Մատչելիության հղումներ

«Վերջին շրջանում դա արդեն ակնհայտ դարձած հնարք է». Հայկ Կոնջորյանը՝ Միքայել Մինասյանի տեսաուղերձների մասին


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին օրերին տեսաուղերձներով է հանդես գալիս:

Հայաստանյան իրավապահներից թաքնվող Մինասյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար, պնդում է, որ Արթուր Վանեցյանը, երբ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, հանդիպում է ունեցել իր հետ՝ իբրև Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ, և առաջարկներ արել:

Թեմայի շուրջ Կարլեն Ասլանյանը զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Միքայել Մինասյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից իրեն գործարք է առաջարկվել՝ ինչ-որ խորհրդանշական գումար մուծել, և փոխարենը՝ չի հետապնդվի, և պայմանն էլ այն է, որ ինքը չպիտի գա Հայաստան, ըստ էության, չզբաղվի քաղաքականությամբ: Այնինչ իր ելույթը թերևս կարող ենք գնահատել ակտիվ քաղաքականություն մտնելու հայտ:

Հայկ Կոնջորյան. – Նախ, ես կարծում եմ, որ Ձեր կողմից նշված անձնավորությունը, եթե ունի նման ասելիքներ և հանցագործության հաղորդմանը հասնող դատողություններ և տեղեկատվություն, ապա նա պիտի ներկայանա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և բոլոր այդ փաստերը ներկայացնի, եթե ինքը ահանգստանալու և վախենալու որևէ հիմք չունի, սա՝ մեկ:

Երկրորդը՝ ես կարծում եմ, որ իր գործով պիտի զբաղվեն առաջին հերթին իրավապահ մարմինները, որովհետև կա հարուցված քրեական գործ, որը, ինչպես որ հասկանում եմ, բավականին մեծ ծավալների է հասնում:

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, տեսեք՝ վերջին շրջանում դա արդեն, էսպես, ակնհայտ դարձած հնարք է, և այս կամ այն նախկին պաշտոնյան, ով մեղադրվում է կամ պիտի մեղադրվի, այսինքն՝ ինքը ևս ակնկալում է և հասկանում է, որ գործընթացները տանում են դրան, և բացահայտումներ են տեղի ունենում նախկին այս կամ այն ապօրինությունների վերաբերյալ, նախքան, ասենք, օրինակ, քրեական գործերի հարուցումը, կամ դրանից հետո նաև, սկսում են որոշակիորեն քաղաքական ակտիվություն ցուցաբերել, և այդ քաղաքական ակտիվությունը իր բովանդակությամբ բավական դատարկ է, սնամեջ, որպեսզի հետո ներկայացնեն, որ «այ, տեսեք, մենք քաղաքական ակտիվություն ցուցաբերեցինք, և մեր նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մենք քաղաքական հալածյալ ենք, մենք քաղաքական գործիչներ ենք», և այլն, այնինչ մարդիկ, տարիներ շարունակ պարզապես նրանց ծպտունը դուրս չի եկել՝ քաղաքական իմաստով: Որտե՞ղ են եղել նրանցից շատերը, դժվար է նրանցից շատերին ընդհանրապես քաղաքական գործիչներ համարել: Եվ այստեղ, ես կարծում եմ, որ կա պարզապես շատ արդեն պրիմիտիվ դարձած հնարք, որը հանրությունը ևս արդեն վաղուց հասկացել է, երբ որ դու գիտես, որ կա կոնկրետ քրեական գործ, երբ որ դու գիտես, որ քո կողմից նախկինում արված այս կամ այն ապօրինության մասով եկել է արդարադատության առջև կանգնելու ժամանակը, եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը, դու դրանից մանևրելու համար սկսում ես քաղաքական՝ երբեմն դատարկաբանությունների մակարդակի հասնող հայտարարություններ կատարել՝ միայն այն բանի համար, որ հետո ասես՝ «այ, տեսեք, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում», չգիտեմ, անկախ նրանից՝ դու, ասենք, նախկին ղումարբա՞զ ես, որ ժողովրդի գումարներով կազինոներում, խաղատներում խաղադրույքներ ես կատարել, թե՞ բարձրաստիճան պաշտոնյա, որ, չգիտեմ, հարկային և ամենատարբեր սպեկուլյացիաներով դիզել ես միլիոններ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG