Մատչելիության հղումներ

AP. Չինաստանը միտումնավոր ձգձգել է կորոնավիրուսի մասին տեղեկատվության տարածումը


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այցելել է հիվանդանոց, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այցելել է հիվանդանոց, արխիվ

Պաշտոնական Պեկինն առնվազն մեկ շաբաթ ուշացրել է նոր կորոնավիրուսի գենետիկ քարտեզի, դրա վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), պնդում է AP գործակալությունը՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած ներքին փաստաթղթերի, նամակների ու տասնյակ հարցազրույցների վրա։

Ըստ լրագրողական հետաքննության, վիրուսի գենոմի մասին տեղեկությունն առաջինը հրապարակել է ոչ թե Պեկինը, այլ՝ չինական լաբորատորիաներից մեկը՝ հունվարի 11-ին վիրուսոլոգիայի խնդիրներով զբաղվող ինտերնետային կայքերից մեկում։

Պաշտոնական աղբյուրները դրանից երկու շաբաթ անց՝ հունվարի վերջին են միայն տեղեկությունը փոխանցել Առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը, այն դեպքում, երբ այն խիստ կարևոր նշանակություն ուներ՝ թեստեր ու պատվաստանյութեր մշակելու համար, փաստում է AP-ը։

Մի շարք փորձագետներ նշել են, որ այդ ժամանակը կարելի էր օգտագործել՝ վիրուսի տարածման տեմպերը կրճատելու համար։ Չինաստանի հասցեին ավելի վաղ նույնաբովանդակ մեղադրանքներ էր հնչեցրել նաև ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Պեկինը թաքցրել է ճշմարտությունը, ժամանակին չի տեղեկացրել միջազգային համայնքին վիրուսի վտանգավորության մասին, ԱՀԿ-ն էլ ենթարկվել է խաղի այդ կանոններին։

AP-ի հետաքննությունը, մինչդեռ պնդում է՝ միջազգային կազմակերպությունը ոչ թե համագործակցել է Պեկինի հետ, այլ՝ ինքն էլ խարխափել է «մթության» մեջ․ նամակները վկայում են, որ կազմակերպության ղեկավարությունը փորձել է հնարավորինս շատ տեղեկություններ «կորզել» Չինաստանից՝ առանց այդ երկրի իշխանություններին «զայրացնելու»։

Ըստ կանոնադրության, ԱՀԿ անդամ երկրները պարտավոր են փոխանցել հանրային առողջության համար կարևոր տեղեկությունները, սակայն, կազմակերպությունը որևէ լիազորություն չունի՝ դրանք պահանջելու կամ ստանալու համար։

Պաշտոնական Պեկինը՝ Առողջապահության ազգային հանձնաժողովն ու Արտաքին գործերի նախարարությունը, հրաժարվել են մեկնաբանել այս պնդումները։

XS
SM
MD
LG