Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասավ 6,3 միլիոնի, մահացել է 377 հազար մարդ


Կորոնավիրուսի թեստավորում ԱՄՆ լաբորատորիաներից մեկում, արխիվ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6 միլիոն 300 հազարի, մահացության ցուցանիշը 377 հազար է:

Մահվան դեպքերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ հաստատված վարակակիրների թիվն անցնում է 1 միլիոն 800 հազարը, մինչ օրս մահացել է շուրջ 105 հազար մարդ:

Վարակակիրների թվով Նահանգներին հաջորդում է Բրազիլիան: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հարավամերիկյան այդ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատեց կես միլիոնը՝ հասնելով 526 հազարի, զոհերին թիվը շուրջ 30 հազար է՝ Բրազիլիան զիջում է միայն ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Իտալիային:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նպատակով հետազոտություններ Ռուսաստանում, արխիվ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նպատակով հետազոտություններ Ռուսաստանում, արխիվ

Վարակակիրների ցուցանիշով երրորդ հորիզոնականում գտնվող Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է 8 հազար 863 նոր դեպք, մահացել է ևս 182 վարակակիր, երկրում վարակված է ընդհանուր առմամբ ավելի քան 414 հազար մարդ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց կմասնակցեն զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։ Նյութը մշակվել է նախարարության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, առաջինն այդ մասին բարձրաձայնել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցում։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա են աշխատում աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում։

Եվրոպական տարածաշրջանում իրավիճակը փոքր-ինչ կայունանում է: Տասնյակ երկրներ շարունակում են թուլացնել հակահամաճարակային սահմանափակումները: Մեծ Բրիտանիայում վերաբացվում են տարրական դպրոցները, Նիդերլանդներում՝ բարերը, ռեստորանները, թանգարանները, Շվեյցարիայում` կինոթատրոնները, գիշերային ակումբները: Ֆրանսիացիներն այսօրվանից կրկին կարող են բացօթյա սրճարաններում վայելել սուրճն ու կրուասանը, ճամփորդել երկրի ներսում, այցելել այգիներ: Ֆրանսիան մահացության ցուցանիշով աշխարհում հինգերորդն է՝ կորոնավիրուսի զոհերի թիվն այս երկրում մոտենում է 29 հազարին:

Իտալիա - Այցելուների հերթ Վատիկանի վերաբացվող թանգարանի դիմաց, 1-ը հունիսի, 2020թ.
Իտալիա - Այցելուների հերթ Վատիկանի վերաբացվող թանգարանի դիմաց, 1-ը հունիսի, 2020թ.

Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած Իտալիան ևս աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին: Մայրաքաղաք Հռոմում շաբաթներ տևած դադարից հետո կրկին դարպասներն են բացում հայտնի Կոլիզեումը, Վատիկանի թանգարանը։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ իտալացիները թանգարանային նմուշները կդիտեն առանց անթիվ ու անհամար զբոսաշրջիկների:

Համաճարակի ծանր շրջանում իտալական խոշորագույն քաղաքներից Միլանում կորոնավիրուսով վարակվածների հիմնական բուժման վայրը դարձած «Սան Ռաֆայել» հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլյոյի կարծիքով՝ կորոնավիրուսն օր-օրի փոփոխությունների է ենթարկվում, թուլանում: Նոր ուսումնասիրությունները, ըստ համաճարակաբանի, վկայում են, որ նույն վարակը, հայտնվելով մարդու օրգանիզմում, այլևս նույն վտանգը չի ներկայացնում, ինչպես սկզբնական շրջանում էր: Իտալացի բժշկի խոսքով՝ վարակն այժմ մարդու օրգանիզմում է հայտնվում նվազ չափաբաժնով:

Իտալիայի կառավարությունը, սակայն, առայժմ զգուշավորությամբ է արձագանքում այս գնահատականներին՝ հորդորելով սպասել առավել ընդարձակ և խորը գիտական ուսումնասիրությունների արդյունքներին, իսկ մինչ այդ քաղաքացիներին խնդրում է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ սոցիալական հեռավորություն, պաշտպանիչ դիմակ:

Իտալական մի շարք քաղաքներում, այդուհանդերձ, ոչ միայն չեն հետևում այդ կանոններին, այլ նաև պնդում են, թե կորոնավիրուս գոյություն չունի՝ իշխանություններին մեղադրելով ստի մեջ: Համաճարակի հետևանքով հազարավոր զոհեր ունեցող Հռոմում, Միլանում, Բարիում, Ապուլիայում և այլ քաղաքներում անցած օրերին հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ հերքելու կորոնավիրուսի գոյությունը։ Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայան նախօրեին հորդորել է հատուկ օրենք ընդունել, որը թույլ կտա հետագայում պատժել «կորոնա դիսիդենտներին», ինչպես, օրինակ, Հոլոքոսթը ժխտողներին:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման օջախը համարվող չինական Ուհանում շուրջ 11 միլիոն բնակչությունը կորանավիրուսի թեստավորում է անցել: Ըստ երկրի պաշտոնական աղբյուրների` միայն 300 հոգու մոտ է հաստատվել վարակը, որոնք որևէ ախտանշան չեն ունեցել: Ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանում անցած դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսով է վարակվել շուրջ 83 հազար մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում նոր դեպքերի թիվը կազմել է ընդամենը 5։

Աշխարհի տարբեր երկրների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջապահության ոլորտի հայտնի մասնագետներ, գիտնականներ համատեղ նամակով կոչ են անում աշխարհի առաջնորդներին օր առաջ գումարել Մեծ քսանյակի գագաթնաժողովը և լուծումներ գտնել համաճարակի պատճառով քայքայված համաշխարհային առողջապահական համակարգի և տնտեսության համար։ Ավելի քան 200 հայտնի գործիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը, նամակում կոչ են անում ֆինանսական միջոցներ գտնել՝ օգնելու աղքատ երկրներին, ստեղծելու և տարածելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

XS
SM
MD
LG