Մատչելիության հղումներ

Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ


Եվրախորհրդարանի շենքից հեռացնում են Մեծ Բրիտանիայի դրոշը, Բրյուսել, 31 հունվարի,

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն այսօրվանից պաշտոնապես դուրս է եկել Եվրոպական միության կազմից: «Բրեքզիթ»-ի որոշումն ուժի մեջ է հունվարի 31-ի ճիշտ կեսգիշերին:

Բրիտանիան 47 տարի է եղել Եվրամիության անդամ: Թագավորության հեռացումով միությունը կորցնում է տնտեսության 15 տոկոսը, զրկվում է համաշխարհային ֆինանսական մայրաքաղաքներից մեկը համարվող Լոնդոնից և պաշտպանության ոլորտին միջոցներ տրամադրող թիվ մեկ անդամից:

2016 թվականի հանրաքվեի արդյունքների համաձայն, բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել է հօգուտ «Բրեքզիթ»-ի, 48 տոկոսն էլ հօգուտ Եվրամիության կազմում մնալուն: Ընդ որում, Անգլիան և Ուելսը սատարել են «Բրեքզիթ»-ին, իսկ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան քվեարկել են հօգուտ Եվրամիության:

2016-ից հետո Լոնդոնը Բրյուսելի հետ բարդ բանակցություններ է վարել «Բրեքզիթ»-ի շուրջ:

Վարչապետի պաշտոնից հրաժարվել է նախ Դեյվիդ Քեմերոնն, իսկ անցյալ տարի այն ազատել է նաև Թերեզա Մեյը:

2019-ի դեկտեմբերին պահպանողականները վստահ հաղթանակ են տարել խորհրդարանական արտահերթ ընտրություններում, և կուսակցության լիդեր, «Բրեքզիթ»-ի ջատագով Բորիս Ջոնսոնը վերընտրվել է թագավորության վարչապետ:

Այժմ մեկնարկում է անցումային փուլը, որի ընթացքում Բրիտանիան պետք է Եվրամիության հետ կարգավորի իրավական և տնտեսական հարաբերություններն, ինչից հետո կսկսի միության երկրների հետ կնքել երկկողմ պայմանագրեր:

XS
SM
MD
LG