Մատչելիության հղումներ

Հարսանիք, հուղարկավորություն, քառասունք. տարբեր համայնքներում բռնկումների պատճառներ


Կոտայքի մարզ, արխիվ

Երևանից հետո կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքերը այս պահին արձանագրված են Կոտայքի մարզում, որտեղ մինչև օրս եղել է 1500 հաստատված դեպք, 560 մարդ արդեն բուժվել է, 20-ը՝ մահացել։

«Եվս 2 հազար 500-ի մոտ քաղաքացիներ ունենք, ովքեր այս պահին մեկուսացված են և գտնվում են ընտանեկան բժիշկների ամենօրյա հսկողության տակ, օրը 2 անգամ մեր բժիշկները զանգեր են կատարում, վիճակն են հարցնում, ջերմաչափում են»,- «Ազատությանը» հայտնեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի այսքան շատ դեպքեր ուենալու պատճառը մարզի ակտիվ կապն է մայրաքաղաքի հետ.- «Հիմնական օջախները, որոնք ունեցել ենք և այս պահին էլ ունենք, մասնավորապես մարզկենտրոն Հրազդանում, Աբովյանում, Չարենցավանում արդեն որոշակիորեն մարած օջախներ ունենք, կարելի է ասել, մեծամասամբ երևանյան օջախներից կամ հանրապետության այլ օջախներից են ներթափանցել, բայց լոկալ բռնկումների առումով միայն Հրազդանում մի դրվագ ունեցանք` մեծ հարսանիք էր, որտեղից որ, կարծես թե, պաշտոնապես դեռ չի հաստատվել այդ վարկածը, բայց մեր ունեցած վերլուծությունների տվյալներով` բռնկումն այդտեղից է տարածվել»:

Կոտայքի մարզում կա 4 մեծ բժշկական կենտրոն, որոնցից որևէ մեկն առայժմ չի վերապրոֆիլավորվել՝ սպասարկելու միայն կորոնավիրուսով վարակվածներին։ Մարզպետարանն առաջարկել է դիտարկել Հրազդանի բժշկական կենտրոնը կորոնավիրուսով հիվանդներին հատկացնելու հարցը, բայց, ըստ մարզպետի, Առողջապահության նախարարությունն ու պարետատունն առայժմ դրա կարիքը չեն տեսնում։ Մինչ այդ ծանր հիվանդներին Կոտայքից բերում են Երևան.- «4 ԲԿ-ներում ունենք պարզապես հինգ, երեք, մինչև տասը տեղանոց մեկուսարաններ, որոնք կահավորվել են և լոկալ միջոցներով վերապրոֆիլավորվել են որպես պոտենցիալ վարակակիրների կամ հաստատված սիմպտոմներով վարակակիրների մեկուսացման վայր, որտեղ մենք ընդունում ենք մեր քաղաքացիներին դիմելիության դեպքում և կարիքը լինելու դեպքում առաջնային հոսպիտալացում ենք անում, մինչև որ մայրաքաղաքի կամ հանրապետության այլ վարակակիրների բուժման համար պրոֆիլավորված բուժկենտրոններում տեղեր ազատվեն»:

Կոտայքի մարզում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը մարզկենտրոն Հրազդանում են, որտեղ մի քանի հարյուր հիվանդ կա։ Նրանցից մեկը՝ 35-ամյա Աննան, աշխատում է քաղաքի սպասարկման ոլորտում, ամեն օր շփվել է տասնյակ մարդկանց հետ, հետևաբար չի կարողանում անգամ ենթադրել, թե ումից և որտեղ է վարակվել.- «Ամեն օր օգտվել եմ տրանսպորտից, խանութներից, մարդկանց հետ եմ շփվել, բանկից եմ օգտվել: Ցանկացած տեղից կարայի վարակվեի»:

Վարակվելուց հետո կորոնավիրուսի ախտանշանները չեն ուշացել՝ ջերմություն, հազ, համի և հոտի զգացողությունների կորուստ։ Միանգամից կապ է հաստատել ընտանեկան բժշկի հետ, շուտով նրան թեստավորել են.- «Ջերմեցի, 37.2 բարձրացավ, հետո ձայնս սկսեց փոփոխվել, հետո ահավոր քթնարտադրություն, թուլություն, մի քանի օր հետո սկսեցի հազալ»:

Աննան բուժվում է տանը, որտեղ տեղամասային բժշկի ցուցմամբ ընդունել է հակաբիոտիկներ, բուժման համար անհրաժեշտ այլ դեղամիջոցներ։ Ասում է՝ հոսպիտալացման կարիք ընդհանրապես չունի, մեկուսացման 2 շաբաթների ընթացքում մի անգամ գնացել է ռենտգեն հետազոտության և շուտով հանձնելու է թեստը 2-րդ անգամ և բացասական պատասխան ստանալու դեպքում վերադառնալու է աշխատանքի.- «Ես ընդհանուր այդպես վատ չեմ եղել, որ ինձ ինչ-որ բան անեն, ես չեմ էլ առաջարկել, չեմ էլ գնացել, կապս պահել եմ ընտանեկան բժշկի հետ, զանգել եմ, ասել եմ` ես լավ եմ: Եթե ինձ ասեին` կարելի է դուրս գալ, ես խնդիր չունեի, կարայի դուրս գալ, հիմա էլ կարամ դուրս գամ, խնդիր չեմ ունեցել»:

Կոտայքից հետո Հայաստանի մարզերից կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքերը Գեղարքունիքում են, որտեղ շուտով արդեն Մարտունու հիվանդանոցի մեկ հարկը կծառայի կորոնավիրուսով վարակվածներին։ Այս մարզում մոտ 2 շաբաթ փակ էր Դդմաշեն գյուղը, որը մի պահ դարձել էր կորոնավիրուսի մարզային էպիկենտրոնը մի թաղման արարողությունից հետո։

Գյուղապետ Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ վարակի տարածման տեմպը հիմա կոտրվել է, հիվանդներ հիմա արդեն գրեթե չկան.- «Գյուղում առաջին անգամ դրսից թաղում ունեցանք, մարդ էր մահացել, բերեցին դրսից, հարազատը հիվանդ էր եղել, չէինք իմանում, որ ինչ-որ նման հիվանություն ունի, դրանից վարակվել էին բնակիչները: Մոտավորապես 30 ընտանիք ունեինք: Հիմա իրավիճակը շատ հանգիստ է, բուժվել են բոլորը»:

Եթե տեղաբնակների խոսքով` Հայաստանի մարզերի շատ գյուղերում ու քաղաքներում դեռ լուրջ չեն ընդունում բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, ապա Դդմաշենում դառը փորձից հետո բոլորը դիմակներով են, վստահեցնում է համայնքապետ Ավետիսյանը.- «Էսօր տեսնեք` բոլոր գյուղը դիմակները դրած, բնակիչները աշխատում են մեկը մեկից հեռավորությունը պաշտպանել»:

Մեկ այլ գյուղում՝ Ծովասարում, կորոնավիրուսը սկսել է տարածվել քառասունքի արարողությունից հետո, ասում է համայնքապետ Արտաշես Մխիթարյանը.- «Ամսի 29-ին է առաջին դեպքը գրանցվել, մնացած դեպքերը արդեն այդ հատվածից են տարածվել, բայց շրջապատում բոլորի թեստերը արել են, արդեն բավականին հանգիստ է, չունենք նոր դեպքեր վերջին 2 օրվա ընթացքում»։

XS
SM
MD
LG