Մատչելիության հղումներ

Շիրակի մարզն արդեն «խիստ կարիք ունի» Covid-ով հիվանդներին բուժող ևս մեկ ԲԿ-ի, նշում է մարզպետը


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան, արխիվ

Երեկ Շիրակում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել: Մարզում մինչ օրս 11 մարդ է մահացել վիրուսից։ Մասնագետների գնահատմամբ՝ ավելացել է ծանր հիվանդների թիվը, ծանր վիճակում գտնվող 32 հոգու արդեն Գյումրիից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ՝ նրանց բուժումը առավել պատշաճ կազմակերպելու համար։

Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է՝ մարզն արդեն խիստ կարիք ունի Covid-ով հիվանդներին բուժող ևս մեկ բուժհաստատության, նրանց առայժմ միայն Գյումրիի ինֆեկցիոնն է ընդունում, որը մոտ 100 մահճակալ ունի։ Այս պահին զբաղված են 67-ը։ Առաջարկը ներկայացրել են Առողջապահության նախարարությանը, սպասում են պատասխանին։ «Քննարկում ենք մի քանի օր շարունակ տարբեր սցենարներ, հիվանդանոցի առաջարկով կանգնեցինք հիվանդանոցի տարածքային մուդուլային կորպուսով տրիաժային ծառայություն ունենալու գաղափարի վրա, մոտեցման վրա, որը կփոխլրացվի հիվանդանոցի գործիքային և մարդկային ծառայություններով: Հիմա նաև հենց հիվանդանոցի հետ քննարկումներով և մեր ոլորտային քննարկումների արդյունքում դիմել ենք նախարարությանը` Գյումրիում ևս տրիաժային ծառայություն կազմակերպելու», - ասաց մարզպետը:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը չունի ռեանիմացիոն ծառայություն մատուցելու լիցենզիա, իսկ այդ ծառայությունը ճակատագրական է ծանր հիվանդների համար։ Մարզպետի խոսքով՝ այս հարցն էլ է օրակարգում.- «Հնարավորինս արագ ռեանիմացիոն ծառայությունը նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կազմակերպելու տեսանկյունից, քանի որ այս ծանրաբեռնվածության մեջ ակնհայտ է, որ այս կարիքը կա»:

Վերջին օրերին, երբ Գյումրիում աճում է կորոնավիրուսուվ հիվանդների թիվը, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխելը խնդիր է դարձել: Այսօր, ըստ մարզպետի, հաջողվել է 2 ծանր հիվանդի տեղափոխել: «Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում էր թեթև և միջին ծանրության հիվանդներին, և բոլոր ծանր դեպքերը տեղափոխվում էին Երևանի հիվանդանոցներ: Հիմա արդեն առաջացել են հերթեր, և ցավոք երբեմն ժամանակ է տևում, երբ որ հիվանդին կարողանում ենք տեղափոխել»,- նկատեց նա:

Վերջին օրերին կորոնավիրուսով են վարակվել նաև Գյումրիի բժշկական կենտրոնի 17 բուժաշխատողներ, 2 տասնյակ էլ մեկուսացել են։ Ծանր վիճակում գտնվող բժիշկներից մեկը Երևան տեղափոխվածների թվում է։

Գյումրի ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը կարծում է՝ բուժաշխատողները հավանաբար վարակվել են իրենց դիմած պացիենտներից մեկից.- «Ինսուլտով հիվանդ էր, ընդունվել էր, երեկոյան ժամին ծանր վիճակում այդ հիվանդին ընդունել էին ու օգնություն կայացրել էին, կարիք էր եղել սրտաբանի, սրտաբանն էր նաև երկրորդ օրը միջամտել, բավականին լավ վիճակ էր ստեղծվել, սակայն 4-րդ օրը ջերմել էր, ջերմությունն արդեն էր ցուցում, որ մենք կոնկրետ նմուշառում կազմակերպենք և նաև հետազոտենք թոքերը: Եվ հաստատվել էր կորոնավիրուս, որի պատճառով այդ բժիշկները, որոնք շփվել էին, փաստացի հիվանդացան: Մեր բաժնի վարիչը նույնիսկ բավական լուրջ բուժում է ստանում ու գտնվում է Երևանում»:

Բժիշկն այսօր տեղի ունեցած մի դեպք խիստ մտահոգիչ համարեց. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի են ընդունել, որը բացի իր հիմնական առողջական խնդիրներից, նաև կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել, բայց առաջանային օղակում՝ պոլիկլինիկայում, հրաժարվել է թեստավորվել: Նման պահվածքը վտանգավոր է և՛ բուժաշխատողների, և՛ հիվանդանոցում բուժում ստացող շուրջ 60 հիվանդների համար, ասում է Իսահակյանը։ «Ամսի 5-ին մարդը վատանում է, ունի ջերմություն, 3 օր տանը ջերմում է, 8-ում դիմում է բժշկին, բժիշկը սկսում է հետազոտել ու առաջարկում է նմուշառում, հրաժարվում է, գրավոր գրում է: 11-ին թոքաբորբ է ի հայտ գալիս, նորից զգուշացնում են, նորից գրավոր գրում է, որ «լավ է, ես տունը մեռնիմ, քան գնամ բժշկի, չկա էդպես բան, դուք բուժեք իմ թոքաբորբս»: Ու այդ վիճակով այսօր 60 սատուրացիայով, համ գրեթե անգիտակից շտապօգնության մեքենան տեղափոխում է Գյումրիի ԲԿ»,- պատմեց նա:

Բուժհաստատությունը հայտնվել է մի վիճակում, երբ կան հիվանդներ, որոնց մոտ մի քանի օր անց կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ գալիս, բայց քանի որ թեստավորված չեն, ու ինֆեկցիոն հիվանդանոցը վերջիններիս չի ընդունում, մնում են Գյումրի ԲԿ-ում` վտանգելով և՛ բուժանձնակազմին, և՛ բուժվող հիվանդներին: Իսկ Գյումրի ԲԿ-ն կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու իրավունք չունի.- «Մենք ունենք միջանկյալ բաժանմունք, որը նախապատրաստել էինք մեր պլանային վիրահատությունների համար, ստիպված այդ բաժանմունքում, որն արդեն 13 տեղանոց բաժանմունք է, բայց 13-ն էլ պառկած են այդպիսի չճշգրտված դիագնոզներով, ու աշխատանքը դարձնում են բավականին բարդ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG