ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ներքին գործերի նախարարի, ոստիկանության և բանակի մի շարք բարձրաստիճան աշխատակիցների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ ցուցարարների սպանությունների պատճառով:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի գլխավորած ուժային կառույցը, մասնավորապես, անցած նոյեմբերին կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ՝ սպանելով առնվազն 23 անչափահասների:
Պատժամիջոցների ցանկում են յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ և երեք կազմակերպություններ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է բռնությունների միջոցով այլախոհությունը ճնշելու համար: ԱՄՆ կառավարությունը կարգելափակի նրանց ամերիկյան հաշիվները, ինչպես նաև կարգելի Միացյալ Նահանգների քաղաքացիերին նրանց հետ որևէ գործնական հարաբերություններ ունենալ:
Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնում է 2018 թվականից ի վեր, երբ նախագահ Դոնալդ Թրամփը խզեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը: