Մատչելիության հղումներ

«Ոչ մեկը այդ իրավիճակում հնարավոր չի, որ կարողանար հստակ վերլուծել». Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին


Անցած շաբաթը սկանդալային էր Ազգային ժողովում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Կատարվածը վարչապետը որակեց «քստմնելի սադրանք»: «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը պնդում է՝ սա իշխանության վերջի սկիզբն է:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Դուք դատապարտո՞ւմ եք Սասուն Միքայելյանի և Ձեր մյուս կուսակիցների կամ խմբակցության մյուս երկու անդամների՝ Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի արարքը: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրանց այդ արարքը, և դատապարտո՞ւմ եք արդյոք:

Անդրանիկ Քոչարյան. – Նախ, արարքը ոչ ոք չի մանրամասն ուսումնասիրել: Բա ինչ է, քննությո՞ւն է իրականացվել, կադրերը մանրամասն ուսումնասիրվե՞լ են: Պարզապես լրատվական դաշտը և հայտնի կայքերը այն տեղեկատվության հետևից գնացին, որը տարածեց նույն Էդմոն Մարուքյանը, որ իրեն հետևից խփել են, բայց հետևից խփելը, կողքից խփելը կամ խփել-չխփելը՝ ոչ մեկը այդ իրավիճակում հնարավոր չի, որ կարողանար հստակ վերլուծել: Եվ երբ որ խփողների մեջ ասում են, օրինակ, Արտակ Մանուկյանի անունը, մի քիչ իմ համար շատ տարօրինակ է, որովհետև ոչ ոք չի կարող պատկերացնել, որ նախ՝ Արտակ Մանուկյանը բացի բաժանելուց ուրիշ բան կարող էր անել էնտեղ, էլ չեմ ասում, որ հարվածեր, էն էլ՝ հետևից, մի քիչ իմ համար ոչ միայն տարօրինակ է, [այլև] ընդունելի չի: Որովհետև այդ կադրերը ես էլ բազմիցս նայել եմ՝ ես հարվածի որևէ դրվագ էդպես էլ չկարողացա գտնեմ: Այս խառնաշփոթի մեջ բոլորը կային, և Ձեզ ասեմ՝ հիմնականում բոլորը հայտնվել էին այնտեղ, որպեսզի, այնուամենայնիվ, տուրուդմփոցը չլիներ: Որովհետև այն, ինչը որ արագության մեջ տեղի ունեցավ, դա չվերածվեց, էսպես, մասսայական կռվի, մասսայական կռիվ չի եղել:

«Ազատություն». – Դուք ասում եք, որ Արտակ Մանուկյանից դժվար թե, և դիտել եք, ասում եք, որ չի երևում, թեև էնտեղ կարծեք թե ինչ-որ մի բան անում է, այնուամենայնիվ, պարոն Մանուկյանը:

Քոչարյան. – Բոլորն են ինչ-որ մի բան անում, նաև՝ մեր մյուս գործընկերը, բոլորը, նաև՝ «Լուսավոր Հայաստան»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերները: Ամենավատ վիճակում հայտնվել էին կին պատգամավորները, որոնց համար հասկանալի չէր՝ էս խառնաշփոթը ոնց պետք է ավարտվի, որովհետև բոլորին թվում էր, որ էս խառնաշփոթը վեր է ածվելու մասսայական ծեծկռտուքի, իսկ ծեծկռուտքի մասսայական վերածվելու որևէ հնարավորություն ոչ մեկը թույլ չէր տալու, նաև՝ նույն իմ գործընկերը՝ Սասուն Միքայելյանը, կամ մյուս գործընկերները, չէին լինելու: Պարզապես էդ խառնաշփոթը, որպես կանոն, երբ որ սկսվում է, նա պետք է ինչ-որ ձև կանգնի և շարունակություն չունենա: Կանգնեց, հետո սկսվեց երկրորդ հատվածը, որը էլի անհասկանալի դրվագ էր, բայց դա էլ ավարտվեց, հիմա էլ գնում է արդեն դատապարտման պրոցեսները:

Ես կարծում էի, որ ժամը 2-ն անց կես Էդմոն Մարուքյանի ելույթը պետք է լիներ այլ կառուցվածքի, բայց ինքը դրեց ինչ-որ պայմաններ, լքեցին դահլիճը: Հիմա, իրենց իրավունքն է, հիմա տեսնենք՝ երկուշաբթի օրը իրենք ոնց են արդեն վերադառնալու այդ պայմանների հետ կապված, իրենց տեսակետը ինչպես ձևակերպեն, երբ որ դրանից հետո հանրապետության վարչապետը բավականին հստակ ներկայացրեց, թե ըստ էության քաղաքական ինչ գնահատական կարելի էր տալ այդ երևույթին, ընդհանրապես՝ ավելի խորքային:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG