Մատչելիության հղումներ

Թբիլիսիում «ոչ դիվանագիտական» են որակում Արսեն Թորոսյանի հայտարարությունները


Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, արխիվ

Թբիլիսիում «ոչ դիվանագիտական» են որակում Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկվա հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին:

Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին․- «Արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է` ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են` հարգելի՛ քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացի: Ես այդ հարցի պատասխանն, անկեղծ ասած, չունեմ: Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին, օրինակ` արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե՞ չի համարվում: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Թափանցիկության նման մակարդակ, ես անկեղծ պետք է ասեմ, որևէ երկրում չգիտեմ»:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ի պատասխան Թորոսյանի այս հարցադրմանը՝ միայն պնդել է, որ թոքաբորբ ունեցող բոլոր հիվանդները թեստավորվում են՝ չանդրադառնալով սուր շնչառական հիվանդություններ ունեցողներին թեստավորելու մասին Թորոսյանի հարցադրմանը:

Հայաստանի առողջապահության նախարարը երեկ նաև ասել էր, որ Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում և մեծ թվով վրացի վարորդներ վարակված են լինում կորոնավիրուսով․- «Կարելի է համարել, որ օրինակ` Վրաստանում իրոք օրական մեկ կամ երկու դեպք է լինում կամ վեց, և կարելի է համարել, որ ոչ բոլորն դեպքերն է, որ հաստատվում են և դառնում են վիճակագրության մաս: Ես այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ»:

Ամիրան Գամկրելիձեն հակադարձել է, թե ըստ ստորագրված միջազգային կոնվենցիաների՝ կողմերը պետք է միմյանց տեղյակ պահեն, եթե իրենց քաղաքացին վարակակիր է և այժմ այդ տարածքում է․- «Մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք երկար պատմություն, և ես մի փոքր ճնշված էի այս տեսակի «ոչ դիվանագիտական» հայտարարությունից»,- ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենը:

Արսեն Թորոսյանը նաև կարծիք էր հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա մեթոդաբանության տարբերություն․- «Հնարավոր է, որ օրինակ` Վրաստանի արած 40 հազար թեստերը ՊՍՌ չլինեն, այլ մի մասը լինի արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»:

Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն ասել է, թե նախարար Թորոսյանի հայտարարությունն առնվազն ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ: Պրոֆեսոր Ցերցվաձեն ընդգծել է, որ Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը վարվում է միջազգային բարձր չափանիշներով, թափանցիկ, և հեղինակավոր որևէ կառույց դա կասկածի տակ չի դրել: Նա չի հաստատել, որ իրականացված շուրջ 48 հազար թեստերում նաև արագ՝ անորակ թեստերն են, վստահեցնելով, որ ռապիդ թեստեր Վրաստանում անում են միայն լրացուցիչ դեպքերում.- «Կարծում ենք, որ պարոն նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր, մեղմ ասած, սխալ գնահատականները, կա՛մ գոնե վերանայի դրանք և ներողություն խնդրի», - հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանին և բոլոր հետաքրքրվողներին հրավիրելով տեղում ծանոթանալու կորոնավիրուսի կառավարման վրացական փորձին:

XS
SM
MD
LG