Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում կորոնավիրուսի թվերը նվազում են, իրավիճակը «կայուն, կառավարելի է»


Հայաստան - Ախտահանման աշխատանքներ Գյումրիի հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թվի աճին զուգահեռ՝ Շիրակի մարզում թվերը նվազում են: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ավելի շատ այլ մարզերից են բուժում ստացողները, քան՝ Շիրակից:

Տվյալներն ամփոփում է մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը. - «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք բուժվող 89 հիվանդ, որից 27-ն են Շիրակի մարզից: Տնային մեկուսացման ունենք 339 քաղաքացի, որից 30-ը՝ դրականով, անախտանիշ թեթև ընթացքով, գտնվում են տնային մեկուսացման մեջ՝ առաջնային օղակի հսկողության տակ»:

Ո՞րն է թվերի նվազման գաղտնիքը՝ շիրակցիներն ավելի՞ պաշտպանված են ու զգոն, թե՞ ենթարկվում են սահմանված կարգին. Ասլանյանը չկարողացավ միանշանակ պատասխանել հարցին:

«Մեր մարզում թվային տվյալները այս պահի դրությամբ ես կբնութագրեմ որպես համաճարակաբանական առումով կայուն, կառավարելի վիճակ», - ասաց մարզպետարանի պաշտոնյան՝ հավելելով. - «Այնպես չի, որ կարգազանցներ չունենք, մեր հասարակության մեջ կան նաև կարգազանցներ»:

Տանը մեկուսացածների վերահսկողությունը առողջապահության համակարգի առաջնային օղակն է իրականացնում՝ ոստիկանության հետ համատեղ: Լինում են դեպքեր, որ մեկուսածը խախտում է կարգը: «Խախտումների պարագայում, իհարկե, ահազանգեր ստանում ենք, մեզ հետ կապվում են ոստիկանության աշխատակիցները, փորձում ենք աշխատել տվյալ քաղաքացիների հետ: Չի բացառվում, իհարկե, ունենում ենք», - նշեց Ասլանյանը:

Շիրակի մարզում համավարակի սկզբից գրանցվել է կորանավիրուսի վարակի հաստատված 290 դեպք, հիվանդներից 185-ն արդեն առողջացել են: Վարակվածների մեջ բավականին մեծ թիվ էին կազմում բուժաշխատողները:

«Համավարակի առաջին օրվանից առայսօր մենք մեր բուժաշխատողների, ավելի ճիշտ՝ բժշկական հաստատությունների աշխատակիցներից 53-ի մոտ ֆիքսել ենք դրական հաստատված դեպք կորոնավիրուսի, նրանցից 40-ը արդեն առողջացած վերադարձել են աշխատանքի, 13-ից 2-ը բուժման մեջ է ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ մյուսները տնային ինքնամեկուսացման մեջ են, տնային հսկողության են», - փոխանցեց մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը:

Գյումրիի փողոցներում նկատելիորեն ավելացել է դիմակ կրողների թիվը: Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում քաղաքի ամենաբանուկ հատվածներում, դիմակ չկրող անձանց մոտ ստուգում դրանց առկայությունը:

Իսկ ճանապարհային ոստիկաններն էլ տրանսպորտային միջոցներն են ստուգում:

Մինչ օրս դիմակ չկրելու համար մարզում 154 քաղաքացի ենթարկվել է 10-հազարական դրամ վարչական տուգանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG