Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում գրանցվել է մահերի և վարակվածների «ռեկորդային» բարձր թիվ. դեպքերն անցան 10 հազարը


Հայաստանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր անցած մեկ օրում գրանցվել է և՛ մահերի, և՛ վարակվածների «ռեկորդային» բարձր թիվ։ Երեկ հաստատվել է 517 նոր դեպք, արձանագրվել՝ 19 մահ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահացածներից ամենաերիտասարդը 50-ամյա կին էր, ամենատարեցը՝ 86-ամյա կին։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է։ Այսպիսով՝ մարտի մեկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 հազար 9-ի, արձանագրվել` մահվան 158 դեպք։

«Այս պահին փաստացի բուժում ստանում են 6 հազար 368 պացիենտներ, և թեստերի առումով կարող եմ ասել, որ արդեն համարյա հատում ենք 60 հազարի շեմը: Նախօրեին մենք կատարել ենք 1249 հետազոտություն»,- «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Թե ինչով է պայմանավորված վարակակիրների աճող թիվը, Ալինա Նիկողոսյանն ասաց՝ իրականացնում են թիրախավորված թեստավորում.- «Նախ ճիշտ թիրախավորված թեստեր անելու, գիտեք, որ թեստավորվում են այն մարդիկ, ովքեր, չափորոշիչներ կան, կրիտերիաներ կան նշված, և այդ մարդիկ են թիրախավորված թեստավորվելու համար: Պատճառներից մեկը նա է, որ մենք ճիշտ ենք հայտնաբերում վարակակիրներին, այսինքն` թիրախը ճիշտ ենք ընտրում, և երկրորդ` արդեն վիրուսը տարածում ունի, ու մենք ինքներս պետք է գիտակցենք, որ մեր դիմացի մարդն անկախ ամեն ինչից, գուցե, կարող է լինել վիրուսակիր»:

Օր օրի աճող թվերը վարակաբան Հասմիկ Ղազինյանը պայմանավորում է երկու գործոնով՝ քաղաքացիների վարքով և պատշաճ վերահսկողություն չիրականացնելով։ Օրինակ է բերում երեկ զբոսայգիներից մեկում բազմաթիվ երեխաների ու ծնողների հավաքը, վերահսկողություն, ըստ վարակաբանի, չի եղել.- «Ես չեմ կարծում, որ փողոցում շրջող պարեկային խմբերը չեն նկատել այն զբոսայգին, որի կողքով անցնում էի ես, հետևաբար հանգիստ նստել, բարձրախոսը դնել և հայտարարել` ըստ կառավարության..., բայց չէ՞ որ կառավարության մեկ այլ որոշումն է` այսպիսի հավաքնել չլինել: Չկատարենք ձևական որոշումներ, ձևական կարգադրություններ: Ես այնտեղ մեկ ոստիկան չտեսա, ես այնտեղ տեսա բարձիթողություն, բարձիթողության արդյունքն է այսօր»:

Վարակաբանը կարծում է՝ առաջիկա օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը կշարունակի աճել։ Համավարակը կանխելու համար առավել խիստ միջոցների է պետք դիմել, ոչ թե ձևական վերահսկողություն, ասում է Ղազինյանը.- «Երկիրն այսօր հայտնվել է մի մակարդակի վրա թե՛ իր` ինֆեկցիայի անկառավարելի լինելու առումով, թե՛ այն բոլոր միջոցառումների կատարողականով, որն անհրաժեշտ է, և որը պարտավոր են կատարել համավարակի դեպքում որպես երկիր: Մենք ունենք հայտարարված «կարանտինի փորձ», որն այդպես էլ չվերահսկվեց, և ունեցանք այն, ինչ ունեցանք: Վերահսկողությունը պետք է ընդգրկեր գործունեության բոլոր ոլորտներն ու բոլոր անկյունները»:

Նախօրեին ապաքինվել է 25 քաղաքացի։ Ալինա Նիկողոսյանը բացատրում է՝ բուժված քաղաքացիների թիվն ավելի քիչ է, քանի որ մայիսի 22-ից սկսած ախտանշաններ չունեցող մարդիկ, որոնք մոտ 3 հազար են, բուժումը շարունակում են տնային պայմաններում, սակայն 14 օրը դեռևս չի լրացել, և դեռ արձանագրված չեն առողջացման դեպքերը.- «Եթե նախկինում բոլորը, այդ թվում` ախտանշաններ չունեցող պացիենտները հոսպիտալացվում էին, ապա մայիսի 22-ից ներդրվել է տնային բուժման համակարգը, և այն մարդիկ, ովքեր չունեն սիմպտոմներ, տանն են բուժվում, և դրանով պայմանավորված` նրանց կարգավիճակի փոփոխությունը կատարում է պոլիկլինիկայի իրենց բժիշկը համակարգում»:

Կորոնավիրուսը հաղթահարել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչ, 101-ամյա Նազանի Սիմոնյանը։ Նրա մոտ վիրուսը երկկողմանի թոքաբորբ էր զարգացրել: Վիճակը գնահատվել էր ծանր` հաշվի առնելով նաև տարիքը: Երեկ արդեն 101-ամյա Սիմոնյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG