Մատչելիության հղումներ

Բժիշկ․ Ասիմպտոմ հիվանդների բուժումը տանը կազմակերպելու որոշումը անխուսափելի էր


Մարի Դարակչյան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար

Որպես կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպք երկու օր առաջ տնային բուժման ցուցում ունեցող փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա նույն ախտորոշումն ունեցող դստեր հետ արդեն Արտաշատի բժշկական կենտրոնում է։

«Ազատության» հետ զրույցում Պետրոսյանը հորդորեց Առողջապահության նախարարին վերանայել վիրուսը թեթև կամ առանց ախտանշանների տանող հիվանդներին տանը թողնելու որոշումը։ Նրա խոսքով, հիվանդությունը շատ արագ է զարգանում, և տանը գտնվող պացիենտների դեպքում դժվար է ժամանակին ախտորոշել վատթարացումը. – «Եթե նույնիսկ զանգահարում և հիվանդին ասում են, որ ձեզ մոտ դրական է եղել, պետք է առնվազն հիվանդին տեղափոխեն բուժհաստատություն և այդ առաջնային հետազոտությունները` լաբորատոր, ռենտգեն, անպայման կատարվի: Հիվանդությունը իրականում այնպիսի գաղտնի ընթացք ունի, որ նույնիսկ KT հետազոտությունը, որը մեր երկուսի պարագայում եղել էր լրիվ մաքուր: Փաստորեն պարզվեց, որ շատ արագ իր գործը կատարում է այդ վարակը և ախտահարում է թոքերը: Հիվանդությունը կարող է միանգամից կայծակնային ընթացք ստանա, ոչ բարենպաստ հիվանդի համար, և կարող են պահը կորցնել: Ես գտնում եմ, որ նույն նախարարը պետք է հաստատ վերանայի իր որոշումը»:

Ինեսսա Պետրոսյան
Ինեսսա Պետրոսյան


Ինեսսա Պետրոսյանը վարակի հաստատումից հետո առանձնացել է իր սենյակում, որն անգամ առանձին սանհանգույց ունի։ Շփումը տան անդամների հետ նվազագույնի է հասցրել ու պահել է հակահամաճարակային կանոնները: Եվ այդուհանդերձ, դստեր և արդեն նաև ամուսնու մոտ թեստը դրական է եղել, մյուս երեխաները ևս ախտանշաններ ունեն. – «Հիմա երեխաներին են թեստավորել, որովհետև ջերմում են: Ամբողջ ընտանիքը վատ վիճակի մեջ է հայտվում: Լրիվ մեկուսանալը տան մեջ հնարավոր չէ: Ի վերջո այս օդը շնչում ես...»

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը, սակայն, կարծում է, որ կորոնավիրուսով հիվանդ, բայց ախտանշաններ չունեցող պացիենտների բուժումը տանը կազմակերպելու Առողջապահության նախարարության որոշումը անխուսափելի էր։

Դարակչյանը կարևորում է որոշմանը հաջորդած ռիսկերը ճիշտ կառավարումը. – «Թույլ չեն տալիս երկրի ռեսուրսները այդ բոլոր հիվանդներին պահել հիվանդանոցներում: Այս դեպքում արդեն իմաստ էլ չկա. մտել ենք մեկ այլ փուլ, որտեղ բուժում պետք է իրականացվի այն հիվանդներին, որոնք դրա կարիքը ունեն»:

Բուժումը տանը կազմակերպելու ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակը պոլիկլինիկաներն են, որի բուժաշխատողները պետք է կատարեն ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրեն խորհրդատվություն, հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատեն պացիենտի և խնամողի հետագա առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում ուղեգրեն ախտորոշիչ հետազոտությունների:

Ըստ բժիշկ Դարակչյանի, այստեղ շատ կարևոր է պոլիկնիկանների աշխատակիցների համար համապատասխան պայմանների ապահովումը. – «Ես ինքս մի փոքր դժվար եմ պատկերացնում, օրինակ, պոլիկլինիկայի տեղամասային մի բժշկի, որը օրական պետք է կատարի իր տեղամասում ասենք թե տասը նմանատիպ այց: Որտե՞ղ պետք է փոխվի այդ բժիշկը, ո՞ւր պետք է դնի այդ շորերը, ո՞վ պիտի տա այդ քանակությամբ արտահագուստը և այլն, և այլն»:

Բժիշկը նկատում է, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում բազմանդամ ընտանիքները, որտեղ մի քանի սերնդի ներկայացուցիչներ կան, և այս դեպքում առավել կարևոր է կանոնների իմացությունն ու պահպանումը. – «Հիվանդ մարդը պետք է ինքը գիտակցի, որ պետք է մնա առանձին սենկայում` եթե դրա հնարավորությունը կա, օգտվի առանձին սպասքից, սանհանգույցից օգտվի վերջինը, իրենից հետո մաքրի այդ ամբողջ մակերեսներն ու տարածքները: Իսկ այն մարդիկ, ովքեր պիտի խնամեն, ունենան համապատասխան արտահագուստ, դա կարող է լինել սովորական տնային որևէ հագուստ: Հիվանդի սենյակից դուրս գալուց հետո դա լվանալ լվացքի մեքենայով բարձր ջերմաստիճաններում` 60-65 աստիճանում, կամ օգտագործել ախտահանիչ նյութեր այդ հագուստը ախտահանելու համար: Նաև օգտագործել դիմակ, տվյալ սենյակից դուրս գալուց հետո դիմակը հանել անմիջապես այդ ականջի փոչիկների հատվածից, և ամենակարևորը` եթե վիճակը հիվանդի ծանրանում է, կապվել տեղամասային ընտանեկան բժշկի կամ թերապևտի հետ, իսկ եթե ոչ աշխատանքային ժամ է, զանգահարել շտապօգնություն»:

Նա խորհուրդ է տալիս, եթե մինչև հիմա չգիտեք, նախապես ճշտեք, թե որ պոլիկնիկայում եք հաշվառված և ով է ձեր տեղամասային բժիշկը և կապ պահեք նրա հետ։

Տանը բուժվող վիրուսակիրների հորդորում է ինքնուրույն որևէ հետազոտության գնալուց առաջ նախապես տվյալ անձնակազմին զգուշացնել այդ մասին, որպեսզի տվյալ հաստատությունում պատշաճ պատրաստվեն։

Բացի այդ, կան մի քանի պարզ կանոններ, որոնք հարկ է իմանալ բուժումը տանը կազմակերպելու համար. – «Առատ հեղուկներ, մինչև 2-2,5 լիտր կարելի է օրվա մեջ տարատեսակ հեղուկներ ընդունել: Դյուրամարս սնունդ, որպեսզի հանկարծ չմիանան մարսողության հետ կապված որևիցե խնդիրներ, և ինչքան հնարավոր է շատ անկողնային ռեժիմ: Տանը ինքնուրույն որևիցե հակաբիոտիկներ պետք չէ օգտագործել, որևիցե ինտերնետից կարդացած դեղորայք պետք չէ օգտագործել»:

XS
SM
MD
LG