Մատչելիության հղումներ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ֆաբրիկայի աշխատանքը 3 օրով դադարեցվեց


«Գլորիա» կարի ֆաբրիկայում, Վանաձոր, 3-ը հունիսի, 2020թ.

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այսօր վաղ առավոտյան երեք օրով դադարեցվեց Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության աշխատանքը։

Դեռ երեկ ուշ երեկոյան, երբ հայտնի էր ընդամենը 3 դեպքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատակիցներին ֆաբրիկա տեղափոխող ավտոբուսի լուսանկար հրապարակելուց հետո իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնելու մասին։ Տնօրինությունն ավելի քան 2 հազար 600 աշխատակիցներին զգուշացրել էր, որ այսօր առավոտյան աշխատանքի չներկայանան։

Ժամը 8-ին, երբ պետք է մեկնարկեր ֆաբրիկայի աշխատանքը, Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Սամվել Լամբարյանը ոստիկանների հետ եկավ պարետի որոշման մասին ծանուցելու սեփականատիրոջը՝ Բագրատ Դարբինյանին, ով տարօրինակ էր համարում «մի լուսանկարի հիման վրա» այսպիսի խոշոր արտադրությունը կանգնեցնելու որոշումը։ Ասաց՝ հնարավոր է՝ դատի տա երեք օրում մոտ 250 հազար եվրո վնաս պատճառելու համար։ Առավոտյան դեռևս հայտնի էր միայն վարակի 17 դեպքի մասին։

Ֆաբրիկայի սեփականատերը նշեց՝ թե՛ մինչև համավարակը և թե՛ դրանից հետո ընկերությանը սպասարկել են 25 վարձակալած ավտոբուսներ, որոնք տեղափոխում են աշխատողներին Վանաձորի տարբեր թաղամասերից ու հարակից համայնքներից։ Բագրատ Դարբինյանը չհերքեց՝ աշխատողների մեծ մասին ֆաբրիկա հասցնող ավտոբուսներում հնարավոր չէ լիարժեք կատարել պարետի պահանջը սոցիալական հեռավորության մասին։ Յուրաքանչյուր ավտոբուս ֆաբրիկա է բերում 30-35 աշխատողի, մինչդեռ պարետի պահանջով այդ թիվը չպետք է գերազանցի 15-ը։ Դարբինյանն ասաց՝ ֆաբրիկան երեք օր անց վերաբացելուց հետո այլևս ավտոբուսներ չի վարձակալի, վարձակալության գումարներն աշխատողները կստանան որպես փոխհատուցում, որի հաշվին արդեն իրենց միջոցներով կհասնեն աշխատավայր։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG