Մատչելիության հղումներ

Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության աշխատանքը երեք օրով դադարեցվեց


«Գլորիա» կարի ֆաբրիկայում, Վանաձոր, 3-ը հունիսի, 2020թ.

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այսօր վաղ առավոտյան երեք օրով դադարեցվեց Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության աշխատանքը։

Դեռ երեկ ուշ երեկոյան, երբ հայտնի էր ընդամենը 3 դեպքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատակիցներին ֆաբրիկա տեղափոխող ավտոբուսի լուսանկար հրապարակելուց հետո իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնելու մասին։ Տնօրինությունն ավելի քան 2 հազար 600 աշխատակիցներին զգուշացրել էր, որ այսօր առավոտյան աշխատանքի չներկայանան։

Աշխատակիցներից մեկը, որ չնայած տեղեկացել, բայց ներկայացել էր աշխատանքի, դժգոհեց՝ վարակվածներն իրենց արտադրամասից չեն, ու անիմաստ է դադարեցնել նաև մյուս արտադրամասերի աշխատանքը։

«Էս ինչ թազա խաղեր, մեյմունություն են անում: Տեղեկացել ենք [որ ֆաբրիկան չի աշխատելու], բայց հաշվի չենք առել, էկել ենք աշխատանքի: Վտանգավոր ոչ մի բան չեմ տեսնում ստեղ: Իմեննը մեր արտադրամասից ոչ մի բան էլ չկա, չեմ հասկանում էս ինչ նոր բաներ ա», - ասաց կինը:

Ժամը 8-ին, երբ պետք է մեկնարկեր ֆաբրիկայի աշխատանքը, Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Սամվել Լամբարյանը ոստիկանների հետ եկավ պարետի որոշման մասին ծանուցելու սեփականատիրոջը՝ Բագրատ Դարբինյանին, ով տարօրինակ էր համարում «մի լուսանկարի հիման վրա» այսպիսի խոշոր արտադրությունը կանգնեցնելու որոշումը։ Ասաց՝ հնարավոր է՝ դատի տա երեք օրում մոտ 250 հազար եվրո վնաս պատճառելու համար։ Առավոտյան դեռևս հայտնի էր միայն վարակի 17 դեպքի մասին։

«Դե որոշումը, ենթարկվում ենք որոշմանը, բայց ես հնարավոր ա, էդ վարակվածների առումով ոչինչ չունեմ ասելու, դե, հանրապետությունում 10 հազար մարդ ա, ու բնական ա, որ 17-ն էլ կարող ա ստեղ լինի, չի բացառվում, բայց ես կարող ա մի հատ հայցով դիմեմ դատարան՝ երեք օրվա իմ աշխատանքի դադարեցման վնասի փոխհատուցում ուզեմ, որովհետև՝ ի՞նչ պատճառով», - հայտարարեց Դարբինյանը:

«Նմուշառումները ձեր աշխատակիցների շրջանում շարունակվում ա, հետագա վարակի կանխարգելման նպատակով 72 ժամ դադարեցվում ա՝ նմուշառումների ընթացքը ավարտին հասցնելու համար», - արձագանքեց Լամբարյանը:

Ֆաբրիկայի սեփականատերը նշեց՝ թե՛ մինչև համավարակը և թե՛ դրանից հետո ընկերությանը սպասարկել են 25 վարձակալած ավտոբուսներ, որոնք տեղափոխում են աշխատողներին Վանաձորի տարբեր թաղամասերից ու հարակից համայնքներից։ Բագրատ Դարբինյանը չհերքեց՝ աշխատողների մեծ մասին ֆաբրիկա հասցնող ավտոբուսներում հնարավոր չէ լիարժեք կատարել պարետի պահանջը սոցիալական հեռավորության մասին։ Յուրաքանչյուր ավտոբուս ֆաբրիկա է բերում 30-35 աշխատողի, մինչդեռ պարետի պահանջով այդ թիվը չպետք է գերազանցի 15-ը։

«Ազատության» հարցին՝ ավելացրե՞լ են ավտոբուսների թիվը, Դարբինյանն արձագանքեց. - «Ո՞րտեղից ավելացնեմ, մի հատ տեղը ասա՝ ավելացնեմ: Ո՞րտեղից՝ չկա, չէ, չկա»:

Դարբինյանն ասաց՝ ֆաբրիկան երեք օր անց վերաբացելուց հետո այլևս ավտոբուսներ չի վարձակալի, վարձակալության գումարներն աշխատողները կստանան որպես փոխհատուցում, որի հաշվին արդեն իրենց միջոցներով կհասնեն աշխատավայր։

Երեկ Վանաձորի «Գլորիա»-ն 72 ժամով փակելու մասին վարչապետի գրառումից հետո Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր երկրի ղեկավարին՝ մի նկարի հիման վրա շուրջ 2 հազար 500 աշխատող ունեցող հիմնարկի գործունեությունը դադարեցնելու համար, կասկածի տակ էր առել, թե որոշումն իրավաչափ է:

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանեց մեղադրանքներին՝ դարձյալ անդրադառնալով «Գլորիա» ֆաբրիկային: Վարչապետը նշեց արդեն հայտնի տասնյակ վարակակիրների մասին:

«Չորս-հինգ անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, է հետո՞, ի՞նչ անենք՝ մտնենք սպեցնազով, ասենք, լավ, մտանք, ի՞նչ անենք՝ ծեծե՞նք, ո՞ւմ ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդը իրա կյանքին լուրջ չի՞ վերաբերվում», - ընդգծեց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներ մտցնելուց հետո «Գլորիա» կարի ֆաբրիկան մեկուկես ամիս չաշխատեց: Ապրիլի 21-ին ֆաբրիկայի աշխատողները, չենթարկվելով պարետատան որոշմանն ու ոստիկանների պահանջին, եկել էին աշխատանքի: Չնայած ոստիկանները ֆաբրիկայի 9 աշխատակցի նկատմամբ տուգանքի արձանագրություն կազմեցին, բայց բողոքի դուրս եկած կանայք նշում էին, որ տանը նստելով չեն կարող լուծել իրենց սոցիալական խնդիրները, և պահանջում էին աշխատելու հնարավորություն տալ ձեռնարկությանը: Ապրիլի վերջից պարետի որոշմամբ թույլատրվեց վերսկսել աշխատանքը:

XS
SM
MD
LG