Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Միքայել Մինասյանը գործարարից պահանջել է չշահագործել սրճարանը, ՍՊԸ-ն 2 միլիարդի վնաս է կրել


Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին առնչվող ևս մեկ քրեական գործ է հարուցվել։

ՀՔԾ-ն այսօր տարածած հաղորդագրության մեջ անուններ չի նշում, միայն ասում է` 2007-2012թթ.-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործարարից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը, որի շինթույլտվությունը գործարարն ունեցել է:

Այդ պաշտոնները նշված ժամանակահատվածում զբաղեցրել է հենց Միքայել Մինասյանը, որը հետախուզման մեջ է մեկ այլ քրեական գործով։ Վերջին դեպքում նյութերի նախապատրաստման հիմք է հանդիսացել «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ իրեն պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում կառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար: Ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, բայց ըստ հաղորդագրության` Միքայել Մինասյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ.-ի ընթացքում կրել մոտ 2 մլրդ դրամի վնաս:

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատությանը» փոխանցեց՝ ՀՔԾ հաղորդագրությունից տեղյակ չէ, այլ հարցերի պատասխանել ասաց՝ չի կարող, զբաղված է։ ՀՔԾ-ից ևս գործից այլ մանրամասներ չփոխանցեցին։

«Ազատությունը» դիմել է նաև Մանվել Տեր-Առաքելյանին ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերի մանրամասնեը ճշտելու համար, բայց դեռ արձագանք չենք ստացել:

Նկատենք` սա ՀՔԾ-ում Միքայել Մինասյանին առնչվող երկրորդ քրեական գործն է: Երկու օր առաջ էլ հայտնել էին, որ գործ են հարուցել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի տեսաուղերձի հիման վրա։ «Ազատությանը» տեղեկացրել էին, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հոդվածով։ Այժմ նախաքննություն է ընթանում։

Իր տեսաուղերձում իրավապահներից թաքնվող Մինասյանը պնդել է, թե Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Հռոմում հանդիպել էր իր հետ` որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ, և առաջարկել էր իրեն սիմվոլիկ գումար վճարել պետությանը, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ։ Մինասյանը նաև պնդել էր, թե մերժել է այդ առաջարկը։ Նրա այս հայտարարության կապակցությամբ օրերս սեպտեմբերին պաշտոնանկ արված Արթուր Վանեցյանն էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն։

Ավելի վաղ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Հենց այս գործի հարուցումից հետո նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

XS
SM
MD
LG