներ Եվրամիության և Միացյալ Նահանգների, ինչպես նաև մի շարք այլ երկրների հետ: Եվրամիությունը Միացյալ Թագավորության ամենախոշոր առևտրային գործընկերն է, որին բաժին է հասնում բրիտանական արտահանման 45 տոկոսը և ներմուծման 53 տոկոսը:
Այդուհանդերձ, ինչպես նշում են երկու կողմերի պաշտոնյաները, հունվարի 31-ը նշանակալից թվական է, այդ պահից սկսած հետ դարձի ճանապարհ չկա:

Մինչ այս պահը բրիտանական կառավարությունը համենայն դեպս տեսականորեն կարող էր հետ կանչել ապահարզանի դիմումը, այժմ արդեն եթե Բրիտանիան հանկարծ մտափոխվի և ցանկանա միանալ եվրոպական ընտանիքին, ապա ստիպված կլինի անցնել այն երկար ու ձիգ ճանապարհը, որով անցնում են նորեկները, և նույնիսկ այդ դեպքում էլ միանշանակ չէ՝ եվրոպացիները կբացեն իրենց դռները բրիտանացիների համար, թե ոչ: Միակ էական փոփոխությունը, որը տեղի կունենա արդեն վաղվանից, Բրիտանիան կզրկվի Եվրամիության մարմիններում ներկայացուցչությունից, այսինքն՝ ևս 1 տարի բրիտանացիները կենթարկվեն Եվրամիության կանոններին և որոշումներին, սակայն այլևս չեն կարողանա մասնակցել դրանց կայացմանը:

Վարչապետ Ջոնսոնը և նրա կաբինետի անդամներն այսուհետ չեն մասնակցի Եվրամիության գագաթնաժողովներին, որոնց ընթացքում քննարկվում և ընդունվում են ԵՄ 10 հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշումներ՝ արտաքին քաղաքականությունից մինչև գյուղատնտեսություն և ձկնորսություն: Եվ վերջապես Եվրախորհրդարանի 73 բրիտանացի պատգամավորները, այդ թվում՝ «Բրեքզիթի կուսակցության» 29 ներկայացուցիչներ` գլխավոր եվրասկեպտիկ Նայջել Ֆարաջի գլխավորությամբ, հրաժեշտ են տալիս իրենց մանդատներին:

«Բրեքզիթի» գործընթացը պաշտոնապես մեկնարկել է 2016 թվականի հունիսի 23-ին. հարցը դրվեց քվեարկության, և Թագավորության բնակչության 51.9 տոկոսը կողմ քվեարկեց Եվրամիությունը լքելուն: «Բրեքզիթը» հանգեցրեց երկու արտահերթ ընտրությունների, երկու կառավարությունների հրաժարականի և հանրության շրջանում խորը տարաձայնությունների:

Ապահարզանի կողմնակիցները պնդում են, որ անցած դարի 70-ականներին ստեղծված դաշինքը սպառել է իրեն՝ առևտրային, պրագմատիկ կազմակերպությունից վերածվելով պետությունների ինքնիշխանությունը խլող գերհզոր մի կառույցի: Հակադիր ճամբարում փաստարկները հիմնականում տնտեսական են, մնալու կողմնակիցները պնդում են՝ ապահարզանը էականորեն կավելացնի գործազուրկների թիվը: Այսօր մոտ 3 միլիոն բրիտանացի աշխատում է Եվրամիության հետ առևտրի ոլորտում: Ֆինանսիստներն էլ զգուշացնում են՝ տնտեսությունը, առաջին հերթին բրիտանական արժույթը կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև:

XS
SM
MD
LG