Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանի հայտարարության կապակցությամբ Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ


Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերջերս արված հայտարարության կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք անցած տարվա սեպտեմբերին պաշտոնանկ արված Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- նշել է փաստաբանը։

Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրեր առաջ հրապարակած տեսանյութում հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ` որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ, և ըստ Մինասյանի, Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել պետությանը, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ, բացի այդ, իր հետ առնչվող անհատներին հրահանգել, որ դադարեն Փաշինյանի դեմ պայքարել։ Միքայել Միանսյանի պնդմամբ՝ ինքը մերժել է այդ առաջարկը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Սերժ Սարգսյանի փեսան մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։ Քրեական գործը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, հարուցվել է դեռևս մարտին։ Մինասյանը չի ընդունում մեղադրանքը։

XS
SM
MD
LG