Մատչելիության հղումներ

Մարուքյանը չի պատրաստվում մանդատը դնել. Մակունցը կոչ է անում վերադառնալ «քաղաքական բովանդակային դաշտ»


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, 11-ը մայիսի, 2020թ.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Մարուքյանը հայտարարել էր՝ իշխող խմբակցության պատգամավորները, որ իրեն հարվածել են, պետք է վայր դնեն մանդատները։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ի պատասխան ասել էր՝ պատրաստ են մանդատները վայր դնել, եթե Էդմոն Մարուքյանը ևս վայր դնի մանդատը։ Մարուքյանն ասում է՝ իրենք զոհն են, ոչ թե բռնարարը, ինչո՞ւ պետք է վայր դնեն մանդատը.- «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք, մենք մանդատները դնենք, որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք` էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկո՛լ: Էտ վերջին ընդդիմախոսներին ե՞ս ուզում վերացնես: Մեր մանդատներն ինչի՞ դնենք, ո՞ւմ ենք խփել: Այ Սասուն Միքայելյանը, բնականաբար, պիտի դնի մանդատը, որովհետև նա քաղաքականության կապ չունի, նա որ խոսում է, սկի մարդիկ չեն հասկանում` ինչ է ասում: Մանդա՞տ եք ուզում, մանդատ չեք ստանա, մանդատը մենք դնենք որ ի՞նչ, մենք բռնության զոհն ենք, իսկ դուք` բռնության հեղինակները և նախաձեռողները: Մենք մանդատը դնենք, որ ի՞նչ, մանդատը դնենք, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա լինե՞ք երկրում: Դա բացառված է: Հանդարտվե՛ք»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, 12-ը մայիսի, 2020թ.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, 12-ը մայիսի, 2020թ.

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է՝ «Լուսավոր Հայաստանը» կոնֆլիկտի զոհ չէ, այլ կողմ, և կոչ է արել Էդմոն Մարուքյանին վերադառնալ քաղաքական բովանդակության դաշտ.- «Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ:

Զոհ չեն, այլ կոնֆլիկտի կողմ են: Չնայած այն հանգամանքին, որ նրանք հանրային կերպով չեն ընդունում իրենց մեղքի մասնաբաժինը, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրենց համար, ոչ որևէ մեկի համար, ոչ մեզ համար, իրենց համար կանի հետևություններ: «Իմ քայլը» խմբակցությունը թե դատապարտել է տեղի ունեցածը մեր հատվածով և ընդհանրապես միջադեպի տեղի ունենալը որպես միջադեպ, նաև մեր հետևությունները մենք արել ենք: Մենք լիահույս ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես կանի հետևություններ, թեկուզ ոչ հանրային, ոչ հրապարակային, և մեր աշխատանքները կվերադառնան բնականոն քաղաքական, բովանդակային դաշտ»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, 11-ը մայիսի, 2020թ.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, 11-ը մայիսի, 2020թ.

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ Էդմոն Մարուքյանի կրտսեր եղբայրը՝ Էդգար Մարուքյանը իրեն Ֆեյսբուքում հայհոյելու համար պետք է ներողություն խնդրի, «այլապես իր համար լավ չի լինի», Մարուքյանն ասաց՝ իր եղբայրն իր վիզը կտրողին է հայհոյանք ուղղել, իսկ Սասուն Միքայելյանը սպառնալիքներ է հնչեցնում.- «Իմ եղբոր հայտարարությունն ուղղված է այն մարդուն, ով որ իմ վիզը կկտրի, մարդ կա՞, որ վիզս կարող է կտրի, մի քանի օր անցել է, կտրող էիք, եկեք, կտրեք, մի քանի օր անցել է, եղբայրս իր հայտարարությունն արել է, բան ունեք անելու իր նկատմամբ, արեք, էտքան դուխ ունեք, էտ ի՞նչ եք եկել, ամբիոնից սպառնում, մի սպառնացեք, պարո՛ն Միքայելյան, Երկրապահ կամավորական միությամբ, ազատամարտիկներով»:

Այսօր Սասուն Միքայելյանն ասաց՝ չի սպառնացել.- «Երևի, էտ ձև ա հասկացել, ես երբեք որևէ մեկի չեմ սպառնացել»:

Լիլիթ Մակունցը նկատեց.- «Ես Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք, եթե նկատի ունեք, որ նա ասում էր` կամ ներողություն պետք է խնդրի, կամ լավ չի լինելու, ես դա ընկալել եմ բարոյական դաշտում, որը լավ չի անդրադառնալու իր ասածին, պարոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե պարոն Մարուքյանի և թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակության վրա»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքով.- «Կարծում եմ` տրամաբանական չի, երբ Ազգային ժողովի դահլիճում տարբեր դրվագներով իր իշխանական գործընկերներին վիրավորած, հայհոյած անձնավորությունը խոսում է իրեն վախեցնելու մասին, այսքան բան: Ու եկեք անկեղծ բոլորս մտածենք` արդյոք իրոք կայի՞ն պատճառներ` կարծելու, որ պարոն Մարուքյանին ճնշում են կամ վախեցնում են, կարծում եմ` ոչ»:

Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով իշխող «Իմ քայլի» պնդումներին, թե «Լուսավոր Հայաստանը» միջադեպը սադրել է, քանի որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրենքն են ընդունել, հայտարարեց, որ իշխանությունը շահարկում է այս հարցը, և խորհուրդ տվեց սկսել հենց իրենցից՝ ստուգել Սասուն Միքայելյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքը.- «Ապօրինի գույք եք շահարկում, մի հատ Հրազդան քաղաքում Ձեր ապօրինի գույքը գնացեք, հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, մի հատ հիմնավորեք, թե 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսենք: Ինչի՞ մասին է խոսքը: Հա, մոռացա Ալեն Սիմոնյանին. մի հատ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պետք է ապօրինի գույքի օրենքի հետ կապված ստուգվի ծայրից ծայր»:

Սասուն Միքայելյանն ասում է՝ թող ստուգեն:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքը Սերժ Սարգսյանն է ժամանակին ստուգել.- «Կարծում եմ` ինքը պիտի տեղյակ լինի, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ստուգել է Սուքիասյանների գույքը, իսկ մնացած առումով ես հասցեատերը չեմ, կարող է ինքը շատ լավ ճանաչում է Սուքիասյաններին, կարող է ինքը անձամբ դիմել, մնացած առումով Սերժ Սարգսյանն արդեն ստուգել է»:

Ի դեպ, այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը` Էդգար Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով ընդդեմ պատգամավոր Սասուն Միքայելյանի` վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ:

«Առկա է հիմնավոր կասկած, որ Սասուն Միքայելյանը զինված է շրջում, ինչպես նաև նրա հետ կան զինված անձինք, պետք է պարզել նաև, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով կարելի է սպառնալ քաղաքացուն»,- դատախազին ուղղված դիմումում նշել է Էդմոն Մարուքյանի եղբայրը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG