Մատչելիության հղումներ

COVID-19-ի՝ Վրաստանի պատվիրած նիդերլանդական թեստերը իրականում չինական են. հետաքննող լրագրողներ


Վրաստան, կորոնավիրուսի թեստեր, արխիվ

«Վերջին շաբաթներին Վրաստանի կառավարության կողմից ձեռք բերված կորոնավիրուսի նիդերլանդական թեստերը իրականում չինական արտադրության են», - պնդում են լրագրողական հետաքննություններով զբաղվող եվրոպական ամենահեղինակավոր կառույցներից մեկի` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման լրագրողական պլատֆորմի ներկայացուցիչները:

Եվրոպական տարբեր պետություններում աշխատող հետաքննող լրագրողներին միավորող այս ցանցի անդամները վերջին երկու ամիսներին հետաքննել են կորոնավիրուսի թեստերի միջազգային շուկան` մի շարք լուրջ խախտումներ բացահայտելով` այդ թվում Վրաստանում:

«Ապրիլի 15-ին TBC բանկը Վրաստանի կառավարությանը Biozek մակնիշի 5 հազար թեստ է նվիրել: Դրանից 9 օր անց` ապրիլի 24-ին, առողջապահության նախարարությունը [նույն մակնիշի] ևս 30 հազար թեստ գնելու պայմանագիր է կնքել», - նշում են հետաքննող լրագրողները` ընդգծելով, որ այս վերջին խմբաքանակի ընդհանուր արժեքը կազմել է 930 հազար լարի կամ 290 հազար ամերիկյան դոլար:

«Պետական գնում կատարելու պատվերի հավելվածում Վրաստանի առողջապահության փոխնախարարը հատուկ նշել էր, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը թեստերի արդյունավետությունը դրական է գնահատել», - նշում են հրապարակման հեղինակները` հավելելով, որ կառավարության կողմից պատրաստված փաստաթղթերում որպես թեստերի արտադրող նշված է եղել Նիդերլանդներում գործող Inzek International Trading ընկերությունը:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման լրագրողական պլատֆորմի աշխատակիցներին և նրանց հետ համագործակցող Investico նիդերլանդական պարբերականին, այդուհանդերձ, հաջողվել է պարզել, որ այս թեստերի իրական արտադրողը Alltest կոչվող չինական ընկերությունն է, որը, սակայն, իր արտադրանքը պատվիրատուներին որպես հոլանդական է ներկայացրել:

Ի դեպ, այն պահին, երբ Վրաստանի կառավարությունը կնքում էր այս պայմանագիրը, իբր նիդերլանդական այս թեստերի շուրջ արդեն իսկ մի շարք լուրջ սկանդալներ էին ծագել:

Դրանցից ամենաաղմկալին տեղի էր ունեցել մարտին Հյուսիսային Մակեդոնիայում, որի բնակիչ Ռոջեր Զեքիրովսկին օգտվել էր Biozek մակնիշի թեստերից` բացասական պատասխան ստանալով: Երեք օր անց, մինչդեռ, 45-ամյա մակեդոնացին մահացել է այդպես էլ չհայտնաբերված կորոնավիրուսի հետևանքով:

Լրագրողներին հաջողվել է նաև պարզել,որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շաբաթներ առաջ չեղարկել է Alltest-ի հետ կնքված պայմանագիրը` հետևելով Օքսֆորդի համալսարանի մասնագետների խորհրդին:

Վրաստանի առողջապահության նախարարությունում նշել են, որ թեստերի ձեռքբերման ընթացքում տեղյակ չեն եղել այդ սկանդալների մասին: Հետագայում, սակայն, ըստ Վրաստանի առողջապահության նախարարության, երկրի կառավարությունը, տեղեկանալով այս ամենին, որոշել է չեղարկել կնքված համաձայնագիրը` հաժարվելով վիճահարույց թեստերի ներկրումից:

«Թերությունը ժամանակին հայտանբերվել է, պայմանագիրը` չեղարկվել», - «Ինտերպրես Նյուզ» գործակալությանը հաղորդել են Վրաստանի առողջապահության նախարարությունում` հատուկ ընդգծելով, որ վրացական կողմը թեստերի գնման դիմաց դեռ որևէ վճարում չէր կատարել:

Չնայած այն հանգամանքին, որ երկրի կառավարությանը, վերջին պահին բարձրացած աղմուկի շնորհիվ, հաջողվել էր խուսափել անորակ թեստերի ձեռքբերումից, Վրաստանի ընդդիմադիր լրատվամիջոցներն ու ակտիվիստները այս պատմության մեկ այլ` կոռուպցիոն բաղադրիչի վրա են ուշադրություն հրավիրում: Նրանց պնդմամբ՝ կառավարության կողմից թեստերի գնման մրցույթում հաղթած Solemart ընկերությունը սերտ կապեր ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք ազդեցիկ անդամների հետ:

«Մեր տեղեկություններով՝ Solemart ընկերության հիմնադիր Զուրաբ Թուքվաձեն տարածքային զարգացման և ենթակառույցների նախկին նախարար Դավիթ Շալվիաշվիլիի մերձավորներից է: Բացի այդ, Solemart-ի հիմնադիրը սերտ կապեր ունի Վրաստանի սպորտի հարցերի նախկին նախարար Թարիել Քեչիկաշվիլիի ստեղծած մի շարք ընկերությունների հետ», - պնդում է վրացական «Ստոպ կոռուպցիա» շարժման ներկայացուցիչ Վաթո Գելաշվիլին:

Վրաստանը Հարավային Կովկասի միակ պետությունը չէ, ուր մուտք են գործել կորոնավիրուսի կեղծ նիդերլանդական թեստերը: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման լրագրողական պլատֆորմի ներկայացուցիչների պնդմամբ՝ Բաքվում գործող Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնը Ադրբեջանի կառավարությանը ապրիլի 9-ին Biozek մակնիշի 350 թեստ է նվիրել: Գյանջևիի անվան կենտրոնը սերտ կապեր ունի Ալիևների ընտանիքի հետ, այս կառույցի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկված մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում Ֆինլանդիայի, Լատվիայի, Սերբիայի և Խորվաթիայի նախկին նախագահները:

XS
SM
MD
LG