Մատչելիության հղումներ

Գյումրիում մի շարք սրճարանների ու խանութների գործունեություն կասեցվեց


Գյումրիում այսօր 24 ժամով կասեցվեց սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտների գործունեությունը: Սննդի անվտանգության տեսչական մարմինը մի շարք բացօթյա և փակ սրճարաններում ստուգում էր՝ արդյոք վերացվել են ավելի վաղ արձանագրված թերությունները։

Սրճարաններից մեկի ներսում սեղանների հեռավորությունը չէր ապահովված, կազմվեց արձանագրություն: Սրճարանի պատասխանատուն առարկեց.- «Հիմնականում դրսում են նստում հաճախորդները, դրսի համար էր պահպանված, հիմնականում ներսում հյուրերն այդքան շատ էլ չեն լինում, առանց էտ էլ իրանք իրարից են զգույշ նստում»:

Տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ օրական 30 օբյեկտում մշտադիտարկում են իրականացնում: Միայն մայիս ամսին սննդի անվտանգության տեսչական մարմինը 33 օբյեկտի գործունեություն է կասեցրել 24 ժամով: Որ ոլորտներում են կարգազանցները ավելի շատ, հետաքրքրվեցինք Արտուշ Հովհաննիսյանից: «Հիմնականում քաղաք Արթիկում են շատ խախտումներն արձանագրվել, Գյումրիում էլ ունենք խախտումներ, Գյումրիինը վերացրել են, Արթիկում էլ նույնպես վերացրել են 24 ժամ կասեցնելուց հետո: Այս պահի դրությամբ այդքան շատ խախտումներ չունենք»:

Իսկ ահա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները պարետի որոշումների մի մեծ տրցակով էին եկել: 24 ժամով կասեցրին նույնիսկ այն օբյեկտների գործունեությունը, որտեղ արձանագրված խախտումներն արդեն իսկ վերացվել էին:

«Հարցը 24 ժամը չէ, հարցը էն է, որ եթե մենք թերություն չունենք, ու էտ թերություն չունենալու համար է խանութը փակվում, էտ է խնդիրը»,- ասում էր պատասխանատուն:

Տեսուչի խոսքով` մշտադիտարկման ընթացքում էին հայտնաբերվել թերությունները: Կինը շարունակում էր պնդել, որ օրեր առաջ արձանագրված թերության համար այսօր են փակում:

«Ճիշտ է` սենց նայելով տեսանք, որ վերացրել եք արդեն, ձեզ մոտ չի եղել ջերմաչափման մատյան, չեն եղել գծանշումները: Հիմա ունեք, բայց այն ժամանակ չի եղել, և պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է, որպեսզի այդ խախտումները վերացնեք»,- նկատեց տեսուչը:

«Ինչի՞ համար պիտի համաձայն լինեմ, և՛ եղել են դիմակները, և՛ եղել են ձեռնոցները, լվացարանը, օճառը, ամեն ինչը կա, չափագրում չենք արել, որովհետև խանութ ընդհանրապես մարդ չի մտնի»,- նշում էր կինը:

Կային օբյեկտներ, որոնք արդեն նախապես իմանալով կասեցման մասին, խանութը այսօր չէին էլ բացել: Ինչո՞ւ կասեցրին խանութների գործունեությունը, եթե դրանցում 4 օր առաջ արձանագրված խախտումները արդեն վերացվել էին, տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետի պաշտոնակատար Սամվել Լամբարյանը այսպես հիմնավորեց.- «Այն խնդիրը, որ մարդիկ ասում են` եղել են խախտումները, բայց տվյալ պահին արդեն վերացված են, ստուգումներ իրականացնելու պահին եթե խախտումներն առկա են, ապա փակելըպարտադիր պայման է»:

Այսօր միայն Գյումրիում 24 ժամով 18 խանութի գործունեություն կասեցվեց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG