Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի հետևանքով՝ Ֆրանսիայում «Ռենո» ավտոգործարանը փակվելու վտանգի տակ է


Ավտոցուցադրություն, արխիվ

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլոն 209 հազարին, մահվան դեպքերը՝ 335 հազարի, բուժվածների թիվը՝ 2 միլիոն 100 հազարի:

Այս շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը արձանագրվել են Ռուսաստանում և Բրազիլիայում: Ռուսաստանը ավելի քան 326 հազար դեպքերով երկրորդն է ԱՄՆ-ից հետո, իսկ Բրազիլիան երրոդը՝ գրեթե 311 հազար դեպքերով:

Մասնագետների կարծիքով՝ Բրազիլիայում վարակվածների թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ այնտեղ զանգվածային թեստավորում չի կատարվում: Ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեմ էր կարանտինային խիստ միջոցներին ու երկիրը հայտնվել է այդ վիճակում: Հիմա նա հայտարարել է, որ ստորագրում է դաշնային օգնության ծրագրով ավելի քան 10 միլիարդ դոլարի հատկացումներ կատարելու օրինագիծը:

Կորոնավիրուսից տուժած նահանգներին և տեղական իշխանություններին օգնություն տրամադրելու օրինագիծը խորհրդարանն ընդունել էր այս ամսվա սկզբին, բայց Բոլսոնարուն մինչև հիմա այն չէր ստորագրում, չնայած նահանգներն ու մեգապոլիս Ռիո դե Ժանեյոն հրատապ օգնության կարիք ունեն:

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները ցանկանում են դաշտային յոթ հոսպիտալ ստեղծել, բայց առայժմ միայն մեկն է գործում՝ Մարակա մարզադաշտի տարածքում: Խոստացված 1300 մահճակալներից, ստացել են ընդամենը 200-ը:

Հաշվի առնելով կորոնավիրուսի աճող դեպքերը, փորձագետները ենթադրում են, որ առաջիկա օրերին Բրազիլիան կարող է դառնալ երկրորդ երկիրը կորոնավիրուսով վարակված բնակչության քանակով:

Ամենաշատ դեպքերն ու մահացությունը Միացյալ Նահանգներում է: Այստեղ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն 600 հազար դեպք: Մահացել է 96 հազարից ավելի մարդ: ԱՄՆ-ում դեռ կորոնավիրուսի բռնկման սկզբնական շրջանում փորձագետները, նախագահ Թրամփը ասում էին, որ մահվան դեպքերը կարող է հասնել 100 հազարի, գուցե և ավելին: Վերջին 2-3 շաբաթներին Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ վիրուսի տարածման կորագիծը ցած է թեքվել, հիվանդության պիկը հաղթահարվել է, ուստի տնտեսությունն ու առևտուրը պետք է աստիճանական վերաբացել:

Այդ ուղղությամբ նախագահի ուղղակի կարգադրություն, հրամանագիր չկա, Թրամփը ծրագիր էր ներկայացրել՝ որոշումներ ընդունելու իրավունքը թողնելով տեղական իշխանություններին: Յուրաքանչյուր նահանգապետ հաշվի առնելով իր մոտ ստեղծված իրավիճակը, փոփոխությունները, ինքն է որոշում կայացնում տնտեսության այս կամ այն ճյուղը վերաբացելու մասին:

Այսօրվա դրությամբ բոլոր 50 նահանգներում կարանտինի պայմանները մեղմացվել են, ամերիկյան տնտեսությունը սկսել է շնչել:

Թրամփը երեկ այցելել է Միչիգան՝ «Ֆորդ Մոտորս» ավտոգործարան: Միչիգանի նահանգապետը դեմոկրատական կուսակցությունից է, և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցում որոշ լարվածություն կա նահանգապետի ու Թրամփի միջև:

Թրմափը շրջել է «Ֆորդ»-ի գործարանում, որտեղ հիմա արտադրում են նաև թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ, ինչպես նաև անհատական պաշտպանության բժշկական պարագաներ:

Չնայած գործարանում դիմակ կրելը պարտադիր է, գործարանի ղեկավարության նախկինում ընդունած որոշման համաձայն, բոլոր աշխատակիցները, այցելուները պետք է դիմակ կրեն, բայց Թրամփն առանց դիմակի էր: ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, թե իր հետ դիմակ ունի, արտադրամասում հագել է, ցույց է տվել ձեռքում պահած դիմակը, բայց տեսախցիկների առաջ չի ցանկանում դիմակով լինել: «Չեմ ցանկանում ինձ դիմակով տեսնելու բավականություն պատճառել մամուլին», - ասել է նա՝ կատակի տալով, - «անկեղծ ասած, կարծում եմ դիմակով ավելի լավ տեսք ունեմ»:

Ինչ վերաբերում է եվրոպական արտադրության իրավիճակին, ապա փակվելու վտանգի տակ է հայտնել ֆրանսիական «Ռենո» ավտոգործարանը: Այդ մասին «Եվրոպա մեկ» ռադիոկայանի հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լե Մեյրը, նա նշել է, որ եթե «Ռենո»-ն կորոնավիրուսի հետևանքով իրավիճակը հաղթահարելու համար շտապ օգնություն չստանա, ապա գործարանը կփակվի:

«Այո, «Ռենո»-ն կարող է փակվել, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարող են փակվել, մենք պետք է պարզ լինեք այդ հարցում: Տնտեսական այս ճգնաժամի ընթացքում իմ մոտեցումն էր, որ մենք Ֆրանսիայի ժողովրդին պետք է ասենք ճշմարտությունը, ես երբեք չեմ թաքցրել, թե որքան լուրջ է այս ճգնաժամը, և ես չեմ թաքցնում, թե որքան լուրջ է «Ռենո»-ի իրավիճակը», - ասել է նախարարը:

Միաժամանակ նա ասել է, որ «Ռենո» խմբի նախագահ ժան-Դոմենիկ Սենարը ջանասիրաբար աշխատում է գործարանը փրկելու ռազմավարական պլանի վրա, և կառավարությունը աջակցում է նրան:

«Ֆիգարո»-ի հարցազրույցում ֆինանսների նախարարն ասել է, թե դեռ չի ստորագրել «Ռենո» ընկերությանը 5 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը, այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Կառավարությունը պնդում է, որ օգնության դիմաց «Ռենո»-ն պետք է արտադրության մեծ մասը վերադարձնի Ֆրանսիա, ինչպես նաև մշակի շրջակա միջավայրը ավելի նվազ աղտոտող էկոլոգիապես ավելի մաքուր ավտոմեքենաների արտադրություն:

«Ռենո»-ի գործընկերներն են ճապոնական «Նիսան» և «Միցուբիշի Մոտորս» ընկերությունները, նրանք համագործակցության դաշինք են կազմել ավելի քան 20 տարի առաջ:

«Նիսան»-ը քննարկում է 20 հազար աշխատող կրճատելու հարցը՝ կենտրոնանալով Եվրոպայի և զարգացող երկրների շուկաների վրա: Ակնկալվում է, որ «Ռենեո», «Նիսան», «Միցուբիշի» համագործակցության դաշինքը մայիսի 27-ին կհայտարարի նորացված ռազմավարության մասին:


XS
SM
MD
LG