Մատչելիության հղումներ

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները: Դրանց մեծ մասը չեղարկվել էր դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք` 2015-ի օգոստոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, սակայն, Թեհրանի դեմ պատժամիջոցների թեման կրկին վերադարձավ Վաշինգտոնի քաղաքական օրակարգ: Թրամփի վարչակազմը հույս ունի, որ պատժամիջոցների խստացմամբ հնարավոր կլինի ստիպել Իրանի իշխանություններին վերջ տալ բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, սահմանափակել այդ երկրի ակտիվությունը մերձավորարևելյան տարածաշրջանում ինչպես նաև նոր՝ ավելի խիստ պայմանագիր կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ:

«Այս պատժամիջոցներով Իրանին շատ ծանր հարված է հասցվում: Իրանն այլևս այն նույն պետությունը չէ, որ գոյություն ուներ ասենք երկու տարի առաջ: Այն բանից հետո, երբ ես չեղարկեցի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն, այդ երկիրը զգալիորեն փոխվել է», - անցած շաբաթավերջին հայտարարում էր Դոնալդ Թրամփը:

Ուշագրավ է, որ շաբաթ օրը` ուսանողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների մասին գրեթե նույնն էր ասում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

«Վերջին 40 տարում` մեր հաղթական հեղափոխությունից ի վեր, Ամերիկան զգալիորեն թուլացել է: Ամերիկայի գերիշխանությունն աշխարհում գնալով նվազում է և դա շատ կարևոր է: Աշխարհի քաղաքական գործիչների և քաղաքագետների մեծամասնությունը ընդունում է այս փաստը», - հայտարարում էր Խամենեին:

Նշենք, սակայն, որ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցներն ակնհայտորեն շատ ծանր գին կունենան իրանական տնտեսության համար: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել ավելի քան 700 իրանական ընկերություններ, բանկեր և խոշոր գործարարներ: Պատժամիջոցների հետևանքով ամերիկյան կողմը սառեցնում է այն բոլոր կազմակերպությունների և անհատների ունեցվածքը, ֆինանսական ակտիվները, որոնք առնչություն ունեն Իրանի նավթային սեկտորի ինչպես նաև երկրի Կենտրոնական բանկի հետ: Դրան էլ գումարած իրանական բանկերն, ըստ ամենայնի, կզրկվեն ֆինանսական փոխանցումների համաշխարհային համակարգից` SWIFT-ից օգտվելու հնարավորությունից` հայտնվելով լիակատար մեկուսացման մեջ:

Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև երրորդ երկրների ընկերությունները, որոնք կշարունակեմ համագործակցել Իրանի հետ` մասնավորաբար գնելով այդ երկրում արդյունահանված էներգակիրները: Այս վերջին հարցում, սակայն, Վաշինգտոնն անցած շաբաթավերջին որոշակի զիջումների է գնացել` աշխարհի ութ պետությունների, այդ թվում՝ Ճապոնիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի համար ժամանակավոր բացառություն սահմանելով: Այդ երկրներն առաջիկա վեց ամիսներին դեռ զրկված չեն լինի իրանական նավթը ձեռք բերելու հնարավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG