Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը պնդում է՝ իշխանության վերջի սկիզբն է, «Իմ քայլ»-ից հակադարձում են


Ծեծկռտուքը Ազգային ժողովում, 8-ը մայիսի, 2020թ.

«Նիկոլ Փաշինյանը խրախուսում է իր թիմի գործողությունները», - խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին հաջորդած վարչապետի արձագանքին կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում անդրադարձավ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Կարծում է՝ եթե դահլիճում եղած վարչապետը սաստեր իր թիմին, ծեծկռտուքը կդադարեր:

Երեկ խորհրդարանում ծեծկռտուք էր սկսվել իշխանական Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի միջև, դրան միացել էին երկու խմբակցությունների պատգամավորները, տեսանյութերում երևում է, թե ինչպես էին երկու «Իմ քայլ»-ական պատգամավորներ ևս հարվածում Մարուքյանին։

«Սկզբից ես մտածում էի, որ իրանք իրանց լիդերին չեն հարգում, իրանց լիդերի մոտ ո՞նց են իրանց պահում՝ երկրի վարչապետի մոտ, հետո իրա ելույթից հետո հասկացա, որ ինքը խրախուսում ա էդ ամեն ինչը, ի՞նչ կա ըտեղ չհարգելու: Իրանք միասնաբար են էդպես մտածում՝ ծեծեն, ջարդեն, փշրեն, էսօր ազդարարեց... », - հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը՝ շարունակելով. - «Ինչ ուզում եք արեք: Մենք որևէ մեկի վրա չենք հարձակվի՝ բացառված ա, մենք ցիվիլ ուժ ենք: Բայց ուզում եմ տեղեկացնեմ՝ ունենք բավարար ռեսուրս պաշտպանվելու»:

«Իրանց վերջի ժամացույցը էս ելույթով հիմնադրվել ա, այսինքն՝ նաև էսօրվա տեղի ունեցածով», - պնդեց Մարուքյանը:

Ծեծկռտուքին ականատես եղած վարչապետը տեղի ունեցածը «քստմնելի սադրանք» էր որակել, որի նպատակն է «խեղճացնել քաղաքական մեծամասնությանն ու քայքայել ժողովրդի վստահությունը իշխանության հանդեպ»: Կապել էր վերջերս ընդունված ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ. - «Որովհետև երբ որ էդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»:

«Ես չեմ կարող էդքան ընկնեմ, որ արձագանքեմ էս թուլափայ-մուլափային, չգիտեմ՝ ում նկատի ունի: Մեծ սուտ ա, մեծ սուտ, որ մենք ապօրինի գույքի [բռնագանձման օրենքի] հետ կապված ենք: Նախորդ իշխանություններով ձեզ անդադար վախացնում են, որ ձեզ կոնսոլիդացնեն գործող իշխանության շուրջ, բայց գործող իշխանությունը իր՝ ամենօրյա ռեժիմով արած սխալներով մսխում է ձեր վստահությունը: Ապաշնորհ իշխանություն ա, և էս ապաշնորհ իշխանությունը էս ձևով ապականելու է ամեն ինչ», - իր ուղիղ եթերում պետության ղեկավարին հակադարձեց ընդդիմադիր գործիչը:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարն անդրադարձավ նաև Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որը վերաբերում էր վարչապետի հետ նախօրեին ունեցած առանձնազրույցին։ Դրանից հետո Մարուքյանը լրագրողներին ասել էր, թե ներքաղաքական խնդիրներին անդրադարձ չի եղել, իսկ Փաշինյանն իր ելույթում հակառակը պնդեց՝ այդ հանդիպման ժամանակ նրան ասել է՝ հիմքեր ունեն կասկածելու, որ «Լուսավոր»-ը իր գործունեությամբ գործող իշխանության դեմ տարվող հոգեբանական և ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է:

Դատապարտող հայտարարության հետ մեկտեղ Փաշինյանը երեկ նաև ասել էր՝ «իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից»:

Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այլ խոսակցություն է եղել, ինքն ասել է՝ «մենք ենք հաջորդ իշխանությունը», ու եզրակացրեց՝ կարող է դա՞ են ծանր տարել։ «Վարչապետը որևէ բան չի ասել ինձ ինչ-որ ֆիզիկական, հոգեբանական, նեյրոլինգվիստիկ բռնությունների մասին: Իմ աչքերի մեջ նայելով ասեց՝ «այո, մենք կասկածում ենք, որ դուք կարող ա նախորդ իշխանությունների հետ ինչ-որ կապեր, նման բան»: Իրա աչքերի մեջ ուղիղ նայելով ասեցի, ասեցի՝ «Նիկոլ ջան, մենք բացառվում ա, որ մեր ժողովրդի վստահությունը, մեր կրեդիտը որևէ մեկի ոտների տակ մատաղ անենք», ու ես ասեցի, որ մենք մեզ պատկերացնում ենք որպես հաջորդ իշխանություն: Ես դուրս եկա, քանի որ ես իրան հրավիրել էի Արցախի հետ կապված հարցով, Արցախի հարցով իմ ասելիքը ասեցի, և ես չեմ կարծում, որ ես պետք ա հետո շարունակեի պատմել, ասեի՝ «նայեք, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մենք կասկածում ենք, բան»: Էդ Նիկոլ Փաշինյանը ամեն օր ասում ա», - նշեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կասկածում է Էդմոն Մարուքյանի խոսքերի ճշմարտացիությանը՝ հղում անելով հենց Փաշինյանի պատմածին.- «Ակնհայտ ստում է՝ ասելով, որ ոչ մի ներքաղաքական հարց չի քննարկվել, և երեկ իր ուղերձում նա ասում է, որ «եղել են հարցեր, քննարկել ենք, ուղղակի հո չէի ասելու, որ Նիկոլ Փաշինյանը մեզ էսպիսի, էսպիսի, էսպիսի բաներ է ասել»: «Հիմա հարց՝ էդ բոլոր քաղաքացիները, ովքեր վստահության քվե են տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, Էդմոն Մարուքյանին, արդյո՞ք ունեն հիմնավոր կասկածներ՝ կասկածելու, մտածելու, որ Էդմոն Մարուքյանը ինչ-որ, ինչ-որ համաձայնության է եկել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ և հիմա լռում է», - շեշտեց իշխող խմբակցության պատգամավորը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, հեղափոխության ակտիվ մասնակիցներից Լևոն Բարսեղյանը կարծում է՝ իշխող ուժի հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետինը, համահարթեցնող էին, թե բոլորն են մեղավոր։ Երեկվա տեղի ունեցածում ինքը ավելի շատ մեծամասնության մեղքի բաժինն է տեսնում՝ նրա՛նք պետք է խնդիրները կարգավորեին ու կանխարգելեին։ Սադրանքը, կարծում է, ձեռնամարտի բռնվելու պատճառ չէ, պառլամենտում հարցերը խոսքով պետք է լուծվեն։

«Նույն այդ ընդդիմության մարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ ընդդիմություն էին խորհրդարանում, իրենք էլ էին ծայրահեղ քննադատում Հանրապետականին: Եթե ինչ-որ փաստ կա, որ սնուցվում է ընդդիմադիր այսինչ ուժը այսինչ ստվերային աղբյուրներից, պիտի հրապարակվի էդ ամբողջը, քան թե էդ ամբողջը մնա ասեկոսեների մակարդակով: Քննիչ հանձնաժողով կամ ինչ-որ մի բան, էթիկայի հանձնաժողով անշուշտ, ընդհուպ մինչև մանդատներից զրկելը: Էդ վարք չէ: Ես կարծում եմ, որ Սասուն Միքայելյանը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ այնպիսի պատասխանատվության, որ հանրությունը ասի՝ այ սա արդար է, և սա իսկապես կանխարգելում է համանման դեպքերը հետագայում», - ընդգծեց Բարսեղյանը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց՝ այն քննարկումներին, որոնց ինքը ներկա է եղել, ծեծկռտուքին մասնակցած պատգամավորների մանդատները վայր դնելու հարց չի քննարկվել։

Խորհրդարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական գործ այս պահին հարուցված չէ։ Գլխավոր դատախազությունում երեկ ուսումնասիրություն են սկսել, այն դեռ շարունակվում է։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Դատախազությունից՝ իրավապահներին դիմում չի եղել, ուսումնասիրությունը սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ մամուլի հրապարակումների հիման վրա։

«Ազատության» հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց՝ իրավապահներին անձամբ դիմելու կարիք չի տեսնում՝ ամեն ինչ եղել է հրապարակային։ Երեկ լքելով նիստերի դահլիճը՝ ընդդիմադիր «Լուսավոր»-ից հայտարարեցին՝ իշխանության քաղաքական գնահատականներով ու հետևանքներով պայմանավորված կորոշեն՝ ինչպես են աշխատելու խորհրդարանում։ Մարուքյանի խոսքով՝ վերադարձի հարց չեն քննարկել։

XS
SM
MD
LG