Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն


Միքայել Մինասյանը, արխիվ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ նախօրեին հրապարակած տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն՝ ուսումնասիրության, հայտարարում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.- «Իրենց կողմից ստանալուց հետո ընդհանրապես քրեադատավարության օրենքով սահմանված է տասնօրյա ժամկետ նյութերի նախապատրաստման համար, անհրաժեշտության դեպքում ևս 20 օր հնարավոր է, որ ավելացվի, բայց դա առաձնահատուկ դեպքերում է արվում, որից հետո պետք է որոշում կայացվի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցման մերժելու վերաբերյալ»:

Իր տեսաուղերձում հայաստանյան իրավապահներից թաքնվող Միքայել Մինասյանը, որ մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար, պնդում է, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ՝ իբրև Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ և առաջարկներ արել.- «Ասաց, որ քեզ ունենք առաջարկ, մեր առաջարկը հետևյալն է` դու մուծում ես սիմվոլիկ գումար, և դրանից հետո դու չես գալիս Հայաստան երբեք, գոնե թե առաջին տարիների ընթացքում: Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են քեզ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ, քո կյանքով Հայաստանում, բայց այդ վայրկյանից, երբ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրական գործընթացները միանգամից դադարեցվում են»:

Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանն այսօր տեղեկացրեց, որ այս փուլում Մինասյանի հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեն տեսնում, իսկ Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի վերաբերյալ իր վերաբերմունքը հայտնել է դեռ իր հրաժարականից հետո տված հարցազրույցում։

Հիշեցնենք` 2019 թվականի սեպտեմբերին Վանեցյանը հայտարարել էր՝ թող ոչ ոք չփորձի իրեն կապել Մինասյանի հետ, «նա մի մարդ է, որ պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա»։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է` Մինասյանի հայտարարության հետ կապված մեկնաբանություն չունեն, իրավապահների գործն է.- «Մեկնաբանություն չունեմ, իսկ բովանդակային առումով հայտարարությունների հետ կապված, շեշտադրումների հետ կապված` պետք է զբաղվի իրավապահ համակարգը»:

Խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն ասում է՝ Մինասյանի ուղերձը չի նայել, դրանով պետք է զբաղվեն իրավապահները.- «Շատ դեպքերում նախկին պաշտոնյաներ կամ ինչ-որ մարդիկ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, նրանք ինչ-ինչ քաղաքական կամ կեղծ քաղաքական հայտարարություններ են անում, որոնք զուտ պետք է դիտարկել այդ կոռուպցիայի գործերի շրջանակներում որպես պաշտպանվելու փորձ: Այստեղ ես կարծում եմ` որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես որևէ մեկնաբանություն չունեմ դրա շուրջ, դա զուտ իրավապահների տիրույթում է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը ևս կարծում է՝ սա ուշադրությունը շեղելու փորձ է, սակայն ամեն դեպքում իշխանությունից պետք է արձագանքեն Մինասյանի պնդումներին.- «Սա օրակարգը շեղելու թեմա, որ ամեն գնով փորձում են այսօրվա մեր առջև կանգնած օրակարգերը շեղել տարբեր հայտարարություններով, իշխանությանն է ուղղված արձագանքը, թող իշխանությունը մեկնաբանի, դե մեղադրանքներ հնչեցին, ամեն դեպքում կարծում եմ` իշխանությունը պետք է դրան արձագանքի»:

Ուշագրավ է, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը գրառում էր արել այն մասին, որ Արթուր Վանեցյանը, հեղափոխությունից հետո, առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» Միքայել Մինասյանի փայաբաժինը:

«Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ»,- գրել էր վարչապետի խոսնակը։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասում է.- «Կարելի է ուղիղ ասել, որ Վանեցյանը սեփական գեղարվեստական փաթեթավորմամբ է բանակցել Միքայել Մինասյանի հետ, որովհետև ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ որևէ առաջարկ կաներ մեկի փեսային, ում ընդամենը դրանից մեկ տարի առաջ մերժել էին, և մերժել էր ոչ միայն այդ անձին, այլև ամբողջ համակարգը, որի կարկառուն և առանցքային ներկայացուցիչը եղել է Միքայել Մինասյանը»:

XS
SM
MD
LG